44-օրյա պատերազմը կրկնակի աղետ դարձավ Համեստ Բեջանյանի համար։
Եւ ամուսնուն տարավ, և տունը։ Սամվել Բեջանյանը զոհվել է դիրքերում, տունը փլվել է ռմբակոծությունից, ավիրվել է։
Պատերազմից հետո երկու երեխաների հետ մի շրջան ապրեց վարձով։ Հետո բարեկամն իր տուն հրավիրեց, երկու սենյականոց կիսավեր մի տուն Մարտակերտում։ Բայց բարեկամը փոշմանել է։ Դուրս է հրավիրում ընտանիքին։
«Ինքը մեզ ընդունել ա, բայց ասում ա՝ դուս եկեք, ես վարձով ուրիշի եմ տալու։ Երկու տարի ա, մնում եմ ստեղ, հիմա գնալու տեղ չունեմ։ Մեր տունը քանդված է, կտուր չունի, պատերը հազիվ են կանգնած», — գանգատվում է Համեստը։
Նա դիմել է Մարտակերտի և Ստեփանավանի վարչակազմին, խնդրել է, բացատրել է, որ տեղ չունի գնալու, որ տան տերը ամեն օր զանգում, ասում է՝ մի տուն գտեք, դուրս եկեք։ Նրան խոստացել են, որ տուն կտան, ու չեն տալիս։
«Հաշմանդամ տղա ունեմ, 20 տարեկան, չի խոսում։ Հաշմանդամի նպաստով՝ 50 հազար, մեկ էլ զոհված ամուսնուս համար են փող տալիս, դրանով ապրում ենք, բայց տուն դրանով չենք առնի», — ասում է Համեստը։
Նա սովոր չէ խնդրելու, անգամ բողոքել չի կարողանում, այնքան է համակերպվել գլխին թափվող դժբախտությունների հետ։ Սպասում է պետությանը, որ պետությունը իր տված խոստումը կատարի ու մի տուն ստեղծի Համեստի համար։
Մարտակերտի վարչական շրջանի ղեկավար Արսեն Ավանեսյանը Forrights.am-ի հետ զրույցում ասաց, որ Համեստ Բեջանյանը զոհված զինծառայող Սամվել Բեջանյանի երկրորդ կինն է։ «Չորս երեխա էլ Սամվել Բեջանյանը երկրորդ կնոջից ունի, հիմա ո՞ր մի կնոջ համար պետությունը տուն սարքի», — հարցնում է Ավանեսյանը։
Ասենք, թե երկրորդ կինն է, բայց նա տուն է կորցրել, չպե՞տք է ապահովվի տնով։ Մեր հարցին վարչական շրջանի ղեկավարը պատասխանեց, որ Մարտակերտի բոլոր այն բնակիչները, որոնք պատերազմի ժամանակ կորցրել են տները, կապահովվեն բնակտարածքով։ «Համեստը փլված տուն ունի, որը ստացել է որպես ժառանգություն։ Այդ տունը պետք է վերանորոգվի, բայց որ իրենք պատկերացնու են, թե կախարդական փայտիկը խփելու ենք գետնին, նոր տուն է լինելու, տենց չի լինում։ Եթե այդ տունը սարքվի, միայն գալիք տարի դա կլինի»։ Շա՞տ են քանդված տները։
Քան՞ի մարդու համար պետք է նոր պետք է ապահովեք, քանի՞ մարդու տուն է քանդվել։ Այս հարցերի պատասխանները, ըստ Արսեն Ավանեսյանի, գաղտնի տվյալներ են պարունակում։
«Ես չեմ կարող թվեր նշել, բայց կարող եմ ասել, որ շատ։ Ճիշտ է, Մարտակերտի բնակֆոնդը մի քիչ հին է, բայց շինարարական աշխատանքները կատարվում են։ Պատերազմի ժամանակ քանդված, հրետակոծված տների հետ կապված աշխատանքները ընթացքի մեջ են, բոլորը սարքվելու են և նրանք բնակարաններով ապահովվելու են։ Եթե վերականգնման ենթակա չեն տները, զոհվածի ընտանիքներին ապահովելու ենք բնակարանով», — ասաց Արսեն Ավանեսյանը։
Նա խոստացավ որ վաղը ընդունելու է Համեստ Բեջանյանին և փորձելու է լուծել նրա խնդիրը։
Մարտակերտի բնակիչ, լրագրող Կարեն Շիրինյանը ասում է, որ Մարտակերտում անտուններ շատ կան, թեև փողոցում քնող մարդ չես գտնի։ «Շրջաններից էլ են եկել, ասում են, որ տուն են տալու, բայց չեն տալիս, կամ էլ տալիս են միայն ծանոթներին։ Մարդկանց խնդիրները չլուծելով, մեզ ստիպում են արտագաղթել։ Այո, օրենքով պետք է տան տուն, բայց օրենքով վարկերն էլ պետք է զրոյացնեն։ Ո՞ւր է», — ասում է Կարենը։
Նա ևս կորցրել է տունը։ Ապրում էր Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում, որը Շիրինյանները ստացել էին որպես զոհված ազատամարտիկի ընտանիք։ Այս տունը Կարենի համար 92 թվականին արցախյան մարտերում զոհված հոր հիշատակն էր։ Պատերազմից հետո օգոստոսյան մի օր տունը այրվեց` գույքով եւ փաստաթղթերով, փողով, որը Կարենի մայրը հավաքել էր թոռնիկին առաջին դասարան ուղարկելու նպատակով։ Կարենը երկար սպասեց պետության օգնությանը։ Ընտանիքը ժամանակավոր մնում էր քրոջ փոքրիկ տանը։ Բայց զրո արձագանք եղավ։
«Մինչև հիմա գալիս սարքում են։ Հետո էլ ասում են՝ մարդիկ խի՞ են արտագաղթում։
Պետության անուշադրությունից օրական տասնյակ ընտանիքներ են արտագաղթում»։
Ի վերջո, Կարեն Շիրինյանն էլ ընտանիքին վերցրեց՝ կնոջն ու երկու մանկահասակ երեխաներին, արտագաքթեց Երևան, որտեղ ապրում է վարձով։ Մայրը մնաց Արցախում։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: