Վրաստանում ներքաղաքական լարվածություն առաջացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը մեր դուռն էլ է չոքելու: Պարզապես մեր կառավարությունն արդեն տեսավ, թե ինչ հակազդեցություն դա առաջացրեց Վրաստանում, ուստի դեռ չի շտապի: Բայց մի օր հաստատ ներկայացնելու է, որովհետև արդեն իսկ կան նշաններ, որ մեր կառավարությունը կորցրել է իրականության զգացումը:
Նախ նշենք, թե որոնք են օրենքի պետականամետ կողմերը: Առաջինն այն է, որ պետությունը միշտ պետք է իմանա, թե ինչ փողեր են մտնում քո երկիր ու որտեղից են դրանք: Այսինքն, պետությունը այդ փողերի նշանակությունից պաշտպանվում է նրանց աղբյուրի թափանցիկությամբ: Բայց սա իմաստ ունի այն երկրներում, որտեղ ժողովրդավարական, հասարակական, տնտեսական և սոցիալական բոլոր ինստիտուտները կայացած են: Կարճ ասած այս օրենքն իմաստ ունի Նորվեգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում կամ Ամերիկայում:
Հայաստանում այս օրենքն իմաստ կունենար, եթե աղքատությունն իսկապես մարդու գլխում լիներ: Բայց մեզ մոտ մեծ խնդիր կա: Եթե քո ժողովրդավարությունը խոցելի է, այսինքն, առաջնորդդ ավտորիտար կամ նույնիսկ տոտալիտար բռնակալ դառնալու հակումներ ունի, այս օրենքը նրա համար այդպիսին դառնալու կանաչ լույս է:
Երկրորդ, քո ժողովրդավարության «պարեկները»՝ հասարակական կազմակերպությունները չեն կարող գտնել ներքին ռեսուրսներ, որպեսզի առանց ժողովրդավարական այլ ինստիտուտների, իրականացնեն իրենց պարեկությունը: Ես կասկած չունեմ, որ Ներքին գործերի նախարարությունը դառնալու է մահակ իշխանության ձեռքին:
Այս օրենքի բացասական կողմն այն է, որ դու՝ իշխանությունդ, սոցիալ-տնտեսական գրեթե ոչ մի հարց չես լուծել, ու հիմա փորձում ես օրենքով կառավարելի դարձնել նրանց, որոնց դու չես պահում: Այսինքն, որոնց ֆինանսավորողը դու չես: Իսկ նրանց ֆինանսավորման հրամայականները ո՞ր խնդիրներն են՝ ամենաթողություն բանակում ու քրեակատարողական հիմնարկներում, հայ-ադրբեջանական հակամարտություն, ժողովրդավարության մարտահրավերներ, ԶԼՄ-ների անկախություն:
Դու՝ Հայաստանդ, չունես տնտեսական այնպիսի դաշտ, որտեղ լրատվամիջոցները կարող են քաղաքական որևէ ազդեցությունից անկախ լինել: Ուղղակի քո բիզնեսմեններն այդքան փող չունեն, ոչ՝ Գագիկ Ծառուկյանը, ոչ՝ Սամվել Ալեքսանյանը, ոչ էլ՝ Խաչատուր Սուքիասյանը: Նրանք, իհարկե, ունեն այնքան փող, որպեսզի մի օր թքեն Հայաստանի վրա ու գնան, բայց Հայաստանը Հայաստան պահելու համար նրանք մեկ լումա անգամ չունեն: Կարճ ասած, չկա գոնե կես բիզնեսմեն, որը կարող է լրատվամիջոց պահել և լրագրողին վճարել արժանապատիվ աշխատավարձ: Ուղղակի չկա:
Եվ քո՝ Հայաստանի գովազդային շուկան նույնպես ոչ մի լրատվամիջոցի չի երաշխավորում զուտ գովազդով գոյատևելու պրակտիկա: Այդպիսին երևի միայն ընդդիմադիր «Հայկական ժամանակն» է եղել, որտեղ աշխատավարձերը ողորմելի էին: Բայց այդ ժամանակ ամենուր էր աշխատավարձը ողորմելի և ՀԺ-ն չէր ուզում որևէ մեկից լավը լինել: Չէր ուզում և վերջ:
Հիմա երբ ՀԺ-ի երբեմնի ղեկավարը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը բերի Հայաստան, սկզբից մի երեք հատոր տեքստ կգրի, որ սա ռուսների հետ կապ չունի: Եթե անգամ հավատանք, այս օրենքի խնդիրը միայն Ռուսաստանը չէ: Այս օրենքի խնդիրն է նաև, թե ինչքան պիտի վստահ լինես քո՝ Փաշինյանի, ոչ տոտալիտար բնույթի վրա, որ ուզենաս վերահսկել օտարերկրյա փողերի ժողովրդավարական կամ ոչ ժողովրդավարական նշանակությունը: Ժողովրդավարությունդ ապացուցող ի՞նչ ունես այսօր: Հատկապես լրատվամիջոցներին վերաբերող: Մի օր ցույց տուր ու անցիր գործի:
Մհեր Արշակյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: