Դեռևս խորհրդային ժամանակներից եկած ավանդույթի ուժով խուզարկությունները հայաստանյան բերդերում արգելված իրեր, առարկաներ, նյութեր հայտնաբերելուց բացի նպատակ ունեն վախեցնելու դատապարտյալներին, օգտագործվում են որպես պրոֆիլակտիկ գործողութուն և ուղեկցվում են ավերածություններով։
Դատապարտյալները սա ընդունում են որպես ընդունված չգրված կարգ։ Իհարկե, գտնվում են նրանց թվում այնպիսիք, ովքեր փորձում են բողոքել սարսափազդու այս միջոցառման ձևի դեմ։ Մեր զրուցակիցը՝ բերդի 4-րդ մասնաշենքում պահվող դատապարտյալ Մեխակ Գրիգորյանը նրանց թվում է։ Երեկ նա զանգահարեց մեզ «Նուբարաշենի» տաքսոֆոնից ու հայտնեց, որ իր խուց են մտել հիմնարկի աշխատակիցները և ջարդուփշուր են արել «կամերը»։
Քրեակատարողական ծառայության կայքից տեղեկանում ենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օրերս խուզարկություններ են իրականացվել։
«Ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման և շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողների կողմից իրականացվել են խուզարկություններ: Մասնավորապես «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները թերապևտիկ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի սառնարանի հետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, և լիցքավորման լար: Իսկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են 5 բջջային հեռախոս, 4 բաժանորդային քարտ և լիցքավորիչ», — հաղորդում է Քրեակատարողական ծառայությունը:
Ըստ Մեխակ Գրիգորյանի, առանց որևէ բացատրություն տալու, խուզարկության եկած աշխատողները, որոնց թվում են եղել ՔԿՀ պետի տեղակալները, սկսել են հարվածներ հասցնել պատերին, հատակին։ «Մտել են, կամերը ջարդուփշուր են արել։ Հարցրեցին ՝ չթույլատրվող իրեր ունե՞ք, ասել են, որ չթույլատրվող իրեր եք ծախել, տո լի ինչ եք արել։ Ասեցինք՝ ոչ մի իրեր չունենք, ասեք, ինչ ենք կոնկրետ արել, իմանանք, ինչի եք ջարդում։ Բա՝ սենց պւիտի լինի։ Ու մենակ մեր կամերն են մտել», — պատմում է Մեխակ Գրիգորյանը։
Ըստ նրա, բերդի աշխատակիցները վնասել են 004 խցի պատերը , ջարդել են եղած աղքատիկ գույքը՝ փոքր պահարաններն ու աթոռները, անգամ հատակի սալիկներն են կոտրել։ «Որ գաք, տեսնեք, կասեք՝ էս ինչ խոզեր են էստեղ մնում։ Էնպես են ավիրել», — ասում է դատապարտյալը։
Վերջին շաբաթվա ընթացքում սա «շմոնի» արդեն երկրորդ դեպքն է այս նույն՝ 004 խցում։ Այստեղ 4 դատապարտյալներ են բնակվում, որոնք առանց այդ էլ ճնշված վիճակում են, և խցի կահավորանքը, կարգուկանոնը, մաքրությունը նրանց համար կարևոր են։ Այժմ փլատակի վերածված խցի պատկերն ավելի է խորացնում մարդկանց վատ տրամադրությունը, թևաթափ է անում։
Դատապարտյալները դիմել են Մարդու իրավունքների գրասենյակ, սակայն այն տեղից իրենց պատասխանել են՝ դիմեք ձեր պետին։ «Ասում են՝ գրավոր ներկայա ցրեք։ Էլի գրավոր ներկայացնենք, բայց օպերատիվ միջամտությւոն է պետք։ Բա չիմանանք, ի՞նչ ա կատարվում։ Ես պետին էլ եմ դիմել, ասում եմ՝ ինչն է պատճառը, ինչու եք մտնում, մեր խուցն ավիրում։ Ասում է՝ լավ եմ անում, տենց ա պետք», — գանգատվում է Մեխակ Գրիգորյանը։
Մենք դիմեցինք քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանին, հարցրեցինք, թե ինչ է կատարվել խցում և ինչու էր անհրաժեշտ ջարդել կահույքը, հատակի սալիկները, պատերը։
«Երեկ՝ մայիսի 4-ին, ՀՀ ԱՆ <<Նուբարաշեն>> քրեակատարողական հիմնարկի խցերում իրականացվել են չնախատեսված խուզարկություններ արգելված իրեր և թաքստոցներ հայտնաբերելու ուղղությամբ։ Հավելեմ,որ խուզարկության ընթացքում խցերում առկա գույքի վնասման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արգելված իրեր հայտնաբերելու համար իրականացվող չնախատեսված խուզարկությունները կրում են պարբերական բնույթ», — պատասխանեց խոսնակը։
Հ․ Գ․ Ի դեպ, այսօր տարածված հաղորդագրությունից ակնհայտ է, որ ավերածությունները ոչ մի արդյունք չեն ունեցել։ «Նուբարաշենում» թմրանյութեր, կամ արգելված իրեր, ինչպես երևում է վերը բերված հաղորդագրությունից, չեն հայտնաբերվել։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: