Երեկ, մարտի 20-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները անժամկետ հացադուլ են սկսել։

Այդ մասին հայտնում են Forrights.am -ի կալանավայրին մոտ աղբյուրները։

Հացադուլավորները պահանջում են քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունից բարելավել իրենց պահման անմարդկային պայմանները։

Մեզ հասած տեղեկություններով, դատապարտյալներին չեն բավարարում «Արմավիր» ՔԿՀ երկարատև տեսակցությունների պայմանները։

Մյուս պահանջը խմելու ջուրն է։ 21-րդ դարում Հայաստանում ունենք կալանավայր, որտեղ չկա խմելու ջուր։ Ծորակից ջուր գալիս է, բայց խմելու համար պիտանի չէ։ Կալանավայրի «բնակիչները» ջուր են ստանում հանձնուքների միջոցով։ Արդյունքում նրանց հարազատները ավելի քիչ սնունդ են կարողանում տեղավորել «տուլիկներում», որովհետև դրա փոխարեն ջուր են բերում։

Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ խմելու ջուր չունեն։ Քան՞ի հոգի է հացադուլ հայտարարել։ Ի՞նչ է կատարվում «Արմավիր» ՔԿՀ-ում ։ Քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը Forrights.am –ի հարցին պատասխանեց․

«Խմելու ջրի վերաբերյալ տեղեկացնեմ, որ ներկա պահին քննարկման փուլում է օրենքի նախագիծ: Նախագծով առաջարկվող կարգավորմամբ դատապարտյալներին (մեղադրյալներին) հնարավորություն կտրվի հանձնուքի կամ ծանրոցի համար սահմանված շաբաթական քաշից զատ ստանալ նաև մինչև 20 լիտր գործարանային շշալցման խմելու ջուր, կենցաղային առարկաներ, այդ թվում՝ սառնարան, հեռուստացույց, ինչպես նաև անկողնային պարագաներ։ Տեղեկացնեմ նաև, որ երկարատև տեսակցությունները կազմակերպվում են օրենքով սահմանված կարգով, բնականոն ընթացքով և պատշաճ պայմաններով: Այս պահի դրությամբ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կա հացադուլ հայտարարած երկու կալանավորված անձ, պատճառը՝ համաձայն չեն իրենց առաջադրված մեղադրանքների հետ»․ — հայտնեց մամուլի պատասխանատուն, առանց անուններ նշելու։ Նաև հայտնեց, որ նոր օրինագիծը ներկայացվել է հանրային քննարկման` e-draft.am կայքում: “Առկա փոփոխությունները միտված են բարելավելու իրավիճակը”, — ասում է Նավիկյանը:

Փաստորեն, պաշտոնյաները օրենք են մշակում ջրի մասին, բայց ի վիճակի չեն կալանավայրում նորմալ ջրամատակարարում ապահովել։

Դեռ 2021 թվականին ԱՆ կալանավայրերում մոնիտորինգ իրականացնող դիտորդների խումբը արձանագրել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ն ապահովված չէ մշտական ջրամատակարարմամբ, ինչը խնդրահարույց է ազատազրկված անձանց առողջության պահպանման տեսանկյունից։ Դիտորդները նաև դիմել են  ՀՀ արդարադատության նախարարությանը, որը պարզաբանել է, որ խմելու ջրի ճնշման անկման պատճառով հնարավոր չէ հիմնարկի բոլոր մասնաշենքերում միաժամանակ ապահովել մշտական ջրամատակարարում։ Նախարարությունում  խոստացել էին միջոցներ ձեռնարկել։ Անցել է երկու տարի, ոչինչ արված չէ։ Ծորակից հոսում է ոչ թե ջուր, այլ առողջության  համար վտանգավոր հեղուկ։

Բերդի մեր աղբյուրները վստահեցնում են, որ դատապարտյալների բողոքի ծայրահեղ ակցիաների բուն պատճառը բացասական վերաբերմունքն է կալանավայրի պետի հետ։ «Պրոբլեմը պետ-ենթական սրված հարաբերություններն են։ Պետը չի կարողանում լեզու գտնել աշխատողների հետ», — ասած «Արմավիր» ՔԿՀ անցուդարձից տեղյակ անձը։

«Արմավիր» ՔԿՀ պետ Լաերտ Գրիգորյանը հին ոստիկան է, որը 2ծառայողական կարիերայի առաջին օրվանից մինչև 2017 աշխատել է ոստիկանության համակարգում։ Նա «Արմավիր» ՔԿՀ պետ է նշանակվել մի քանի ամիս առաջ, անցյալ տարվա նոյեմբերին։

Սյուզան Սիմոնյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest