Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Վոլոդիա Ներսիսյանի ծնողներն ու եղբայրը պաշտոնական վարկածին չեն հավատում։ Forrights.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ զինվորների մահը դիտավորյալ է եղել։

«Դիտավորություն է եղել, չեմ կարող ասել՝ դրսի թշնամին է արել, թե՝ ներսի։ Տրամաբանական չէ, որ մարդ քնած տեղն այրվի ու ոչ մի ուժ չգործադրի։ Դուռը փայտից սովետական դուռ էր, եթե դրսից փակած չլինեին, բացելը մի վայրկյանի պատմություն է»,-ասաց Վոլոդիայի եղբայրը՝ Կառլոս Ներսիսյանը։

Կառլոսը եղբոր հետ դժբախտ պատահարից մոտ 45 րոպե առաջ է խոսել։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ զորանոցում հրդեհը բռնկվել է հունվարի 19-ին՝ գիշերը 01:30-ին։ Եղբայրը Վոլոդիայի հետ խոսել է 00:15-ին։

«Ասաց, որ վառարանի մոտ նստած տղեքով կոֆե ենք խմում։ Դա է տպավորվել, որ ասաց վառարանի կողքը նստած կոֆ ենք խմում, բնականաբար վառարանը վառվելուց է եղել։ Ասաց չեմ քնելու, կզանգեմ ու էլ չզանգեց»,-ասաց Կառլոսը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ վառարանում կրակ է եղել։

Կառլոսը դեպքի մասին առավոտյան է տեղեկացել և մեկնել Ազատ գյուղ։ Նշեց, որ գյուղի մուտքը փակ է եղել, ռազմական ոստիկանությունը թույլ չի տվել մտնել Ազատ, որից հետո գնացել է Մարտունու դիահերձարան, երբ տեղեկացել է՝ զինվորներին տեղափոխել են այնտեղ։

«Մտա ներս բոլորն անճանաչելի էին, բոլորը եղել են պառկած վիճակում, ով ինչպես քնում է։ Զինվորի ծնողներ կային, որ իրենց էրեխուն քնած դիրքով են ճանաչել։ Դեմքերը հիմնականում անճանաչելի էին, հագուստները հիմնականում այրված էին»,-ասաց նա։

Վոլոդյան ծառայում էր արդեն 1,7 ամիս։ Վերջին մեկ տարում էր Ազատի այդ զորանոցում, տեղափխվել էր Էջմիածնի ուսումնական զորամասից։  Ընտանիքը Վոլոդիային վերջին անգամ տեսել է դեկտեմբերին՝ նա 17-ին արձակուրդ էր եկել, 21-ին՝ վերադարձել։ Մայրը՝ տիկին Անին, չի հավատում Նիկոլ Փաշինյանի պատմածին ու նկարագրածին։

«Ոչ մի ցուցմունքի, ոչ մի վարկածի մենք չենք հավատում, լրիվ հեքիաթներ են։ Վարչապետը հունվարի 19-ի առավոտ, որ ելույթ էր ունենում ու ձևերերը ցույց էր տալիս, թե կապիտանը բենզինը ոնց է լցրել վառարանի մեջ, շպրտել է, այդ հեքիաթները թող ծնողներին չպատմի, ժողովրդին չմոլորեցնի։ Բոլորը մեղավոր են՝ վարչապետից, նախարարից մինչև շարքային, դա դիտավորություն է։

Դա ոչ մի պատահական դժբախտ դեպք կամ հրդեհ չէր։ Այդ կապիտանն այդ ժամին ի՞նչ գործ ուներ կացարանում, որ ոչ մի օր այդտեղ չի եղել։ Այդ օրը հանկա՞ծ որոշեց գնա վառարանը բենզինով վառի, որ զինվորները տաք-տաք քնեն։ Վոլոդիային միշտ էլ հարցնում էինք՝ վերադաս կա՞ ձեր մոտ, միշտ էլ ասել է՝ չկան։ Գիշերվա էդ ժամին իրենց մոտ ոչ մի սպա չի եղել իրենց մոտ»,-ասաց նա։

Մայրը վստահ է՝ զինվորներն անգիտակից վիճակում են եղել։ «Ինչ-որ մի բանով այդ երեխաներին քնացրել են, թե սննդով են թունավորել, թե՝ ջրով, թող հետաքննությունը պարզի»,-ասաց նա՝ շեշտելով, որ պայքարելու են մինչև վերջ, որ արդար դատաքննություն լինի։

Ազատի զորանոցում Կառլոսն է հաճախակի եղել, վերջին անգամ արձակուրդից հետո եղբորն է ուղեկցել, մեզ հետ զրույցում ասաց․ «Երեք սենյակ էր, մի սենյակը զինանոց էր, մի սենյակը՝ նստելու տեղ, մեկն էլ քնելու տեղը և միջանցքը, որտեղ որ դրված է եղել վառարանը»։ Նրա խոսքով՝ զորանոցը երեք վարորդ է ունեցել, որից երկուսը ջրի են գնացել, մեկը քնած է եղել, բայց փրկվել է։

Կառլոսը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս ստացվեց, որ քնածներից մի քանիսը արթնացան, իսկ մյուսները՝ոչ։ Սա է հիմքում, որ ընտանիքը պաշտոնական վարկածին չի հավատում և առաջ է քաշում այլ վարկածներ։

Զորանոցի հրդեհից հետո ոչ Պաշտպանության նախարարը, ոչ վարչապետն ու այլ պաշտոնյաներ զոհերի հարազատներին չեն այցելել։ Ներսիսյանները վշտացած են նաև պետության վերաբերմունքից, ասում են՝ ինչո՞ւ սգո օր չի հայտարարվել։

Նարեկ Կիրակոսյան  

Մանրամասները տեսանյութում`

 

 

Pin It on Pinterest