Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը անժամկետ նստացույց ու շարժում է սկսել ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ: Ավելի ուշ մի խումբ ցուցարարներ արգելափակել են գրասենյակի բոլոր մուտքերը, ինչպես փակ է Արցախի մուտքը:
«ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է եւ միակ կազմակերպությունն է, որը մեխանիզմներ ունի՝ հստակ մանդատ տալու կոնկրետ երկրների՝ խաղաղապահ գործունեություն իրականացնելու եւ այդ գործունեության շրջանակները սահմանելու: Նաեւ եւ՛ պարտավորություն, եւ՛ լիազորություն ունի պաշտպանելու տարբեր ժողովուրդների անվտանգությունը եւ իրավունքները, եթե դրանք խախտվում են»,- ասում է Բեգլարյանը:
Վերջինս խոսքով, Արցախի պարագայում ունենք 2020 թվականի պատերազմը, որի ժամանակ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվել են լայնամասշտաբ պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, որոնց ՄԱԿ-ը մինչ օրս չի միջամտել:
«Պատերազմը դադարեցվել է Ռուսաստանի միջամտությամբ: Այս երկու տարիների ընթացքում ռուս խաղաղապահները լավ թե վատ ապահովել են խաղաղությունը, անվտանգությունը: Իհարկե, եղել են միջադեպեր, որոնք նրանց օգնությամբ հարթվել են, իսկ հիմա ունենք իրավիճակ, որ նույնիսկ ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն շրջափակումը վերացնելու եւ հետեւաբար անվտանգությունն ապահովելու»,- ասաց նա:
Վերջինիս խոսով՝ ՄԱԿ-ը, ի դեմս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, պետք է այս հարցը քննարկի եւ լրջագույն միջազգային երաշխիքներ ապահովի, որպեսզի Արցախի ժողովուրդը իր հայրենիքում կարողանա անվտանգ ապրել եւ արարել:
«Ինձ համար կարեւորն այն է, որ ի վիճակի լինենք պաշտպանել առնվազն Արցախի՝ այս պահին եղած սահմանները, ժողովրդի ֆիզիկական գոյության իրավունքները: ՄԱԿ-ը հենց այս պահին Արցախ մուտք գործելու պարտավորություն ունի, առանց ադրբեջանական թույլտվության, եւ դա միայն ՄԱԿ-ը կարող է անել՝ համաձայն միջազգային իրավունքի՝ հումանիտար աջակցություն ցուցաբերելու, օդային հաղորդակցությունը բացելու համար: Այդպիսի միջազգային պրակտիկա կա, եւ ՄԱԿ-ը պարտավոր էր դա անել դեռեւս 2020 թվականին՝ պատերազմի ժամանակ»,- ընդգծեց Բեգլարյանը:
Նա հավելեց, որ ՄԱԿ-ը բազմիցս չի արձագանքել եւ սանկցիաներ չի կիրառել, եւ այս իրավիճակը միջազգային հանրության «իմպոտենտության» եւ Ադրբեջանի անպատժելիության հետեւանքն է. «Արդեն զորքեր են կուտակում տարբեր հատվածներում՝ իբր թե իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար: Այս փոքրիկ քայլեր ներառող փաթեթը Արցախի ժողովրդի ցեղասպանությունն է»:
Անի Գևորգյան