Սեպտեմբերյան մարտերից հետո գերությունից վերադարձած զինծառայողները հնարավոր է կրկին ծառայության վերադառնան։ Նրանց ընտանիքի անդամներն ահազանգում են իրենց տղաների առողջական խնդիրների մասին, որոնք ոչ միայն ֆիզիկական են այլ, նաև հոգեբանական։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ին ահազանգած հարազատները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ իրենց տղաները Բաքվում անմարդկային բռնությունների են ենթարկվել, հոգեբանորեն ճնշված են, ունենք լուրջ խնդիրներ, սակայն, հնարավոր է, որ առնվազն երկու շաբաթից կրկին դիրքեր ծառայության մեկնեն։

Գերությունից վերադարձած պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի ընտանիքի անդամն, առայժմ անանուն մնալու պայմանով, իրենց դեպքը մասնավորեցնելով ասաց, որ տղայի մքտից Բաքվում անցկացրած դաժանությունները դուրս չեն գալիս։ Նրա փոխանցմամբ՝ գերեվարվելուց հետո առաջին երեք օրը զինվորներին պահել են Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում, որտեղ ծայրահեղ խոշտանգումների են ենթարկել։ Անզեն աչքով տեսանելի են բռնության հետքերը, նույնիսկ այրվածքների հետքեր կան վզի հատվածում, որոնք մարտական գործողությունների հետ առնչություն չունեն։

«Առաջին երեք օրը ռազմական ոստիկանությունում դաժան է եղել, ասում է՝ դժոխք է եղել, մինչև տարել են բանտ․․․Գիշերը քնից վեր է թռնում, անընդհատ ուզում է միայնակ մնա, մենք ինչ թեմայով, որ հետը խոսում ենք ինքը թեման փոխում է, նորից իր հետ տեղի ունեցածներն է պատմում»,-ասում է զինծառայողի ազգականն ու նշում, որ նրա մտքերում անըդհատ բռնության ու արյան տեսարաններն են, մահացող ընկերներն են։

«Եթե մեր երեխան նորմալ է, թող տանեն, ծառայի, բայց մենք տեսնում ենք, որ լավ չի։ Ոտքից վիրավորում է ունեցել, բուժում է ստացել, 10 օր հոսպիտալում է մնացել, հետո մայրական խնամքի են ուղարկել։ Պետք է հոգեբույժի մոտ էլ տանենք, մենք տեսնում ենք նորմալ չի»,-ասաց նա։

Գերությունից վերադարձածների խնդիրներով զբաղվող փաստաբան Անի Չատինյանը մեզ հետ զրույցում ևս նշում է՝ ստանում են ահազանգեր, որ գերության մեջ գտնված զինվորներին առաջիկայում կրկին զինծառայության են տանելու։

«Բոլոր վերադարձածները հոսպիտալացվել են, հետո արձակուրդ են ստացել առաջիկայում զորակոչվելու նպատակով։ Կան դեպքեր, երբ վերադարձած գերիներին ցանկանում են հետ վերադարձնել»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ միջնորդում են, որ ծառայողները հոգեբանական աջակցություն ստանան։

«Սա բարդ և երկարատև գործընթաց է, որ անձը կարողանա հոգեբանորեն վերականգնվի, պատրաստ լինի ծառայության։ Հոգեբանական վերաբերմունքը երկարատև ժամանակ է, դա կարող է տարի տևել։ Պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված, գերության ընթացքում խոշտանգումների հայտնված 18-20 տարեկան զինծառայողները պատրաստ են 15-20 օրում կամ մեկ ամսում իրենց հոգեբանական խնդիրները հաղթահարեն և անցնեն ծառայության։ Ես գիտում եմ, ոչ մինչև այս խնդիրները չլուծվեն զինծառայողների մոտ, զինծառայության տանելը հղի է բազմաթիվ խնդիրներով, նոր հանցագործություններով։ Ծանր հետևանքեր կարող են առաջանալ»,-ասաց փաստաբանը։

Անի Չատինյանը նշում է, որ գերությունից վերադարձածներն առողջական լուրջ խնդիրներ ունեն։ «Ընդհում մինչև անգամ սրտի հետ կապված խնդիրներ։ Հոգեկան խնդիրները, քանի որ մնում են չլուծված, տանում օրգանիզմի ընդհանուր ախտահարման՝ սիրտ-անոթային, ճնշման տատանման խնդիրներ։ Պետության պարտավորությունը պետք է լինի, ոչ թե զինվորական ծառայության հարցը լուծել, այլ առաջնային անդրադառնալ առողջության պահպանմանը։ Պետք է ռեալ գնահատվի՝ այս զինծառայողները կարող են զենք վերցնել գնալ ծառայության, թե՝ ոչ»,-ասաց փաստաբանը։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  44-օրյա պատերազմից, ինչպես նաև 2021 թվականի նոյեմբերին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո գերությունից վերադարձած զինծառայողները պատշաճ հետազոտություն չեն անցնում, վերականգնողական անհրաժեշտ բուժում չեն ստանում և կարճ ժամանակ հոսպիտալում և ընտանիքում մնալուց հետո կրկին վերադարձվում են զինվորական ծառայության։ Զորամաս և հատկապես դիրքեր վերադառնալուց հետո զինծառայողների առողջական վատ վիճակը խորանում է։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ն ուսումնասիրել է փետրվարին գերությունից վերադարձած Արթուր Բ․-ի պատմությունը՝ ընտանիքի ահազանգից հետո։ Պարզել էինք, որ զինծառայողը բանակ է մեկնել առանց անհրաժեշտ հոգեբանական և վերականգնողական բուժում ստանալու, ինչից հետո նրա վիճակը ծայրահեղ ծանր էր դարձել։ Մեր հետևողական լուսաբանումներից հետո ի վերջո Պաշտպանության նախարարությունը նոր փորձաքննություն իրականացրեց, ինչի ժամանակ պարզվեց, որ զինծառայողի առողջական վիճակն անհամատեղելի է ծառայության հետ։

Ուշագրավ է, որ Պաշտպանության նախարարությունը չի նախաձեռնում օրենսդրական փոփոխություններ, որպեսզի գերությունից վերադարձածները օրենքով համարվեն զորացրվածներ։

Նարեկ Կիրակոսյան

 

Pin It on Pinterest