Հասմիկը երազում է Արցախ վերադառնալու, Մաղավուզ գյուղի իրենց տանն ապրելու և տան պատշգամբում նորից՝ խաղաղ ժամանակների նման, ընտանեկան հավաքույթներ կազմակերպելու մասին։ Երազանքները, սակայն, անորոշ ժամանակով հետաձգված են, իսկ բազմանդամ ընտանիքը՝ մասնատված։
2020 թվականի 44-օրյա պատերազմը մասնատել, իսկ այս երկու տարիների ընթացքում առաջացած խոչընդոտները թույլ չեն տալիս Հակոբյաններին վերամիավորվել։ Թշնամու արկի հարվածներից Հասմիկենց երկհարկանի տնից մեկ պատն է մնացել․ «Դա մեր հույսի պատն է»,-ասում է Հասմիկը և հավատում, որ այդ պատի շուրջ վերակառուցվելու է իրենց տունը։
«Մեր տնից մեկ պատ է մնացել, երբ տունը ռմբակոծեցին հայրս կանգնած էր այդ պատի հտևում»։
Հասմիկն արդեն երկու տարի ապրում է Հրազդանում, ավագ եղբայրը կնոջ և չորս անչափահաս երեխաների հետ տեղափոխվել է մեկ այլ վայր ապրելու, իսկ ծնողները պատերազմից հետո բնակվում են Մաղավուզի տան նկուղում։
«Պատերազմից հետո մեր ընտանիքի կյանքը ուրիշ ընթացք է ստացել, բաժան-բաժան ենք եղել։ Այնպես է ստացվել, որ մենք ամենքս տարբեր տեղերում ենք ապրում, բայց մեր տունն ենք ուզում, մեր տան ջերմությունը, տունը տուն կդառնա, երբ բոլորս վերադառնանք»։
Հասմիկին ու ընտանիքը հենց պատերազմի առաջին օրն են ստիպված եղել լքել իրենց ծննդավայրը՝ Մարտակերտի շրջանի մաղավուզ գյուղը։
«Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 7 անց էր, վեր թռա, չհասկացա, թե ինչ է կատարվում, վազեցի դեպքի դուռը, հայրս պատշգամբում կանգնած ծխում էր։ Առաջին բառը, որ ես արտասանեցի․ «Վայ, Իլյան․․․»։
Իլյան Հասմիկի կրտսեր եղբայրն է, ժամկետային զինծառայող, զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում։ Հասմիկը ընտանիքի վերամիավորումը պատկերացնում է անմահացած եղբոր վերադարձով։
«Ամեն անգամ Իլյայի գերեզմանին գնալիս խնդրում եմ, որ նա գա ինձ վերցնի և միասին գնանք մեր տուն։
Երկու տարի անց տունը վերակառուցված չէ, աշխատանքները կանգնած են։ Հայրս որոշել է՝ տարիների ընթացքում մեր տունը պետք է վերականգնի, ամեն անգամ մի բան ավելացնում է, պատուհան է դնում, դռներն է ավելացնում»
Պատերազմից, եղբոր կորստից ու հայրական տնից զրկվելուց հետո Հասմիկի համար ապագան անորոշ է։ «Պատերազմից հետո իմ կյանքը, ժամանակը կանգնել է, ինչ-որ նոր բանի եմ սպասում, Իլյայի վերադարձին եմ սպասում, մեր տունդարձին եմ սպասում։ 2020-ից հետո ուղղակի ապրում եմ, առանց զգացողությունների։ Ապագան պատկերացնում եմ մեր գյուղի տանը»։
Հասմիկը մտավախություն ունի, որ մի օր նաև Մաղավուզ վերադառնալու երազանքների հույսը կկորցնի, եթե որոշվի, որ Արցախն այլևս հայկական չի լինելու։ «Այդ հողի համար, թեկուզ տուն դառնալու, դարպասը բացելու համար ես ամենաթանկն եմ զոհել։ Երբ խոսում են այդ թեմայով, որ այլընտրանք չկա, կարող է Արցախը մեր չլինի, առանց մտածելու, որ իմ վերքերն ավելի շատ են մրմռացնում․․․»։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։