Արցախում սննդամթերք ու հատկապես հաց գնելը մեծ խնդիր է դարձել: Այս օրերին հացի խանութների մոտ բազմաթիվ հերթեր են, իսկ սոցիալական ցանցերում արցախցի կանայք միմյանց հարցնում են՝ «Հաց շտեղ կա՞» (հաց որտե՞ղ կա):
«Տոտալ բլոկադա, սննդի սուր դեֆիցիտ, լույսի բացակայություն», -իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախցի Մարիամ Աբրահամյանը, որը «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիրներից է:
Կազմակերպությունը մի խումբ երիտասարդ կանայք ստեղծել են շրջափակման ծանր օրերին և փորձում են սեփական ռեսուրսներով լուծումներ տալ տարբեր խնդիրների: «Նպատակը այս պահին Արցախի մայրերի ծանր առօրյան մի փոքր ավելի դյուրին դարձնելն է, իսկ կարևորը մայրերի փոխօգնության գաղափարն է», —Forrights.am-ին ասում է կազմակերպության հիմնադիրներից Տաթևիկ Խաչատրյանը:
Կազմակերպության գործունեության շրջանակներում երիտասարդ կանայք փորձում են օգնել մյուս կանանց՝ տրամադրելով ծնողավարման ու ընտանիքի պլանավորման մասին գիտելիքներ, կազմակերպել արշավներ վերարտադրողական առողջության, երեխայի խնամքի ու դաստիարակության հարցերի վերաբերյալ, ավելացնել հղիների գիտելիքները, պատրաստել նրանց մայրությանը և ընդհանրապես, խոսել կանանց հետ, օգնել հաղթահարել շրջափակման սթրեսը:
«Շրջափակման ծանրությունն առավել սուր զգացնել է տալիս հատկապես մանկահասակ երեխաների ընտանիքներում։ Դժվար ձմեռ ենք հաղթահարել, իսկ եթե այս տոտալ շրջափակումը շարունակական լինի, ապա ապագան, մեղմ ասած, մտահոգիչ է։ 6 ամիս է թերսնված են մեր երեխաները, զրկված մասնագիտացված բուժօգնություն ստանալու տարրական իրավունքից», -ներկայացնում է Տաթևիկը:
Ստեփանակերտում խանութները գրեթե դատարկ են, սննդամթերքի հարցը լուրջ է՝ բանջարեղեն, միրգ, կաթնամթերք, ձեթ, շաքարավազ չկա։ Ձավարեղենից կա միայն բրինձ և հնդկաձավար: Ըստ պաշտոնական տվյալների, ցորենի որոշ պաշար կա: Թռչնամիսը սպառման եզրին է, բայց Տաթևիկն ասում է, խանութներում դեռևս կարմիր միս հնարավոր է գտնել։ Սննդամթերքի պակասը նաև վառելիքի բացակայության հետևանք է, քանի որ եղած քիչ ծավալի գյուղմթերքը հնարավոր չէ հասցնել սպառողին:
Ի դեպ, դիզելային վառելիքի պակասի պայմաններում հանրային տրանսպորտը կրճատված է, և մտավախություն կա՝ եթե երկարեց այս վիճակը, ապա հանրային տրանսպորտը ևս կդադարի գործել:
«Այս զրկանքներին այնուամենայնիվ դիմանում էինք արժանապատվորեն, սակայն օրերս տեղի ունեցածը շատերիս է թևաթսփ արել։ Միշտ ասում ենք` ամեն ինչ դիմանալու է, միայն թե զոհեր չլինեն, բայց արի ու տես, որ Ադրբեջանի կապրիզով մեկ օրում 4 տան ճրագ է մարում… Սրան գումարվեց նաև ժամկետային զինծառայող Երվանդի մարմնի տեղափոխման անհնարինությունը, որն այս պահին հոգեբանորեն ամենադաժանն է շրջափակման պայմաններում։ Փառք աստծո, Արցախի պետնախարարը, խոսելով այս մասին, նշեց, որ ամեն ինչ արվում է մարմնի տեղափոխումը հնարավոր դարձնելու համար», -ասում է Տաթևիկ Խաչատրյանը։
Շրջափակման մեջ, նրա խոսքով, Արցախում երեխաների բոլոր իրավունքներն են ոտնահարվել՝ կրթական, առողջական, սեփական համայնքում ու ընտանիքում անվտանգ ապրելու:
«Դաժան է այս ամենին ականատես լինելը որպես ծնողի, բայց այլ տարբերակ չունենք, քան պայքարելն ու դիմանալը, քանի որ այլընտրանքը, այսպես կոչված, ինտեգրացիան է, որն իրականում ոչ այլ ինչ է, քան Արցախի ապահայկականացում, որը թույլ տալ չենք կարող։ Եթե սա է ինքնորոշման գինը, մենք պատրաստ ենք վճարել։ Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը մեր արժանապատվությունը ոտնակոխ անող ռեպորտաժ էր պատրաստել, որտեղ մեզ համեմատում է վայրի կատվի հետ, ում սոված փակելով իր բնում, կամաց-կամաց հարմարեցնում են… Եվ հետաքրքիրն այն է, որ սա հեշտությամբ մարսում է միջազգային հանրությունը` ճիշտ այնպես, ինչպես մարսվեց հայ զինվորների նվաստացուցիչ բացօթյա թանգարանը Ադրբեջանում: Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ կենդանիների իրավունքների համար ավելի մեծ աղմուկ կարող է բարձրացվել, քան 120 հազար մարդու ապրելու իրավունքի ոտնահարումը, այդ թվում` 30 հազար երեխայի, որոնք հալածվում են պարզապես հայ լինելու համար», -մտահոգություններն է արտահայտում երիտասարդ կինը։
Դժվար պայմաններում չգիտեն՝ էլ ինչ սպասել: Չգիտեն նույնիսկ՝ ինչ անել: Գիտեն, որ խնդրի լուծումը կարող էր լինել միջազգային հանրության աջակցությունը Արցախին, բայց փոխարենը անտարբերություն է: «Մենք փաստորեն այս սարսափելի իրավիճակում մենակ ենք մնացել, Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախից, իսկ ռուս խաղաղապահներն էլ ենց գործառույթը գրեթե չեն կարողանում իրականացնել։ Այս ամիսների ընթացքում փորձել ենք քաղաքացիական ակտիվության, մեդիայի և այլ մեղմ մեթոդներով խնդրի վրա ուշադրությում հրավիրել և օգնություն հայցել, բայց արդյունքում ստացել և ստանում ենք միայն սփոփանքի խոսքեր, որոնք չես կարող տալ սոված երեխայիդ, որ կուշտ քնի»,- ասում է Տաթևիկը:
Հասմիկ Համբարձումյան
լուսանկարը՝ Մարութ Վանյանի
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: