44-օրյա պատերազմի ժամանակ «Յաշմա» ջոկատի հետ կռիվ տված Խաչատուր Միքայելյանի հորը՝ Առնակ Միքայելյանին, Երևանի քաղաքապետարանը թույլ չի տալիս 10 քմ-ից էլ փոքր տարածքում որդու հիշատակը հավերժացնող խաչքար տեղադրել։ Խաչատուրի և հանուն հայրենիքի կյանքը տված տղաների հիշատակին նվիրված խաչքարը։

Առնակ Միքայելյանը խաչքարը ցանկանում է դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի փողոցի 14/3 հասցեում գտնվող բնակելի շենքից քիչ այն կողմ գտնվող համայնքապատկան հատվածում։ Տեղանքը նշված է լուսանկարում։

«Քաղաքապետարանը՝ չգիտեմ, թե ինչու, մերժում է։ Ըստ էության ուզում են վաճառել, բայց մեզ չեն ուզում վաճառել 6-7 քմ տարածք։ Ասում են՝ ճանապարհին հարակից տարածքում խաչքար չի կարելի տեղադրել, բայց սա ճանապարհին հարակից տարածք չէ»,-ասաց հայրը նշելով, որ քաղաքապետարանից առաջարկել են բնակելի շենքի պատի տակ տեղադրել, ինչն իր համար անընդունելի է, քանի որ շենքի աշխատանքներն անավարտ են։ Առաջիկայում շինաշխատաքներ են նախատեսվում, ինչի հետևանքով խաչքարը կարող է վնասվել։

Պատերազմի զոհերին նվիրված խաչքարն արդեն շուրջ մեկ տարի է շենքի նկուղում է՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ։

«Ստիպված դրել ենք այստեղ, որ անձրևի ու ձյան տակ չմնա, մինչև հասկանաք՝ մեր ղեկավար այրերն ինչ են ասում։ Տեղը հարմար չի, իրենց կրեսլորներն իրենց հարմար է, բայց այս խաչքարը, որ այստեղ տեղադրվի՝ հարմար չի»,-ասաց Առնակ Միքայելյանն ու նշեց՝ տեղեկություններ ունի, որ այլ անձ է ցանկանում այդ տարածքը ձեռք բերել։ «Հարևանությամբ ապրող անձնավարությունը, որն ակնկալում է այդ տեղի համար, ըստ էության, ինքն է այդ խոչընդոտները ստեղծում»։

Առնակ Միքայելնն ասաց, որ քաղաքապետարանն անգամ իր վերջին դիմումն է անպատասխան թողել, իր հետևողականության արդյունքում բանավոր պատասխան են տվել։ «Վերջին դիմումը նոյեմբեր (2022 թ․) ամիսին եմ տվել։ Դիմումիս չպատասխանեցին, գնացի բանավոր ասացին՝ կներեք, ուրիշ տեղ ման արեք, դա նախընտրելի տեղ չէ»։

 

Forrights.am-ը այս թեմայի շուրջ գրավոր հարցեր է ուղղել Երևանի քաղաքապետարան։

Խաչատուր Միքայելյանը զինվորական ծառայության է անցել Հադրութում։ Պատերազմի առաջին օրը  տեղափոխվել է Ֆիզուլի`պատերազմի ամենաթեժ կետը: Համածառայակիցների հետ կռվել է թշնամու «Յաշմա» ջոկատի դեմ։ Պատերազմի առաջին օրերին Խաչատուրն ուսից վիրավորում է ստացել, առաջարկել են տեղափոխվել զինվորական հոսպիտակ, սակայն, մերժել է, նշել է, որ չի ցանկանում պատերազմի դաշտում ընկերներներին միայնակ թողնել։

Խաչատուրի վերջին զանգը եղել է սեպտեմբերի 29-ին: Դրանից հետո ծնողները նրան փնտրել են ամենուր․ Առնակ Միքայելյանին որդու անունը հանդիպել են վիրավորների, գերեվարվածների պաշտոնապես հրապարակված ցուցակներում, սակայն, ի վերջո, տղային գտել է Գորիսի դիահերձարանում։

Խաչատուր Միքայելյանը իր սխրանքի համար ԱՀ նախագահի հրամանագրով՝ հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները տեսանյութում՝

 

Pin It on Pinterest