«Իմ էրեխուն եմ պահանջում, կուդա՞ք։ Տվել եմ իմ տղային, հետ տվեք, պատասխանատու եղե՛ք, հետ տվեք։ Իմ տան ճրագն է եղել։ Որբ ենք մնացել, էս տունը մնացել է անտեր»,- միակ որդուն կորցրած ծնողների օրվա մեծ մասն անցնում է Նարեկի սենյակում։ Պատերին Նարեկի լուսանկարներն են, զինվորական հագուստները, իրերը, Հայաստանի պետական դրոշն ու մի գրություն․ «Փառք ու պատիվ քեզ հայ զինվոր․ Նարեկ Սահակյան»։

«Աշունը պետք է տանեի, բայց էն էլ ամեն ինչ թարս եղավ»,-հայրը ցույց տալով որդու՝ խնամքով պահպանվող ձմեռային կոշիկներն ու հագուստը նշում է՝ որդին այդպես էլ հնարավորություն չունեցավ ապրել նոր տան իր սենյակում, որը կառուցվել է Նարեկի նախասիրություններով։

Նարեկ Սահակյանն անմահացել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերից սկսված մարտական գործողությունների ժամանակ։ Թշնամու դեմ Սոթքի դիրքերում է պայքարել՝ մինչև13-ի լուսաբաց։ Նարեկը մարտը վարելիս հնարամտության է դիմել, երբ դիրքերում 10 հոգանոց ջոկատից մնացել են միայն ինքն ու ևս մեկ զինակից։

«Կռվի սկզբից բոլորը զոհվել են, մնացել է ինքը մի տղայի հետ։ Մինչև ժամը 4-5-ը կռիվ են տվել։ Էս մի խրամանտից վազել են էն մեկը, որ թշնամին իմանա՝ մարդ կա։ Վերջում ԱԹՍ-ն․․․»,-ասում է հայրը՝ Հովհաննես Սահակյանը։

Ծնողների փոխանցմամբ՝ Նարեկն ու ծառայակիցները դիրքում առանց հրամանատարի են եղել՝ 8 պայմանագրային և 2 ժամկետային զինծառայող։ Թիկունքից առաջնագիծ օգնության չեն հասել։ Հավհաննես Սահակյանն ասում է, երբ Վարդենիսում հետաքրքրվել է, թե ինչու թիկունքն ամուր չի եղել, ըստ նրա, զինվորականներն ասել են «օդը փակած չի եղել»։

Ծնողներին սոցիալական ցանցերից հասանելի է դարձել մի տեսանյութ, թե ինչպես է Նարեկը դիրքի այս հատվածից մյուսը վազում ու փորձում կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Իսկ այդ դաժան մարտերից ընդամենը մի քանի ժամ առաջ Նարեկը զանգել է ընտանիքի բոլոր անդամներին ու երկար զրուցել։

«Այդ չարաբաստիկ օրը՝ ժամը 10:30-ին զանգեց, իրիկունը ահագին խոսեցինք, մանկությունից հարցեր էր տալիս, հորն էր կարոտել, հիշում էր՝ փոքր ժամանակ ինչ է եղել։ 40 րոպե խոսեցինք, լույսը բացվավ իմացանք, որ պատերազմ է։ Ինքը գիտեր, որ հարձակվելու են, բայց մեզ չասաց»,-ասաց մայրը՝ Ժաննա Սահակյանը։

Հրազատներն ասում են՝ խոսելու մեծ ցանկություն ուներ։ Հորեղբոր որդին՝ Խաչիկը, որ Նարեկի հետ նույն տանն է մեծացել պատմեց․ «Կարոտով էր խոսում, չէր ուզում անջատեր, մյուս հեռախոսազանգերից տարբերվում էր։ ․․․ Իմ միակ ախպերն է եղել։ Նարեկս, որ ծնվեց շատ ուրախացա, ընտանիքում թաք էի, բայց ուրախությունը կարճ տևեց»։

Սա եղել է հարազատների ու Նարեկի վերջին խոսակցությունը սեպտեմբերի 13-ի կեսսգիշերից սկսած նա հետ այլևս չեն կարողացել խոսել։ Քույրերը կեսգիշերին զանգել են եղբորը, բայց անհասանելի է եղել։ Նարեկի հեռախոսահամարը հասանելի է դարձել սեպտեմբերի 18-ին, ծնողները «Վայբերով» հաղորդագրություններ են ուղարկել, սակայն, թշնամին է պատասխանել։ «Արդեն թուրքերի ձեռքն էր հեռախոսը։ Շատ, որ գրեցինք՝ Նար, ո՞ւր ես, հայհոյանք գրեցին»,-ասացին ծնողները։

Ծնողները մինչև սեպտեմբերի 21-ը, երբ թշնամական կողմը փոխանցել է 95 մարմին իրենց որդուց որևէ տեղեկություն չեն ունեցել։ Հայրը գնացել է Վարդենիս, զանգել են բոլոր համարներով, բայց ապարդյուն։ Ծնողների համար ծանր հոգեվիճակում հրամանատարը հայտնել է, թե որդին գտնվել է, ողջ է, սակայն, հաջորդ օրը հակառակն է ասել։ Ծնողները կրկնակի ցավ են ապրել։

«Անգամ ուրախալի լուր եղավ՝ Սահակյան Նարեկը ողջ է, բայց բանից պարզվավ, որ Սահակյան Նարեկը ոչ թե Հովհաննեսի էր, այլ՝ Աշոտի։ Խաբնվեցինք, ուրախացանք, աչքալուս արինք, բերինք հաց դրեցինք, ուրախացանք․․․Հենց իրանց հրամանատարը զանգեց ինձ հետ անձամբ խոսաց, ասացի՝ հաստա՞տ իմ տղեն է, ասաց՝ հա, չեն խաբում։ Հասել էին կես ճանապարհին, զանգել ասել էին՝ հոր անունն Աշոտ է, Հովհաննես չէ»,-ասաց մայրը։

Որդուն հայրն, ի վերջո, գտել է Գորիսի դիահերձարանից։ Ճանաչել են ձեռքին դաջված խաչից։ Նարեկ Սահակյանը հուղարկավորված է ծննդավայրում՝ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում։

Նարեկ Սահակյանը 19 տարեկան էր դարձել 2022 թվականի մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը։ Մայրն ասում է՝ որդուն բանակին տվեցին, բայց պետությունը տեր չկանգնեց։ Ծնողները վշտացած են պետության՝ զինվորների նկատմամբ դրսևորած վերաբերմունքից։

«Պետությունն ի՞նչ է անում էս ժողովրդի գլխին, մե՞ղք չեն մայրերը, ծնողները։ 19 տարեկան մատղաշ էրեխեքը․․․  Ո՞վ է տեսել 19 տարեկան էրեխեքին վառեն։ Թուրքն ընդեղ ԱԹՍ-ով է վառում, հայն այստեղ պեշկով է վառում, էս ի՞նչ երկիր է դարձել։ Իրենք գիտե՞ն՝ մենք ինչպես ենք պահել էդ էրեխեքին, էրեխեքին սաղ սալամատ տալիս ենք, իրենք մեզ վառած են տալիս, ծնողն արժան չի լինում, որ նույնիկս իր էրեխու դեմքը տեսնի»,-ասաց մայրը։

Ծնողները բազմաթիվ հարցերի պատասխաններ են ցանկանում ստանալ, սակայն, իշխանության որևէ ներկայացուցիչ, ինչպես մյուս զոհերի, այնպես էլ Սահակյաններին չեն այցելել։ Միայն զորամասից ներկայացուցիչներ հուղարկավարության և քառասունքի ժամանակ են եկել ու առանց պարզաբանման հեռացել։

«Օգոստոսի 21-ին արձակուրդ է եկել, դրանից առաջ 55 օր դիրքերում է եղել։ 55 օր ի՞նչ իրավունքով է դիրքում մնացել։ Օրենք կա, որ 14 օր հետո փոխարինում են, ճի՞շտ է։ 5 օր տանը մնալուց հետո գնացել էլի դիրքեր է բարձրացել»։

Մայրն ասում է՝ որդու 1,5 տարվա ծառայության ժամանակահատվածում բոլոր պարագաներն իրենք են ուղարկել՝ նասկի, ներքնազգեստ, միայն սնունդն է որակյալ եղել, սակայն, այլ անհրաժեշտ պարագաներ պետությունը չի տրամադրել։  «Երեք հատ պեշկ էր ուզում, երեք դիրքերի համար։ Ասում էր՝ մամ, պեշկ ճարե, մենք ձմեռը չենք դիմանա, էս պեշկերը սարսափելի վիճակի են, դզել եմ՝ հնար չկա։ Մեկ էլ դրոշ էր ուզում, ասում էր՝ անտեր պոստ ոնց որ լինի, դրոշ չկա»,-ասաց մայրը։

Հայրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մինչ մարտական գործողությունների մեկնարկը պատշաճ գնահատական չի տրվել թշնամու գործողություններին։ Դիրքերում կանգնած զինվորների ահազանգերը, որ թշնամու կողմից շարժ է նկատվում՝ մնացել է անարձագանք։ «Երկու օր առաջ ասել էր, որ շարժ կա, ինչ-որ բան են տեղափոխում գիշերով։ Հաղորդել են, որ շարժ կա, հրամանատարներից ասել են՝ բան չկա, մի վախեցեք»,-ասաց հայրը։

Նարեկ Սահակյանի սխրանքի ու հայրենասիրության մասին ամբողջ գյուղն է խոսում և հպարտանում։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները տեսանյութում՝

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest