Սեպտեմբերին գերեվարված հայ զինվորներից մեկը, որն արդեն վերադարձել է հայրենիք, անանուն մնալու պայմանով Forrights.am-ին մանրամասներ է պատմել գերության օրերի մասին։ «Դաժան օրեր էին»,-վերհիշելով Ադրբեջանում անցկացրած 20 օրերը, նշեց մեր զրուցակիցը։
Հայ զինվորներին գերեվարելուց հետո թշնամին նրանց տեղափոխում է Ադրբեջանի ռազմական ոստիկանություն, որտեղ առանց պատճառի կանոնավոր ծեծի են ենթարկում նրանց, հետո տեղափոխում բանտ։
«Մինչև բանտում հայտնվելը բավականին շատ ծեծի ենք ենթարկվել։ Բաքվի ռազմական ոստիկանությունում նստել, պառկել չկար, զգաստ պետք է կանգնած լինեիր, որ գլազոկից նայեին ու տեսնեին, որ կանգնած ես։ Քնելու մասին երազել կարելի էր։ Եթե կանգնած չմնայիր 6-7 հոգով մտնում էին սենյակ ու հաշվեհարդար էին տեսնում՝ կարգը խախտելու համար։ Նույնիսկ եթե կանգնած էինք մնում 30 րոպե պարբերականությամբ գալիս էին ու խփում էին՝ 6-7 հոգով, բավականին դաժան»,-ասաց մեր զրուցակիցը։
Forrights.am-ի զրուցակիցը պատմեց, որ դիրքում 22 հոգով են եղել, երեք օր շարունակ պայքարել են հակառակորդի դեմ։ Ուշագրավ է, որ այս զինվորը և ևս երկու զինվոր գերեվարվել են սեպտեմբերի 15-ի առավոտյան, երբ սեպտեմբերի 14-ին հայտարարվել էր հրադադարի մասին։
«Գերեվարվել ենք Ջերմուկ քաղաքից չորս կմ հեռավորության վրա։ Շենքերը, լուսամուներն, ամեն ինչ երևում էր, անտառն էր ու Ջերմուկը»,-ասաց նա և նշեց, որ երբեք չէին պատկերացնի, որ Ջերմուկի մատույցներում կարող էին գերեվարվել։ Նրա փոխանցմամբ՝ Ջերմուկի մոտակայքից 7-8 ժամ է տևել մինչև Բաքու հասնելը։
Ամբողջ ճանապարհին գերեվարված տղաները հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների են ենթարկվել։ Թշնամին պահանջել է նրանց ասել, որ Երևանն ու մյուս հայկական բնակավայրերն Ադրբեջանի մաս են։
Թե ինչու են տղաները հրադադարից հետո գերության մեջ հայտնվել ծնողներին Պաշտպանության նախարարությունը որևէ պարզաբանում չի ներկայացրել, անպատասխան են մնացել հարցեր, թե ինչու էին ադրբեջանական ԱԹՍ-ների դեմ հայ զինվորները մնացել միայն ավտոմատներով։ «Մեր ուղղությամբ, մեր հետևից օգնություն չի եկել։ Աստղերից շատ անօդաչուներ էին գալիս, միայն ավտոմատներ էին մեր մոտ։ Դիրքերը նվիրում են, զինվորներին էլ հետը»,-ասաց նա։
Ծնողները պնդում են, որ իրենց որդին ռազմական ոստիկանությունում հոգեբանական բռնությունների է ենթարկվել, իսկ Պաշտպանության նախարարությունում նրանց բողոքները պատշաճ չեն ուսումնասիրել։ «Ես վախենում եմ, իր մոտ շատ սուր է խնդիրները նկատվում»,-մտահոգված են ծնողները։
Բաքվի դաժան գերությունից հետո հայրենիք վերադարձած զինվորները այստեղ էլ հոգեբանական բռնությունների են ենթարկվում։ Ադրբեջանից Հայաստանի ռազմական ոստիկանություն տեղափոխված հայ զինվորներին մեղադրել են իրենց չպայթեցնելու և գերի ընկնելու համար։
«Միակ հնարավոր տարբերակը գերության մեջ չհայտնվելու ինքնասպան լինելն էր։ Իրավիճակն այնպիսին էր, որ միայն ես էի զենքով, իմ հետի երկու հոգին զենքերն արդեն վայր էին դրել՝ թշնամու դիպուկահարի հրամանով։ Կոպիտ ասած իմ ձեռքերում էր երեքիս կյանքն էլ։ Այդ ընթացքում ես հասցրեցի մտածել ընտանիքիս, հարազատներիս մասին, մինչև վերջ չէի կողմնորոշվում, թե ես ինչ պետք է անեմ, մեռնելն այդ պահին անհամեմատ հեշտ է, քան ապրելը, որովհետև ապրելու որոշում կայացնելով չգիտես, թե ինչ փորձությունների միջով կանցնես։ Գերության մեջ հայտնվել ենք երկու օր շրջափակման մեջ լինելուց հետո, պատերազմին մասնակցել ենք, թշնամուն կորուստ ենք տվել՝ ամենքս 4-5 հոգու կյանք ենք խլել և նահանջի ճանապարհին ենք գերության մեջ հայտնվել:
Գերությունը ներկայացվում է աններելի մեղք՝ պետության և ազգի հանդեպ։ Ընկալումն այնպես էր, որ ավելի լավ է մարդ մեռներ, քան հայտնվեր գերության մեջ։ Սա տարածված տեսակետ է, թե Զինված ուժեերում, թե ռազմական ոստիկանությունում։ Ռազմական ոստիկանությունում ասում էին՝ չունեիք նռնակ, որ ձեզ պայթեցնեիք, իմ պատասխանն էր՝ չէ, իհարկե, չունեինք, չէին տրամադրել մեզ այն մարդիկ, որ պետք է տրամադրեին»,-հայրենիք վերադառնալուց հետո արժանացած վերաբերմունքի մասին ներկայացրեց մեր զրուցակիցը։
Այս զինծառայողին առաջիկայում զորակոչելու են բանակ։ Ծնողների փոխանցմամբ՝ ունի հոգեբանական լուրջ խնդիրներ, թշնամու ստացած հարվածներից կողոսկրը կոտրված է։ Ընտանիքում նշեցին, որ խնդիրներ կա նաև գլխի հետ, բայց հոսպիտալում հրաժարվում են համակարգչային տոմոգրաֆ հետազություն իրականացնել։ Թե որքան անտարբեր են իշխանությունները զինծառայողների նկատմամբ մայրը մեկ դրվագ ներկայացրեց․
«Վերադառնալուց հետո երրորդ օրն է իրենք Բաքվի տված սպորտային հագուստով էին ու ռեզինից տապչկաներով»։
Զինծառայողի ծնողները դիմել են ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանին, որ պաշտպանի իրենց որդու իրավունքերը, կարծում են, որ նա առկա առողջական վիճակով ենթակա չէ զինվորական ծառայության։
Հայաստանի պաշտպանության նախարարն ասելիք չունի գերությունից վերադարձած տղաների խնդիրների մասին։ Սեպտեմբերի 14-ին անվտանգության աշխատակիցներով շրջապատված Ազգային ժողով ժամանած Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հնարավոր է օրենսդրական փոփոխություններ կատարվեն և գերությունից վերադարձած հոգեբանական ու ֆիզիկական խնդիրներ ունեցող զինծառայողները զորացրվեն․ «Չեմ կարծում»,-միայն ասաց Սուրեն Պապիկյանն ու թիկնազորի ուղեկցությամբ՝ անվտանգ հեռացավ։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։