Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները սեպտեմբերի 13-ին Բաքվի ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված և հայրենադարձված բոլոր 17 հայ ռազմագերիների հետ առանձնազրույցներ են ունեցել: Առանձնազրույցների ընթացքում Պաշտպանի աշխատակազմի կողմից վեր են հանվել հայ զինծառայողների (գերեվարումից մինչև հայրենադարձությունը ընկած ժամանակահատվածում) նկատմամբ խոշտանգումների, դաժան վերաբերմունքի վերաբերյալ տվյալները և այլ վատ վերաբերմունքի դրսևորումները: Այս մասին հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
«Առանձնազրույցների արդյունքում հայտնած տեղեկատվությունը ամփոփվել է և համադրվել գերեվարված անձանց ընտանիքի անդամների ընդունելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնած տեղեկությունների, ինչպես նաև տարբեր սոցիալական հարթակներում, լրատվամիջոցների աղբյուրներում առկա՝ հայ զինծառայողների գերեվարման և գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում արված տեսանյութերի հետ: Բացի այս, նշված տեղեկատվությունը համադրվել է նաև ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված մշտադիտարկման այլ աշխատանքների արդյունքների, Պաշտպանին հասցեագրված անհատական դիմումներում առկա տեղեկատվության և հատկապես ադրբեջանական լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում, այդ թվում՝ տելեգրամյան ալիքներում առկա տեսանյութերի, լուսանկարների, հրապարակումների և այլ տեղեկատվության հետ»,- ասաց Գրիգորյանը:
Վերոնշյալ ամբողջ տեղեկատվության և փաստերի հիման վրա ՄԻՊ-ը կազմել է «Հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումները՝ որպես Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դրսևորում» վերտառությամբ արտահերթ ոչ հրապարակային զեկույցը:
«Սույն զեկույցի շրջանակներում անդրադարձ է կատարվել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում իրականացված խոշտանգումներին, դաժան վերաբերմունքին, հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների ատելության քաղաքականության ուղղակի պատճառական կապը հայ գերիների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելու ու դաժանություններ գործելու հետ: Զեկույցի շրջանակում անդրադարձ է կատարվել ոչ միայն Ադրբեջանի զինվորականների, իրավապահ մարմինների աշխատակիցների և այլ պետական ծառայողների գործողություններին, այլ նաև գերեվարման հետևանքով ադրբեջանական բժշկական հաստատություններում բուժում ստացող հայ ռազմագերիների նկատմամբ բուժաշխատողների կողմից ցուցաբերված վերաբերմունքին և դրանում առկա անընդունելի դեպքերին: Զեկույցում Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ խոշտանգումները և դաժան, անմարդկային վերաբերմունքը ներկայացվել է ըստ փուլերի և ադրբեջանական համապատասխան իրավասու մարմինների կողմից դրսևորված վերաբերմունքի: Այսպես՝ նախ ներկայացվում է գերեվարման և ռազմական օբյեկտ տեղափոխելու ժամանակահատվածը, այսինքն՝ այս փուլում խոսքը ադրբեջանական զինվորականների կողմից ցուցաբերվող վերաբերմունքի մասին է:
Հաջորդը ադրբեջանական իրավապահ մարմնում գտնվելու փուլն է, որտեղ ներկայացվում է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ցուցաբերված վերաբերմունքը, և վերջում՝ բանտում կամ բժշկական հիմնարկում գտնվելու փուլը, որտեղ ներկայացվում է բանտի և բժշկական հաստատության աշխատակիցների կողմից հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը:
Հաշվի առնելով այն, որ զեկույցը պարունակում է հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող, դաժան վերաբերմունք, զոհված հայ զինծառայողների մարմիններն անարգելու նկարագրություններ և տեսարաններ, զեկույցը ներկայացվում է փակ ձևաչափով՝ նկատի ունենալով թեմայի զգայունությունը, պատկերների և տեսանյութերի բնույթը, ինչպես նաև հայրենադարձված գերիներին ու նրանց և դեռևս 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող անձանց ընտանիքի անդամներին կրկնազոհայնացումից պաշտպանելու համար»,- ասաց Գրիգորյանը:
Զեկույցը ուղարկվելու է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային իրավասու կազմակերպություններին և պաշտոնատար անձանց, ինչպես նաև միջազգային այլ դերակատարներին: Միևնույն ժամանակ, զեկույցը ուղարկվելու է նաև Արտաքին գործերի նախարարությանը, Ազգային ժողովի նախագահին, Անվտանգության խորհրդի քարտուղարին և Պաշտպանության նախարարությանը:
Անդրադառնալով միջազգային գործընկերների և հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձագանքներին՝ ՄԻՊ-ը նշեց, որ թե սեպտեմբերյան ռազմական գործողությունների ընթացքում, թե դրանից հետո Պաշտպանը մշտական հաղորդակցության մեջ է մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման մանդատ ունեցող միջազգային դիվանագիտական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների և մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Human Rights Watch, Bellingcat, Amnesty International: «Նշված կազմակերպություններին են ներկայացվել հայ ռազմագերիների խոշտանգումների, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի, արտադատական սպանությունների դեպքերը փաստող տեսանյութերը, Պաշտպանի հաստատության կողմից հավաքագրված տեղեկատվությունը, ներառյալ տեսանյութերի նկարահանման հնարավոր կոորդինատները, դեպքերի իրականացման օրվա/ժամին առնչվող և այլ տվյալներ: Դրան հաջորդել է իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արտադատական սպանությունները հետազոտությունների հրապարակումը»,- եզրափակեց Պաշտպանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: