Հոկտեմբերի 23-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կռիվ և դանակահարություն է եղել ։ Մի քանի դատապարտյալներ ծեծի են ենթարկել և դանակահարել են կալանավայրի «զոն նայող» Արման Բ-ին, որից հետո վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։ Մեր տեղեկություններով, կարճ ժամանակ անց նրան հետ են տարել «Արմավիր» ՔԿՀ։
Հայտնի է դանակահարողի անունը՝ ոմն Կոնստանտին, որին, ըստ շրջանառվող ոչ պաշտոնական տեղեկությունների, «Երևան կենտրոն» ՔԿՀ-ից օրերս տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։ Վարկած կա, որ տեղափոխությունը նպատակային է եղել, որ նրան բերել են հենց Արման Բ-ին դանբակահարելու համար և որ «Արմավիր» ՔՀԿ ղեկավարությունը դեմ է եղել Կոնստանտինի տեղափոխությանը հիմնարկ։
Ին չպես հայտնի է, դատապարտյալների հիմնարկից հիմնարկ տեղափոխութունը տեղի է ունենում միմիայն քրեակատարողական ծառայության պետի հրամանով։
Հաջորդ օրը արդարադատության նախարարությունը հաղորդեց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ։
ԱՆ վերահսկողական վարչությունը «Արմավիր» ՔԿՀ-ում 07.09.2022թ.-ին իրականացրել է ծառայողական քննություն։ «Պարզվել է, որ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարի կողմից նույն հիմնարկում պահվող կալանավորված անձ Ռ.Բ-ի 2022 թվականի հուլիսի 21-ին կալանքից ազատելու մասին N որոշումը հիմնարկի պետը կայացրել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 42-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ, ուստի ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով կիրառվել է կարգապահական տույժ», — հայտնում է նախարարությունը։
«Արմավիր» ՔԿՀ պետը նախկին զինվորական Արտակ Ղազարյանն է, որը ՔԿ համակարգում է 2015 թվականից։ Տարին մեկ ռակիռովկայի սկզբունքով նա պետի տեղակալ է նշանակվել տարբե ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում, իսկ 2018 թվականին պետ է նշանակվել «Հրազդան», ապա «Արմավիր» ՔԿՀ-ում։
Դատապարտյալները, որոնց հետ շփվել ենք, որպես կանոն դրական են արձագանքել Արտակ Ղազարյանի մասին։
Մենք դիմեցինք Քրեակատարողական ծառայություն, խնդրելով պարզաբանել, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել, ովքեր և ինչու են ծեծի ենթարկել Արման Բ-ին։
«2022 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի զբոսահրապարակներից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն կալանավորված անձանց միջև, որի արդյունքում կալանավորված անձանցից մեկը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել ու մարմնական վնասվածքներ է պատճառել այլ կալանավորված անձի”, — պատասխանեց ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանը։
Հայտնեց նաև, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի միաժամանակ եերք հոդվածներով՝ 195-րդ հոդվածի 1-ին մասի / Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը/, 167-րդ հոդվածի 1-ին մասի / Մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար/ և 512-րդ հոդվածի՝
Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելը։ Սա այս ամիս արդեն երկրորդ դեպքն է «Արմավիր» ՔԿՀ-ում, երբ դատապարտյալները իրար են ծեծում, դանակահարում, սպանում։
Հոկտեմբերի 13-ին այստեղ մահացել է մոտ 50 տարեկան կալանավորված անձ։ Քրեակատարողական ծառայությունը դեպքի վերաբերյալ Forrights.am-ին հետևյալ պաշտոնական տեղեկությունը փոխանցեց։
«Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1974թ․ ծնված Ա․ Յ․-ի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը և կանչվել է շտապօգնություն։ Ժամանած բժիշկների կողմից ժամը 23։15-ի սահմաններում արձանագրվել է Ա․ Յ․-ի կենսաբանական մահը»։
Պաշտոնական հաղորդագրությունից կարող է թվալ, թե Ա․ Յ-ի մահվան պատճառը է առողջական խնդիրն է։ Սակայն ըստ կալանավայրի աղբյուրների, դատապարտյալին սպանել են ծեծելով՝ մի երևույթ, որը երկար տարիներ արդեն վերացել էր մեր ՔԿՀ –ներից։
Նա, ըստ ՔԿԾ-ից ստացված տվյալների, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 9-րդ կետերի հատկանիշներով, այսինքն, ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված` խոցելի վիճակում գտնվող մերձավորի սպանության համար։
Փաստորեն, ՔԿՀ-ները վերածվել են սև եռանկյունիների, որտեղ ամեն օր մութ հանցագործություններ են տեղի ունենում, անհայտ դերակատարներով, որտեղ օրը ցերեկով կարող են մարդիկ անհետանալ, ծեծվել, սպանվել, դանակահարվել, իսկ հանրությունը պաշտոնական խողովակներից ընդամենը կցկտուր, գրեթե ոչինչ չասող տեղեկություններ կարող է ստանալ այս հանցանքների մասին։
Հիշեցնենք նաև երկու տարի առաջ Նուբարաշեն ՔԿՀ-ում Վահագն Աբգարյանի դանակահարության դեպքը, երբ դրսից մարդիկ էին հայտնվել քրեակատարողական հիմնարկում, կալանավորին ծեծի ենթարկել, ապա դանակահարել։ Հատկանշական է այն, որ այս դեպքերը չեն բացահայտվում և հանցագործները մնում են անպատիժ։ Այս դեպքում էլ քրեական գործ հարուցվեց, բայց շատ արագ կարճվեց։ Փակ համակարգում առավել հեշտ է բացահայտել, սակայն իրավապահ մարմինները չեն գնում դրան՝ բարձր պահելով «մունդիրի պատիվը»։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: