Գեղարքունիքի մարզի Սոթքի ուղղությամբ իրավիճակը վերջին երեք օրերին լարված է։ Ադրբեջանական զինուժն ապրիլի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին կրակել են հանքի ուղղությամբ՝ ոսկու հանքավայրը չի կարողանում վերադառնալ բնականոն աշխատանքին։
Սոթքի ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունից հայտնում են, որ շաբաթ օրն առավոտյան են դադարեցրել աշխատանքերը, որը հնարավոր չի եղել վերականգնել երկուշաբթի օրը ներառյալ։ Ընկերությունից հայտարարել են, որ ադրբեջանական կողմը կրակոցները սկսում է, երբ աշխատակիցները փորձում են մուտք գործել հանքի տարածք, ինչից հետո աշխատակիցներին արագ տարհանում են։
Այս օրերին, ըստ Սոթքի բնակիչներից մեկի, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։ Forrights.am-ի զրուցակիցն ասաց, որ չնայած այդ հանգամանքին գյուղում լարվածություն կար։
«Այս քանի օրը լարված էր, շատ լարված էր։ Մայրերից մի քանիսը երեխաների հետ դուրս են եկել։ Երեխատերերը գնացել են, բայց որ հանդարտվել է, հետ կգան։ Անընդհատ կրակոցներ են եղել, բայց այսօրվանից խախանդ է (երկուշաբթի երեկոյան,-հեղ)»,-ասաց մեր զրուցակիցը։
Սոթքի բանկիչը փոխանցեց, որ թշնամին միաժամանակ բոլոր կողմերից է կրակ բացել։ «Հանքի աշխատողներին դուրս էին հանել, կրակել են հանքի ու մեքենաների վրա, հիմա հանգիստ են։ Իրենց պոստերից՝ չորս կողմից կրակում էին։ Ահագին իջել էին մեքենաների վրա են խփել»,-ասաց նա՝ նշելով, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։
Մեր զրուցակից փոխանցեց, որ Սոթքի բնակիչները վերջին մի քանի օրերին խուսափել են խոշոր եղջերավորներին արոտավայր տանել։ «Անասուններին այդ օրը չենք հանել, պահել ենք գոմում»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին էր թիրախավորել Սոթքն ու այլ բնակավայրեր։ Գյուղում ոչնչացվել էին ոչ միայն ռազմական նշանակության օբյեկտներ, այլ նաև քաղաքացիական՝ այդ թվում, բնակելի տներ։ Հայկական կողմն այդ օրերին մարդկային ու տարածքային կորուստներ էր ունեցել։ Forrights.am-ը դեռ 2022 թվականի դեկտեմբերին էր հայտնել, որ սեպտեմբերին տեղի ունեցած մարտական գործողություններին զոհված Շիրազ Խաչատրյանի մարմինը չեն կաողանում փոխանցել ընտանիքին։ Նա նույն մարզի Փոքր Մասրիկ գյուղից է։
Սոթքի ուղղությամբ կրակոցներին ապրիլի 17-ին անդրադարձել է նաև Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։ Տարածված հաղորդագրությունում նշվում է․ «Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»։
Նշենք, որ պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում հակասություններ կան, քանի որ, թե հանքի ներկայացուցիչ, թե Սոքի բնակչի տեղեկություններով կրակոցներ եղել են նաև երկուշաբթի օրը։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: