Ադբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ, դեռ ավելին՝ ամրանալ Սյունիքի մարզի Տեղ համայնքում։ «Մտել են, 100-150 հեկտար էդ մարդկանց վարելահողերն ու արոտավայրերը վերցրել», -Forrights.am-ին ասում է Տեղ համայնքի ավագանու անդամ, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը։
Դիտարկմանը, թե Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, թե «ճշգրտման արդյունքում իրավիճակը բարելավվել է», ավագանու անդամը արձագանքում է․ «Ցավդ տանեմ, բարելավումը ես սենց եմ հասկանում․ եթե առաջ են եկել, մարդկանց հողերը զավթել, ապա դրանք պետք է վերադարձվեին։ Բարելավելը ո՞րն է, որ մարդկանց հողերի մեջ 11-րդ պոստն են արդեն դրել, ու ակտիվ ինժեներական աշխատանքներ են տանում։ Մարդիկ չեն կարում գնան իրանց արոտավայրեր»։
Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածք ադրբեջանական ներխուժման մասին առաջին անգամ հայտարարվեց մարտի 30-ին, այն բանից հետո, երբ երբ Աղավնոյով Լաչինի նոր միջանցքին միացող ժամանակավոր ճանապարհը փակեցին․ առավոտյան կառավարության նստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ ադրբեջանական կողմը Հայաստանի տարածքում դիրքային առաջխաղացում չունի, բայց ավելի ուշ ԱԱԾ-ն ավելի ազնիվ գտնվեց՝ հայտարարելով, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում «ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել»։
«Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացրել ինժեներական աշխատանքներ: Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ», —նշված էր մարտի 30-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ապրիլի 1-ին, սակայն, ԱԱԾ-ն սրբագրեց հաղորդագրությունը՝ վստահեցնելով, որ խնդիրը լուծվել է․ «Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է»։
Արգամ Հովսեփյանը, որը երկար տարիներ Արավուս համայնքի ղեկավարն է եղել և այժմ էլ Տեղ համայնքում ավագանու անդամ է, ասում է՝ ԱԱԾ-ն մարտի 30-ին իրավիճակը ճիշտ է ներկայացրել, սակայն ապրիլի 1-ին արդեն փոխանցած տեղեկությունը ճիշտ չէ։
«Հայտարարեց բարելավում ա եղել, բայց հեչ էդպես չի, ախր։ Բարելավումն էն կլիներ, որ թուրքերը գնան իրենց նախկին տեղերը։ Մարդիկ չեն կարում իրանց արոտավայրերն օգտագործել, ո՞նց կարան գնան, ադրբեջանցիները մտել են այդ հողերի մեջ ու դուրս չեն գալիս, դիրքեր են ամրացնում։ Մենակ տեսնեք՝ ինչեր են սարքել։ Էս պահին մինչև 150 հեկտար տարածք են զբաղացրել», -ներկայացնում է Արգամ Հովսեփյանը։
Տեղ գյուղն ունի շուրջ 2500 բնակիչ։ Տեղ համայնքի կազմում ընդգրկված է 7 բնակավայր՝ Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Քարաշեն, Խնածախ, Վաղատուր, Խոզնավար։
Հովսեփյանի խոսքով, գյուղի շուրջ 37 ընտանիք տուժել է ադրբեջանցիների ներխուժման հետևանքով․ արոտավայր ու հողատարծք, այդ բնակիչները, ըստ էության, չունեն։ Սակայն միևնույն է, փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող՝ պետք է ազատեն մարդկանց հողատարածքները։
«Գյուղացին ինչո՞վ պետք է ապրի, իրա հողով, բայց էսօր եկել, էդ հողն էլ են վերցնում», -ասում է համայնքի ավագանու անդամը։
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: