Պատերազմում եղբայրներին կորցրած Երվանդն ու Աստղիկը որոշել են ընտանիք կազմել։ Նրանք կարծում են՝ պետք է ապրել հանուն հայրենիքի համար ընկած տղաների, քանի որ նրանք իրենց կյանքն են տվել, որ Հայաստանը շարունակի լինել։

«Սերն օգնեց, որ ոտքի կանգնեմ։ Ապրել հանուն սիրո, ապրել հանուն մեր տղեքի, այդպես էլ եղավ։ Մենք հիմա ապրում ենք Եռաբլուրում պարկած մեր ախպերների շնորհիվ»,-ասում է Երվանդը, որի հորեղբոր որդին՝ Դավիթը պատերազմի վերջին օրն է զոհվել՝ նոյեմբերի 9-ին։

Դավիթը կռվել է Մատաղիսում։ Պատերազի օրը՝ սեպտեմբերի  27-ին, ծննդյան օրն է եղել, կռվել է մինչև վերջին օրը՝ մարտական ընկերներին հաց տեղափոխելու ժամանակ։ Եղբոր հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է, որ ծնողներին լավ նայի ու ասել․ «Լավ է մահանալ հերոսի անվամբ, քան ապրել վախկոտի պիտակով»։

Աստղիկին ու Երվանդին հանդիպում ենք Եռաբլուրում, Աստղիկի եղբոր՝ Ազատի շիրիմի մոտ։ Ազատի մայրը որդու շիրմաքարն է մաքրում, քույրը՝ թարմ ծաղիկներն է շարում։ «Մենք մտածում ենք, որ մեր սերն օրհնված է երկնքից, որովհետեև Երվանդի հոպարի տղայի մաման երազ էր տեսել՝ Ազատին ու Դավիթին միասին, որ երկուսով իրենց տուն են մտնում, բայց Ազատն ու Դավիթը միմյանց չեն ճանաչել։ Մենք այդ ժամանակ նշանված չէինք, դա էլ մեզ հուշում եղավ, որ ամեն ինչ կանխորոշված է»,-ասաց Աստղիկը։

Նրանք ծանոթացել են ֆեյսբուքում բացված «Իմ հերոսը» էջի միջոցով։ Երվանդը հերեղբոր տղայի զոհվելուց հետո այդ էջում հերոսական ուղի անցած տղաների մասին հրապարակումներ է անում, Աստղիկը խնդրել է նաև իր եղբոր պատմությունը տեղադրել։ «Սկսեցինք խոսել մեր եղբայրների մասին ու տեսանք, որ ընդհանուր նմանություններ ունենք։ Առաջին անգամ իրար տեսել ենք Եռաբլուրում»։

Ազատը ծառայել է հետախուզական ջոկում։ «Սկզբում գնացել են Ջեբրայիլ, ընկել են շրջափակման մեջ, հրամանատարի օգնությամբ դուրս են եկել շրջափակումից։ Մարտերին մասնակցել են Հադրությում, Քաշաթաղում, վերջին մարտը եղել է Սարատակ գյուղում»,-քույրն ասաց, որ եղբայրը զոհվել է հոկտեմբերի 20-ին՝ ընտանիքի անդամների հետ մեկ օր առաջ էր խոսել։

«Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 19-ին, զանգահարել է մամային ու ամենամոտ ընկերոջը։ Մամայից հարցրել է իմ մասին ու ասել է՝ մամ, քեզ լավ նայի, մաման ասաց՝ ինչու ես այդպես ասում, պատասխանեց՝ ես քո տղեն եմ, չե՞մ կարող ասել՝ քեզ լավ նայի։ Մեր մեջ կասկած ընկավ, մեզ չէր ասել, որ մարդտի դաշտում է, կռիվների մեջ։ Ասաց չորս-հինգ օրից էլի կզանգահարի, բայց այդպես էլ չզանգահարեց, հետո ՊՆ-ի թեժ գծից ասաին, որ անհայտների ցուցակում է»։

Ազատի ծառայությանը մնացել էր չորս ամիս, քույրն ասաց, որ օրերն էր հաշվում, ապագայի հետ կապված մեծ պլաններ ուներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest