Ցմահ դատապարտյալ Արամ Առաքելյանը կյանքի 50 տարիներից 30-ը բերդերում է անցկացրել՝ «Նուբարաշենում», «Գորիսում», «Կոշում», «Արմավիրում», “Սեւանում”։

Կալանավայրերում Արամ Առաքելյանը կես մարդ է դարձել։ Կորցրել է առողջությունը: Մեկ տարի առաջ գլխուղեղի սուր իշեմիկ կաթված է տարել, գլխուղեղի վիրահատություններ։ Դեմքի կեսը անշարժ է, խոսքը՝ թերի։ Եւ այս վիճակով ստիպված է անվերջ պայքարել, դիմումներ ու բողոքներ գրել։ Այդ գրագրության վերջը չի երևում։

ՀՀ կառավարության 2006 թվականին ընդունված և 2019 թվականին էլ  փոփոխված N 825-Ն որոշմամբ «ուղեղի արյան շրջանառության հեմոռագիկ, իշեմիկ, կամ խառը սուր խանգարումները» ընդգծված են  կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։ Առաքելյանը բազմիցս դիմել է պատկան մարմիններին իրեն ազատելու խնդրանքով։ Միակը, ինչի հասել է, հաշմանդամության երկրորդ կարգի տրամադրումն է։

Դատապարտյալը դիմել է նաև իր պահման ռեժիմը մեղմացնելու, իրեն միջին անվտանգային գոտուց ավելի ցածր գոտի տեղափոխելու համար։

Անցյալ տարի հոկտեմբերին  “Սեւան” քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը համապատասխան միջնորդագիր է ներկայացրել, սակայն  , քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովը մերժել է միջնորդությունը։ Մերժման պատճառն առնվազն զավեշտալի է․պարզվում է, ծանր հիվանդ դատապարտյալի պահման ռեժիմը չեն ցանկանում մեղմել այն  պատճառով, որ նա 2022 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 28-ը չի մասնակցել հիմնարկում անցկացվող մարզական միջոցառումներին։

Արամ Առաքելյանը բողոքարկել է դատարանում ՔԿԾ տեղաբաշխման հանձնաժողովի որոշոմը։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշման մեջ նշել է, որ հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 28-ը Արամ Առաքելյանը ունեցել է առողջական լուրջ խնդիրներ, եղել է դիսպանսեր հսկողության տակ, մի շարք հետազոտություններ է անցել, և տեղաբաշխման հանձնաժողովի եզրակացությունը չի կարող համարվել իրական և դատապարտյալի վարքը բնութագրող։ Դատարանը նշել է, որ իրավասություն չունի բեկանելու տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը և պարտավորեցնել դատապարտյալին ավելի ցածր անվտանգային գոտի տեղափոխել, սակայն սահմանել է պարտավորեցնել քրեակատարողական ծառայությանը վերացնել իր արձանագրած  խախտումները։

Տեղաբաշխման հանձնաժողովն էլ նորից հավաքվել է, ուսումնասիրել է դատարանի որոշումը, այն մի կողմ է դրել և կրկին որոշել է մերժել դատապարտյալին։

«Տեղաբաշխման հանձնաժողովն ակնհայտ արհամարհել է դատական ակտը։ Դատարանը  հստակ ասում է, որ միջոցառումներին չմասնակցելն ու ցանկություն չհայտնելը աշխատանքներին մասնակցելը չի կարող գնահատվել որպես իրավաչափ և անհրաժեշտ հիմնավորումներ։ Բայց իրենք հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 28-ը միջոցառումներին չմասնակցելն ու աշխատանքներին մասնակցելու ցանկություն չհայտնելը դրել են որոշման հիմքում ու չեն տեղափոխել դատապարտյալին», — ասում է «Լրագրողներ հանուն մարդու իրավուքնենրի» կազմակերպության փաստաբան Մոնիկա Մարգարյանը։

Ըստ փաստաբանի, դատարանի որոշումը չի  կատարվել․ «Ստացվում է որ արդարադատության նախարարությունը ակնհայտորեն արհամարհում է դատական ակտը»։

«Ի թիվս Արամ Առաքելյանի խախտված իրավունքների դատարանը արձանագրել էր, որ խախտվել է նաև նրա տեղեկացված լինելու իրավունքը, նրան իր առողջական վիճակի մասին ժամանակին չեն տեղեկացրել։ Վարչությունն էլ կպել էր էդ մի տողից, վերացրել է այդ խախտումը, նորից քննարկել ու նորից էր մերժել։  Բայց կարևորն է, որ դատարանը արձանագրել է, որ անհիմն են, բավարար չեն քրեակատարողական ծառայության կենտրոնական ապարատի պատճառաբանությունները դատապարտյալի դիմումը մերժելու համար։ Սակայն  սրան տեղաբաշխման հանձնաժողովը չի էլ անդրադարձել”, — ասում է ՔԿԾ համակարգին մոտ կանգնած իրավաբաններից մեկը, ով չի ցանկանում իր անունը նշել։

Մեր զրուցակիցը խորհուրդ տվեց տեղաբաշխման հանձնաժողովի նոր որոշումը կրկին բողոքարկել։ Այժմ հիվանդ, տանջված, կաթվածահար դատապարտյալը պատրաստվում է կրկին բողոքարկել հանձնաժողովի որոշումը և չինովնիկական թղթաբանության դժոխքի նոր շրջանակով անցնել։

Արամ Առաքելյանի մայրը՝ Ռոզա Առաքելյանը, չի հասկանում, թե ինչու է որդին անընդհատ մերժումներ ստանում։ «Թղթերում ոչ մի բացասական բան չկա։ Թե հիմնարկի կողմից, պետը, տեղակալները, սոցիալ-հոգեբանները՝ բոլորը դրական են նրան գնահատում։ 30 տարի առաջ լավ բան չի արել, դրա համար 30 տարի նստել է ու դաժան կյանք է տեսել։ Գիտեք, թե 90-ականներին ինչ դաժան օրեր էին կալանավայրում։ Եթե օրենքի մեջ գրած է, որ եթե մարդը իրավունք ունի 20 տարի հետո աստիճանաբար ռեժիմները մեղմացնելու, ինչո՞ւ պետք է բաց ռեժիմ դուրս չգա։ Ի՞նչն է պատճառը՝ չենք հասկանում։ Գլխի ցավերով, հիվանդ վիճակում ի՞նչ շախմատի մրցումների մասնակցեր, ինչ ֆիզկուլտուրա աներ։ 30 կիլո գիպս եմ առել, որ էդ մարդը բերդում գլուխը կախ՝ իր արձանիկները սարքի։ Էդ մարդու աշխատանքը դա է, դա է կարողանում, դա է անում։ Ի՞նչ անեմ,  իմ հիվանդ, պրիստուպների մեջ երեխին հանեմ ցցի վրա՞ կանգնացնեմ,  որ էդ մարդիկ հասկանան, որ լավ չի։ Վերջին խոսքը դատավորինն է, չ՞է, դատավորը որոշում է, վարչությունը մերժում։ Ո՞վ է տեսել նման բան»,  — ասում է մայրը այնպես, կարծես, ոչ թե 50 տարեկան տղամարդու, այլ 10 տարեկան տղայի մասին խոսի։

Տիկին Ռոզան ապրիլի 27-ին գնալու է ընդունելության քրեակատարողական ծառայություն, տեսնի իր որդուն մերժողներին ու հասկանա, թե ինչ են ուզում իրենից։

Սյուզան Սիմոնյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest