Հարենիքը պաշտպանելիս զոհված Գոռ Գևորգյանի գերեզմանի համար հատկացված տարածքը դարձել է վիճաբանության պատճառ։ Նա հուղարկավորված է Հրազդան քաղաքի Մայրավան թաղամասի գերեզմանատանը։ Բնակիչներից մեկը պնդում է, որ այդ տարածքը իր սեփականությունն է, սակայն, Գոռի հարազատները հակառակն են հայտարարում, որ տարածքը համայնքապատկան է և նախատեսված է հուղարկավորությունների համար։
Գոռի հայրը՝ Գևորգ Գևորգյանը, վշտացած է, Forrights.am-ի հետ զրույցում ասում է՝ ինչպես է հնարավոր, որ հողը պաշտպանելու համար զոհված տղայի գերեզմանը նման վեճի առարկա դառնա։ Ըստ նրա՝ թաղամասի բնակիչներից մեկը, որ հիմա այլ տեղ է բնակվում, տարիներ առաջ անօրինական տարածքում ծառեր է տնկել, տնակ կառուցել, պարսպապատել և մեկ շուն կապել տարածքում, իսկ հիմա բանկիչներին թույլ չի տալիս այդ հատվածում ոչ հուղարկավորություններ անել, ոչ ճանապարհով անցնել ու հասնել իրենց հարազատների շիրիմներին։
«Մահանալուց հետո գերեզմանոցը մարդու երկրորդ տունն է։ Ինձ ասում է՝ տար էրեխուդ վերևը թաղի, բայց ինչո՞ւ պետք է ինքն ասի, ինքն ո՞վ է, որոշո՞ղ է։ Յոթի օրը եկա, տեսա տղայիս գերեզմանի վրա արմատուրա է տնկել։ Լրիվ անօրինական է, ոչ մի փաստաթուղթ չունի։ Բոլորն ասում են, որ սա համայնքի հողն է, բայց բոլորին միլիցայություն է տվել»,-ասում է հայրն ու հրավիրում պատկան մարմինների ուշադրությունը։ Գևորգ Գևորգյանը մտավախություն ունի, որ խնդրին օրինական ճանապարհով լուծում չտալը կարող է անդառնալի հետևանքեր ունենալ։
«Իմ տղայի գերեզմանն այստեղ պետք է մնա, բայց վախենում եմ, որ վաղը քարը դնեմ, գա ջարդի։ Եթե նման բան անի ես ի՞նչ պիտի անեմ, ազգուտակին կվերացնեմ։ Իմ սրբությունն իմ տղեն է, եթե մեկը պղծի իզութոզով կկորցնեմ»,-ասաց նա։
Գևորգ Գևորգյանը ցույց տալով համայնքային իշխանությունների կողմից բացված գերեզմանատուն տանող ճանապարհն ասում է, համաքաղաքացին պարբերաբար փակում է այդ ճանապարհը։ «Ճանապարհին քարեր է լցնում, փակում էր, զաբոռներ էր գցում, չի թողնում, որ մարդիկ գան իրենց գերեզմանների վրա»,-ասաց նա։
33-ամյա Գոռ Գևորգյանը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սկսված մարտական գործողությունների ժամանակ է զոհվել։ Զինվորական ծառայության 2019 թվականից է անցել է՝ որպես պայմանագրային։ Հայրը պատմեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Քարվաճառում, երբ այս շրջանը հանձնվել է Ադրբեջանին, Գոռը տեղափոխվել է Ջերմուկ և ծառայությունը շարունակել այնտեղ։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի մարտերից մի քանի օր առաջ տուն է եկել, սակայն, հինգ օր էլ չանցած զանգել կանչել են։ «Գիշերը՝ ժամը 01:30-ին, զանգեցին, կանչեցին»։
Գևորգը, Forrights.am-ին ասաց, որ կամավոր ցանկացել է որդու հետ գնալ սահման, բայց Գոռը թույլ չի տվել։ Հայրն, այնուհանդերձ, սեպտեմբերի 14-ի երեկոյան հասել է Ջերմուկ։ Նշեց՝ որդին զոհվել է սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին հայտարարված հրադադարից հետո։
«Սեպտեմբերի 15-ի լուսադեմին իմացա, որ Գոռն արդեն չկա։ Ես բարձրանում էի դիրքեր, դիակներն արդեն իջեցնում էին։ Ամբողջ գումարտակից ոչ մի մարդ չի փրկվել, 125 հոգի են եղել, բոլորը զոհվել են, բայց ընդամենը երեք դիակ ենք բերել, որոնց մեջ Գոռիս դիակն էլ էր՝ կիսատ-պռատ»,-ասաց հայրը նշելով, որ ինքը ԵԿՄ անդամ է, գնացել են օգնության, բայց իրենց թույլ չեն տվել ավելի շուտ բարձրանալ դիրքեր։
«Բոյ տալով հետ են քաշվել։ Հասել են մինչև Ջերմուկի գլուխ՝ Խաչի ձոր, այդտեղ ԱԹՍ-ն խփել է։ Չեն կարողացել դիմադրել, տեխնիկա, զենք չի եղել։ Օգնող ուժ չի եղել, ուզած-չուզած պետք է նահանջեին, մենք գնում էինք, որ օգնեինք, բայց մեզ մի օր ուշ հանեցին։ Պետություն չկա, քար ու քանդ եղավ, այսքան մատղաշ էրեխա է զոհվում»։
Գևորգ Գևորգյանն ազատամարտիկ է, Արցախյան առաջին պատերազմից սկսած սահմանային ցանկացած էսկալացիայի ժամանակ ազատամարտիկների խմբով դիրքեր են բարձրանում։ Որդու զոհվելու տեսարանը ներկայացնելիս զուգահեռներ է տանում 1964 թվականին նկարահանված «Զինվորի հայրը» ֆիլմի հետ։ Ֆիլմի հերոս Գեորգին իմանալով որդու՝ վիրավորված լինելու մասին գնում է օգնության, բայց տղային հանդիպում է մարտի դաշտում, որտեղ նա վիրավորվում ու մահանում է հոր ձեռքերի մեջ։ Գևորգ Գևորգյանն ասում է՝ ինքը չհասցրեց որդուն գրկել, բայց տեսել է, թե ինչպես է ԱԹՍ-ն հարվածում այն տեղանքին, որտեղ Գոռն ու համածառայակիցներն են գտնվում։
«Զինվորի հայր կինոն, որ կա, գնացի, որ տղուս գտնեմ, բայց տղուս դիակն առա, եկա տուն»,-ասաց հայրը։
Գևորգ Գևորգյանը որդուն ճանաչել է՝ դեմքով և ձեռքի դաջվածքով, ասում է, որ զինծառայողների մարմինների զգալիս մասն այրվել են։ «Դիրքերից երեք դիակը բերեցինք, հազիվ 50 կգ լիներ, որ ես իջացրել եմ։ Դեմքի կեսն ու աջ թևն էր մի քիչ նորմալ, մնացածն այրված էր»,-ասաց հայրը։
33-ամյա Գոռը երեկու երեխա ուներ, որոնք հարցնում են, թե ինչո՞ւ հայրը տուն չի վերադառնում։ «Հարցնում են՝ պապան ո՞ւր է, ասում ենք՝ ծառայության մեջ է, իրականում այդպես էլ կա։ Տղեն արդեն հասկանում է, հայաթից երևում է դրոշը, որ բարձրացրել ենք գերեզմանին, ամեն օր ասում է՝ պապայի դրոշն է»։
Forrights.am-ն առաջիկայում հողատարածքի հետ կապված խնդիրների վերաբերյալ կներկայացնի նաև Հրազդանի քաղաքապետարանի դիրքորումը։ Մեզ առայժմ չի հաջողվում կապ հաստատել հողատարածքի սեփականատեր ներկայացող քաղաքացու հետ։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները տեսանյութում՝
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։