2022 թվականի հուլիսի 17-ին այրվածքներ ստանալու հետևանքով հուլիսի 26-ին մահացած  ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի ծնողներն արդեն յոթ ամիս է՝ պատասխաններ են պահանջում պետական գերատեսչություններից, թե որն էր իրենց միակ որդու մահվան պատճառը։ Երեկ նրանք հերթական անգամ այցելել են զինվորական դատախազություն, սակայն, ծնողներին որևէ պատասխան չեն տվել, միայն ասել են մշտական դարձած խոսքեր՝ քննությունն ընթացքի մեջ է։ Ըստ էության, նրանց զինդատախազություն չէին էլ հրավիրի, եթե նրանք մի քանի օր առաջ չփակեին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ազատանի հատվածը։

 

«Մանրամասներ չասացին, նույնի կրկնությունն է՝ փորձաքննություն է իրականացվում, քննություն է գնում»,-ասաց Պալյանի հայրը՝ Ջիվան Պողոսյանն ու նշեց, որ զինդատախազությունում մեկ հարց է տվել․ «Մահն ինչի՞ց է վրա հասել, դիտավորությո՞ւն է, դիտավորություն չէ՞։ Իրենք ասում են՝ քննությունը շարունակվում է, երբ փորձաքննության պատասխանները եկավ ձեզ կասեն»։

 

Ջիվան Պողոսյանն անընդունելի է համարում, որ արդեն յոթ ամիս է անցել դեպքից, բայց որևէ առաջընթաց չկա։ Նա որդու հետ տեղի ունեցած դժբախտ պատահարն ու մահը համարում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անգործության հետևանքը։ «Արդեն վեց-յոթ ամիս հանդիպում են խոստանում, բայց խաբում են, այս շաբաթ, մյուս շաբաթ, բայց բերել հասցրել են այսօրը»,-ասաց նա։

Հայրը Սուրեն Պապիկյանին հստակ հարցեր ունի։ «Ուզում եմ, որ ինքն իմ հարցերին պատասխանի»։ Ի դեպ, նշենք, Forrights.am-ը դեռ 2022 թվականին գրավոր հարցմամբ փորձել էր Սուրեն Պապիկյանից պարզել, թե ինչո՞ւ չի հանդիպում Պալյան Պողոսյանի ծնողներին։ Նախարարը պատասխանել էր, որ առաջիկայում նախատեսված է հանդիպում, սակայն, այդ պատասխանից մի քանի ամիս արդեն անցել է։

Պալյանի այրվածքներ ստանալու մասին նրա ծնողներին ոչ Պաշտպանության նախարարությունն էր տեղյակ պահել, ոչ տարածքային զինկոմիսարիատը։  «Զինակից ընկերներից՝ զանգի միջոցով, իմացանք, որ դեպքը պատահել է»,-ավելի վաղ ասել էր հայրը՝ Ջիվան Պողոսյանը։

«Ոչ մի հրամանատար, ոչ մի աֆիցեր մեզ ոչ մի բան չի ասել։  Շուտ ասեին, գուցե ես շուտ հասնեի, իմ էրեխուն փրկեի»,-նշել էր Պալյանի մայրը՝ Գալյա Այվազյանը։

Ուշագրավ է, որ նախարարությունը դեպքի մասին պաշտոնապես հաղորդել էր միայն դեպքից 8 օր անց՝ հուլիսի 25-ին։ Գերատեսչությունը հայտնել էր, որ  Պալյանը ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներ է ստացել։

Պալյանի ծնողները սարսափելի մանրամասներ են ներկայացնում, թե ինչպես այրվածնքեր ստացած որդին շուրջ  5 ժամ առաջին բուժօգնություն չի ստացել։ Ըստ նրանց՝ ժամը 2-ին այրվածքներ ստացած Պալյանը մինչև առավոտյան ժամը 06:00-07:00-ի հատվածում սպասել է բուժօգնության, քանի որ դիրքերից հնչող ահազանգին ժամեր շարունակ արձագանքող չի եղել։ Ծնողներն այժմ ցանկանում են պարզաբանումներ ստանալ՝ ինչո՞ւ որդուն պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել, ովքեր են թերացել։ Նշենք, որ Պալյան Պողոսյանի գործով մեղադրյալներ ու կալանավորվածներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest