2019 թվականին ընդունված օրենքի համաձայն ցմահ դատապարտյալները, որոնք 15  տարի անազատության մեջ են եղել,  դրական վարքագիծ ցուցաբերելու դեպքում կարող է տեղափոխվել կիսափակ ուղղիչ հիմնարկ, իսկ 18 տարի ազատազրկումից հետո՝ պահվել ամենամեղմ՝ կիսաբաց ռեժիմով, որը ենթադրում է, որ նրանք կալանավայրում են մնում միայն  գիշերային ժամերին:

Forrights.am-ի դիտարկումները, որոնք իրականացնում ենք 2019 թվականից հետայսու,  վկայում են, որ իրավազոր մարմինները մեծ դժվարությամբ են կիրառում այն։ Եթե անգամ ընդունվում էին ցմահ դատապարտյալների պահման ռեժիմը մեղմացնելու որոշումներ, կարճ ժամանակ անց դրանք չեղարկվում էին։ Այդպես եղավ ցմահներ Արտակ Ալեքյանի, Արմեն Տեր-Սահակյանի, Արթուր Մկրտչյանի դեպքում։

Անգամ 20-25 տարի ազատազրկման վայրերում անցկացրած դատապարտյալների նկատմամբ արդարադատության նախարարությունը, տեղաբաշխման հանձնաժողովը, քրեակատարողական ծառայությունը զլանում էր կիրառել հիշյալ դրույթները ամենաանհեթեթ պատճառաբանություններով՝ տարիներ առաջ զազրախոսության համար ստացած տույժի /Արմեն Տեր-Սահակյանի անձնական գործ/, կամ 2006 թվականին սպորտային  միջոցառւմներին չմասնակցելու համար /Արտակ Ալեքյանի անձնական գործ/։

Մինչդեռ, ըստ քրեակատարողական օրենսգրքի, այդ սանկցիան 6 ամիս անց ուժը կորցրած է համարվում և այն չի կարող տեղաբաշխման հանձնաժողովի կողմից անձի վարքագիծը բացասաբար գնահատելու հիմք հանդիսանալ։

Ի պատասխան Forrights.am-ի գրավոր հարցմանը, Արդարադատության նախարարության  քրեակատարողական

և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչությունից հետևյալ տվյալները ստացանք։

2019 թվականից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածում՝ 14 ցմահ դատապարտյալ փակ ուղղիչ հիմնարկից (այսուհետ՝ Հիմնարկ) տեղաբաշխվել է կիսափակ Հիմնարկ:16 ցմահ դատապարտյալ կիսափակ Հիմնարկից տեղաբաշխվել է կիսաբաց Հիմնարկ:2 ցմահ դատապարտյալ կիսաբաց Հիմնարկից տեղաբաշխվել է բաց Հիմնարկ:

Ստացվում է, որ 3 տարում 32 ցմահի պահման ռեժիմ է փոփոխվել, սակայն երեք տարում ընդամենը երկու հոգի է բաց հիմնարկ տեղափոխվել, իսկ ռեժիմի փոփոխությամբ երեք տարում բաց հիմնարկ տեղափոխվելուց հետո ազատ է արձակվել ընդամենը մեկ անձ՝ Արսեն Արծրունին։

Նկատենք, որ խոսքը հիմնականում 22-25 տարի կալանավայրում անցկացրած դատապարտյալների մասին է։ 2 բաց ռեժիմ 3 տարում և 1 ազատ արձակված ՝ սա է նոր իրավակարգավորման կիրառման ցուցիչը և այն կատաստրոֆիկ ցածր է։ Ստացվում է, ցմահներին ռեժիմի փոփոխության հնարավորություն է ընձեռվել միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների աչքերին թող փչելու համար։

Ըստ արդարադատության նախարարության տվյալների, 3 տարում ընդամենը 3 ցմահ դատապարտյալ է պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի կրումից:

Սա նույնպես վկայում է, որ արտաքուստ դեմոկրատական իշխանութունը շարունակում է նախկինների ավանդույթը և ներքին, անտեսանելի և չհայտարարված արգելք է դրել ցմահների ազատման հարցում։ Սա այն դեպքում, երբ հայտնի է, որ ցմահ դատապարտյալների շրջանում կրկնահանցագործներ գրեթե չկան։ Ուղղման ճանապարհին նրանք ամենահաջողակ խումբն են համարվում։

Սյուզան Սիմոնյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest