Կիրակի օրվա երկրորդ կեսին «Եռաբլուր» զինվորական պանթեոնը մարդաշատ է։ Հայրենիքի համար կյանքը տված տղաներին են այցելել մայրերը, հայրերը, երեխաները, կանայք և ընկերները։
Լեյտենանտ Հայկ Գյուրջյանի մայրն ամեն օրվա նման թարմ ծաղիկներ է բերել որդու շիրիմին։ «Հայկս այստեղ է, ես ուրիշ տեղ չունեմ, իմ հայրենիքը սա է»,-ասում է մայրն ու հերթով դասավորում ծաղիկները։
Թագուհի Բեկնազարյանը պատերազմում կորցրել է միակ որդուն։ Հայկն այդ ժամանակ 26 տարեկան էր։ Լեյտենանտ Գջուրջյանը ծառայում էր Ներքին Հոռաթաղի զորամասում։ «Իրենց գումարտակը լավ ջարդ է տվել թշնամուն։ Հետո հրամանատարության հրամանով իրենց տարել են Թալիշ չմտած մի հատ ամայի տեղ կա՝ բարձր բլուրի վրա։ Չեն էլ հասցրել տեղավորվել, երբ թշնամին ինչով ասես խփել է, դրանից հետո ոչ մի խաբար չունենք։ Մեծ բլուր էր, ամեն տեղից երևում է, ոչ քար կար, ոչ՝ ծառ»,-ասում է մայրն ու հարց տալիս՝ ինչպե՞ս պատսպարվեին, որ ողջ մնային ու պաշտպանեին հայրենիքը, երբ ենթակառուցվածքներ չկար։
Հենց պատերազմի առաջին օրն էլ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Հայկի և ընտանիքի միջև կապը կորել է։ Որդին զանգել է մորն ու ասել, որ Մարտակերտից տեղափոխվեն Ստեփանակարետ ու էլ չի զանգել։
Թագուհի Բեկնազարյանն ամենուր՝ հիվանդանոցներում և դիահերձարաններում որդուն է փնտրել։ Մինչև հոկտեմբերի 18-ն այցելել է Հայաստանի ու Արցախի այն բուժհիմնարկներ որտեղ վիրավոր զինծառայողներ են եղել։
«Տեղ չի մնացել, որ չենք գնացել, մտածում էի վիրավոր է, անգիտակից, չի կարողանում զանգել, ասում էին Երևանի հիվանդանոցներում նման վիրավորներ շատ կան։ Եկել եմ Երևանի հիվանդանոցներն եմ մտել, տեսել եմ, որ չկա։ Մեկը շատ նման էր, ահագին ժամանակ ծնողներն այդ տղային չէին գտնում, ամեն օր գնում էի մոտը։ Ձեռքին դաջվածքներ կային, Հայկիս վրա չկար, բայց շատ էր նման»,-ասաց նա։
Մայրը որդու մասին առաջին տեղեկությունն իմացել է 2021 թվականի մարտի 1-ին։ Այդ օրը ԴՆԹ-ի պատասխանով հաստատվել է, որ Հայկի մարմինը նույնականացվել է հարազատների նմուշների հետ։ «Միայն ոսկորներն էր մնացել։ Փակ էին փոխանցել, բայց ես ստիպել եմ բացել են, որ ոտքի տակի նշանը նայեմ, բացել եմ նայել եմ, ոչ մի բան չեմ ջոկել, ոչ մի բան իրեն նման չէր»,-ասում է միակ որդուն կորցրած մայրն ու հավելում, եթե վիրավոր տղային Թալիշի հարևանությամբ գտնվող բլուրից շուտ դուրս հանեին, գոնե ճանաչելի կլիներ։ «Երեք օր թուրքը չի մտել այդտեղ, բայց ոչ մեկը չի գնացել հանել, արնաքամ են եղել։ Որ դուրս հանեին էլի դեմքով իմանայի, որ իմն է, հիմա բերել երկու ոսկոր են տալիս, աջ ձեռքը չկա, ձախը՝ կիսատ է, ասում են՝ ինքն է, ո՞նց է ինքը, չգիտեմ, դեմքը չկա»,-ասաց մայրը։
Պատերազմից հետո Թագուհի Բեկնազարյանը տեղափոխվել է Երևան, քանի որ որդին Եռաբլուրում է հուղարկավորված։ «Ես տուն չունեի, ուրիշի տանն էի ապրում, բոմբը ընկել է վրա, տուն չկար եկանք այստեղ։ Մնամ այնտեղ ի՞նչ անեմ, երբ Հայկս այստեղ է»։
Մայրն ասաց, որ որդին նշանված էր, պետք է ամուսնանար։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։