Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում տեղակայված զինվորական կացարանի  դժբախտ պատահարից մեկ շաբաթ անց, որի հետևանքով  15 զինծառայողի էր զոհվել, իսկ երեք՝ վիրավորվել ու հոսպիտալացվել, բոլոր կողմերի փոխանցած տեղեկությունները հակասում են միմյանց։

Զորանոցի տարածքում ավտոբենզին եղե՞լ է, թե՞՝ ոչ

Զորանոցի հրդեհի պաշտոնական վարկածը հունվարի 19-ից առ այսօր մնում է հերթապահ կապիտանի կողմից վառարանում ավտոբենզինով կրակ ստանալու փորձը։ Այս վարկածը հունվարի 19-ին  նախ ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը․

«Հինգ լիտրանոց տարրայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ: Բնականաբար, այրվել է ոչ միայն վառարանը, այլ նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, էլի նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ այդ հինգ լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ»:

Նույն օրը՝ ուշ երեկոյան, ՔԿ-ի տարածած հայտարարությամբ վերահաստատվեց Փաշինյանի նկարագրածը։ «19012023 թվականին՝ ժամը 00։40-ի սահմաններում, 5 լիտր տարողությամբ պլաստամասե տարայում գտնվող ավտոբենզինով փորձել է վառել վառարանը։ Վառարանն ավտոբենզին լցնելուց հետո բոց է բռնկվել, որի հետևանքով պատասխանատու կապիտանը, այրվածքներ ստանալով, մեխանիկորեն իր ձեռքի ավտոբենզինով լի տարան նետել է մի կողմ, որն ընկել է կացարանի մեջ»,-ասված է Քննչական կոմիտեի հայտարարությունում։

Պաշտոնական այս վարկածն առաջին իսկ օրը կասկածի տակ դրեց։  Զորամասի դասակի հրամանատարը՝ տեղում աշխատող լրագրողների հետ զրույցում պնդել էր, որ տարածքում բենզին չկա։

Դեպքից վեց օր անց զորանոցի հրդեհից փրկված ժամկետային զինծառայող, Այրվածքաբանության կենտրոնում բուժվող Գարուշ Սարգսյանը, սակայն, հայտարարել է, որ տարածքում ավտոբենզին եղել է՝ տրակտորների համար։ «Մեր համար փայտ էին բերել, կտրելուց հետո թեփը պահել էինք, դրան մի երկու գդալ սալյարկա էինք ավելացնում, կրակը լինում էր, հետո կպնում էր»։-Իսկ ավտո բենզին կա՞ր տարածքում։- «Տարածքում կար՝ տրակտորների համար էր»։

Զինվորները հրդեհի ժամանակ արթնացե՞լ են, թե՞ քնած են մնացել

 

Այս դեպքի առնչությամբ քննարկվող մյուս դրվագն այն է, թե որտե՞ղ և ի՞նչ դիրքով են հայտնաբերվել զոհված զինծառայողները։ Այս դեպքում ևս պաշտոնական ու զինծառայողի վարկածները հակասում են։

Դեպքի հաջորդ օրը՝ հունվարի 20-ին,  Հանրային հեռուստաընկերության եթերում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտորնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը պնդում էր, թե 15 զինծառայողից 14-ը մահճակալների էին։  «Այդ 15 հոգուց 14-ը մահճակալների վրա են գտնվել, այսինքն հնարավոր չի եղել, անմիջապես  ենթադրում եմ դա վարկած է, բայց հենց այդպես էլ կլինի չեն զարթնել, ուղղակի մի հոգի մուտքի մոտ է հայտնաբերվել, այսինքն փորձել է փրկվել, բայց չի ստացվել»,-ասել էր նա։

 

Հրդեից փրկված և այժմ  հիվանդանոցում բուժում ստացող ժամկետային զինծառայող Գարուշ Սարգսյանը, սակայն, այլ բան է պատնում։ Ըստ նրա՝ կացարանում քնած են եղել, ինքը զարթնել է ձայներից, հետո նկատել,թե ինչպես են մարդիկ փորձում կոտրել ննջասենյակի՝ դեպի ներս բացվող դուռը, սակայն այդպես էլ չեն կարողացել՝ Գարուշն ասում է՝ ծխից թուլացել էին։ Պատուհանի ճաղավանդակներով կացարանից դուրս եկած զինծառայողի խոսքով՝  հրդեհի պահին սենյակում քնած զինծառայող չի եղել։

«Ես ճիշտն ասած չեմ նկատել այդ պահին մարդ որ պառկած լիներ, ես  չեմ հիշում մարդ էդ պահին որ պառկած լիներ, հիշում եմ խառը իրավիճակ էր, դաժը ինձ բրդող մարդիկ կային էն որ ամեն մեկը իր ճամփան էր ման գալիս որ դուրս գար, բայց ասում են որ պառկած են եղել, ես իմ աչքի տեսածին եմ հավատում։ Հիշում եմ ես»,-ասել է նա։

 

Երբվանի՞ց են զինվորները գտնվում այդ զորանոցում

Պաշտոնյաններն ու զինծառայողները միմյանց հակասում են նաև զորանոցում՝ զինվորների տեղակայվելու ժամանակագրության շուրջ։

«ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից տեղակայվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տներից մեկում»,-ասված է ՔԿ-ի՝ հունվարի 19-ին տարածած հաղորդագրությունում։

Այդ օրը  Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ասում էր, թե զինվորները Ազատ գյուղի այդ տանն էին տեղակայվել Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքների վրա սեպտեմբերյան հարձակումից հետո։

«Հարձակումից հետո՝ սեպտեմբերի 13-ին, երբ որ զորամասը պայթեցվել էր, զորամասի փոխարեն կառավարությունը պատվիրել էր իտալական մոդուլային զորամասեր: Բնականաբար, մինչև հիմա այն, ինչ որ եղել է, դա ունի իր հետևանքները, իր պատճառները, այսինքն՝ ինչու են զինվորները տեղավորվել գյուղերում, այդ տներում, որովհետև զորամասը պայթեցվել է Ադրբեջանի հարձակման ժամանակ», — նշել է Մարուքյանը:

Ավելի ուշ Էդմոն Մարուքյանը պարզաբանեց, որ խոսել է ոչ թե կոնկրետ Ազատ գյուղի տարածքում տեղակայված այդ տան մասին, այլ ընդհանուր խնդրի մասին, որին բախվեցին սեպտեմբերյան հարձակումից հետո, երբ զորամասի պայթեցման պատճառով զինվորականները ստիպված էին տեղափոխվել տներ:

Իսկ ահա ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտարարել է, որ զինվորներն այնտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո։ «Շինությունը որպես զինվորական կացարան նախատեսվել է 2020 թվականից, բայց այն ավելի մեծ հաճախականությամբ զբաղեցվել է 2021 թվականից՝ մինչև մշտական տեղակայման վայրի կառուցման աշխատանքերի ավարտը՝ 2023 թվական»։

 

Ի՞նչ պայմաններ ու հարմարություններ են եղել զինվորական կացարանում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ զինվորական կացարանը ապահովված է եղել բոլոր հարմարություններով։

«Իրենք ապահովված են ամեն ինչով, բացի էտ անվտանգության նորմերի պահպանումից, որոնք որ խախտվել են, որի հետևանքով տեղի է ունեցել այդ դեպքը»,-ասել էր ԱԺ նախագահը։

Թե ինչ է նշանակում «ամեն ինչ»-ով ապահոված լինելը, հայտնի չէ։ Նշենք, որ հրդեհից փրկված զինծառայողը հայտարարել է, որ կացարանում չի եղել հրդեհը մարելու համար ոչ մի պայման, քանի որ նախատեսված հեղուկը տևական ժամանակ է վերջացած է եղել։ Բացի այս՝ կացարանը չի եղել գազաֆիկացված ու ջրաֆիկացված։

 

Թե հանրությունը որքա՞ն է այս իրադարձության վերաբերյալ շարունակելու հակասական տեղեկություններ լսել, հայտնի չէ։

 

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest