Ես չէի կասկածում, որ Փաշինյանը ոչ մի պատկերացում չունի, թե ինչպես տնտեսապես խելքի բերի էս երկիրը: Հիմա էլ որոշել է աշխատացնել Մեղրիի Լիճք գյուղի հանքը: Ես ապրել եմ այդ գյուղում մոտ 3 տարի: Դա հայաստանյան բնության լավագույն անկյուններից է, այնտեղ գույները նույնիսկ տարբերվում են Հայաստանի այլ գեղատեսիլ վայրերի գույներից:

Իշխանություններն, իհարկե, որքան կարողացել են, արդեն փչացրել են այդ արգելավայրը: Բայց իշխանությունն իշխանություն չէր լինի, եթե չորոշեր բնության հերն անիծելու գործը հասցնել մինչև վերջ: Հանքն ուզում են բացել: Հանքավայր բացելը տոկոսով փող տալու նման մի բան է, դու տանը վեր ես ընկնում, տոկոսը գալիս է: Դու ունես երկու բան՝ բնություն ու «մոլիբդեն»: Բնությունը հավերժ է, մոլիբդենը՝ ժամանակավոր: Բնությունը գրավում է աշխարհին, մոլիբդենը ունի սահմանափակ շահառուներ: Բնությունը միշտ կանչում է, հրավիրում է ամառ, թե ձմեռ, մոլիբդենը վանում է, որովհետև տարածքը անապատանում է: Եթե էդ տարածքում ուղտ չունես, կփախչես: Էդ տարածքից կփախչեն նույնիակ կենդանիները:

Լիճքի վրա ձեռք բարձրացնելը Հայաստանի վրա ձեռք բարձրացնել է, սա արդեն ադրբեջանցու ագրեսիա չէ, որ ասես՝ պատերազմն անխուսափելի է, սա «Զանգեզուրի միջանցք» չէ, որ ասես՝ հա, ի՞նչ, ճանապարհ է՝ տալիս ենք: Սա այն է, ինչը մեկ այլ բանով լրացնել չես կարող: Սա քո կենսատարածքի ոչնչացում է: Ու ոչ միայն՝ քո: Այստեղ կյանքի իրավունքի համար կռիվ են տալիս արջեր, վարազներ, այստեղ ըստ եղանակի նույնիսկ կովկասյան հովազն է զբոսնում:

Իշխանությունն ի՞նչ է անում: Չէ, էսպես ասեմ՝ ժողովրդի իշխանությունն ի՞նչ է անում: Նա ասում է՝ ես Հայաստանը չեմ կարող թողնել գեղեցիկ և հարուստ, կարող եմ դրանցից մեկն անել: Գեղեցիկը չի կերակրում: Փոխարենը կերակրում է հարստությունը: Հանքը հարստություն է, որը մեզ կկերակրի:

Հասկանու՞մ եք ինչի մասին է խոսքը: Խոսքն այն մասին է, որ դու վերջապես քո ձեռքով իշխանություն ես փոխում, որ իշխանավորի քմահաճույքով իմ կենսատարածքը չոչնչանա, նա գալիս է ու ասում է՝ կոչնչացնեմ քո քվեով: Նայում ես նախընտրական ծրագիրը, տեսնում ես, որ այնտեղ Լիճքը հանք սարքելու մասին խոսք չկա: Բայց սարքում է, որովհետև ուրիշ ձև չի կարողանում փող ստեղծել, նույնիսկ փախչող կապիտալ չկա էս երկրից, որովհետև փող չկա, որ փախչի:

Եթե սա ժողովրդի իշխանությունն է անում, դու արդեն չգիտես, թե ում հետ կռիվ անես, Ալենի նման հիմնական փաստարկը գրպանում դրած է՝ օրինական իշխանությունը ձեռնարկում է օրինական քայլեր: Այսինքն, ինչ անում են, օրինական է: Թքում են մարդու վրա, օրինական է, հանք են բացում, օրինական է: Բայց ոչ մարդու վրա թքելու համար են իշխանության եկել, ոչ էլ հանք բացելու:

Ուղղակի այս մարդիկ եկել են ու տեսել՝ իրենք անձամբ չեն կարող այնպիսի տնտեսություն ստեղծել, որը հանքարդյունաբերության վրա չի նստի: Սերժից դա են սովորել՝ թվեր գրել հանքարդյունաբերության զարգացմամբ: Ու խոսել տնտեսական աճից:

Հիմա հեղափոխությունից 5 տարի հետո մնում է հիշել, թե ինչի՞ համար էր պայքարը, եթե քաղաքացին կա, իսկ Հայաստանը կարող է չլինել: Ու երբ ասում են ապագա կա, քաղաքացու մասին է, բայց ոչ Հայաստանի՞: Մենք փաստորեն կանգնած ենք Հայաստանի վերջին ապագայի առաջ:

Մհեր Արշակյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest