2021թ. օգոստոսի 19-ին Գորիսից ոչ հեռու, Կոռնիձորի դիրքում տեղի ունեցած երեք զինծառայողների սպանության գործով նախաքքննությունն ավարտվել է հուլիսին: Գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է: Մոտ մեկ ու կես տարի տևած քննության ընթացքում քննիչների նախնական վարկածը փլվել է, հանցագործության շարժառիթը վերացել է, սակայն մեղադրյալներն ու մեղադրանքները նույնն են:
Փաստորեն, դատարան է մտնում սպանության գործ, որը, ըստ քննչականի և դատախազության, կատարվել է հենց այնպես, առանց տեսանելի որևէ պատճառի:
Հիշեցնենք՝ օգոստոսի 19-ի գիշերը Կոռնիձորի դիրքում սպանվեցին 19-ամյա Մուրադ Մուրադյանը, Լևոն Հարությունյանը և Գոռ Սահակյանը: Բոլոր տղաները հրազենային վիրավորումներ ունեին:
Ըստ դատախազության՝ 2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում ժամկետային զինծառայող Ա-ն, կատարելով արթուն հերթափոխի պարտականությունները, մտել է մարտական դիրքի կացարան, վերցրել ծառայակիցներից մեկին ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը և լիցքավորելով այն և կրակ է բացել իր քնած համածառայակիցների ուղղությամբ: Նրան մեղադրում են երկու և ավելի անձանց սպանության համար /հին քր․օր–ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ/։
Առաջին իսկ վարկածը, որի ուղղությամբ բավականին երկար ժամանակ քննություն էր կատարվում՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններն էին, որոնք, իբր, իրականացրել է Ա-ի նկատմամբ նրա ծառայակիցը՝ զինծառայող, դիրքի ավագ Ս-ն: Դրանց՝ մտնելով սենյակ, իբր, ակամայից ականատես են եղել երեք սպանվածները:
Ըստ Ա-ի նախնական ցուցմունքների, ավագն իրենից պահանջել է սպանել այս երեքին, ծաղրից խուսափելու համար, հակառակ դեպքում տեղի ունեցած սեքսուալ գործողությունների մասին տեսանյութը կուղարկի նրա ծնողներին: Ա-ն տրվել է շանտաժի ու սպանել է ծառայակից ընկերներին:
Դիրքի ավագ Ս-ին մեղադրեցին սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և սպանության դրդելու համար /ՀՀ հին քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ, և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ/: Հետագայում սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքը հանվեց, քանի որ նախաքննության կողմից ապացույցներ ձեռք չբերվեցի, հետագայում Ա-ն հրաժարվեց նախաքննական իր ցուցմունքներից և պնդեց, որ իր հետ նման բան չի եղել, ինքը որևէ մեկի հետ խնդիր չի ունեցել իսկ կեղծ ցուցմունքները գրել է ռազմական ոստիկանության աշխատակիցների հորդորով:
Ա-ի փաստաբան Գարիկ Գալիկյանն է իր պաշտպանյալ Ա-ին հորդորել հրաժարվել նախկինում տված կեղծ ցուցմունքներից, ասելով՝ եթե դու չես արել, ինչու ես քո չարած բանը, ցմահ ազատազրկման հոդվածը վերցնում ես քո վրա՚: Ա-ն տվել է նոր ցուցմունք, սակայն դրա ուղղությամբ քննչական գործողություններ չեն արվել:
Գալիկ Գալիկյանը դեռ չգիտի, թե արդյոք կպահանւջի, որ ռազմական ոստիկանության աշխատակիցներին պատասխանատվության կանչեն: Forrights.am-ի հետ զրույցում նա ասաց. ՙԸնթացքը ցույց կտա, գուցե, դատարանում արդեն որոշ գործողություններ ձեռնարկենք՚: Եթե սեքսուալ գործողություններ չեն կատարվել, ապա ինչո՞ւ են սպանվել տղաները, քննիչներն ինչպե՞ս են բացատրում սպանության շարժառիթը: ՙՈչ մի կերպ, բացառապես իր նախնական ցուցմունքով: Գործը դատաքննությա ն փուլում է, և այս պահին որևէ մեկնաբանություն չեմ ուզում տալ: Չի բացառվում, որ դատաքննությունը դռնփակ լինի, քանի որ որոշակի հանգամանքներ կան, որոնք վերաբերում են մարդու անձնական կյանքին: Մեկ նիստ է եղել Սյունիքի դատարանում, որի ընթացքում քննարկվել է խափանման միջոցի հարցը: Միջնորդել ենք, որ դատաքննությունը տեղափոխվի Երևան, հաշվի առնելով, որ բոլոր կողմերը Երևանից են: Դատարանը բավարարել է միջնորդությունը և օրենքով սահմանված կարգով գործն ուղարկել է Երևան՚: Հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերին:
Սպանված Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի շահերը ներյակացնող փաստաբան Հայարփի Սարգսյանը ևս չի հավատում քննիչների պաշտոնական վարկածին: News.am կայքին նա ասել է, որ Մուրադ Մուրադյանի ճակատային հատվածում եղել են քերծվածքներ, մյուսների վրա ևս կան մարմնական վնասվածքներ, ոչ հրազենային, կողերի կոտրվածքներ: Ինչպե՞ս են դրանք հայտնվել սպանվածի մարմնի վրա, հնարավո՞ր է, որ դիրքում այլ միջադեպ է եղել, վեճ, կռիվ, որը կարող էր բերել սպանության:
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը չի բացառում այս վարկածը: Նա ասում է, որ քրեական գործում կան տվյալներ, որ դեպքից կարճ ժամանակ առաջ Կոռնիձորի գյուղացիները եկել են դիրք և վիճաբանություն է տեղի ունեցել զինծառայողների և ինչ-որ անձանց միջեւ։ ՙՈչ թե հատուկ եկել են վօիճաբանելու, այլ նրանք մշտապես եկել են դիրք, եկել են, հաց են կերել, ջուր են խմել իրար հետ: Ու այդ այցելություններից մեկի ժամանակ էլ վիճաբանություն է եղել, վերջում էլ գյուղացիներից մեկը ասել է՝ դեռ ձեր հալը կտեսնեք: Այդ մասով մարդկանց թեթևակի հարցաքննել են, բայց քանի որ Ա-ն ցուցմունք է տվել, որ ինքն է կատարել սպանությունը, դրանով քննիչները բավարարվել են ու ոչ դիվերսիայի, ոչ գյուղացիների վարկածով էլ քննություն չեն կատարել: Նախաքննության ավարտից մեկ օր առաջ Ա-ն փոխել է ցուցմունքները, և փոխանակ քննությունը շարունակեին, գործը փակել են՚, — ասում է փաստաբանը: Ըստ նրա, Ա-ն ոչ միայն հրաժարվել է իր նախնական ցուցմունքներից, այլև ասել է, որ ինքը դեպքի վայրում տեսել է մարդկանց, որոնք փախչում էին: ՙԴեմքերը չի տեսել, բայց հենց այդ պատճառով էլ նա մտածել է, որ դիվերսիա էր: Երբ կարդում ես գործը, տեսնում ես, որ ով ասես, կարող էր ելումուտ ունենար այդ դիրք, — նշեց Լիպարիտ Սիմոնյանը:
Փաստաբանը վստահեցնում է, որ Ա-ի ցուցմունքը փոխելուց հետո իր պաշտպանյալի մեղադրանքը վերանում է, քանի որ այլևս պարզ չէ, թե ինչու պետք է նա դրդեր Ա_ին սպանության: ՙԻմ պաշտպանյակը դեպքի պահին չի եղել հենակետում, ու հետո Ա-ն նրան ասել է, որ դիվերսիա է տեղի ունեցել: Դիվերսիայի վարկածը բացառել են ՔԿ-ն ու ՊՆ-ն, և այս ուղղությամբ չի կատարվել ոչ մի քննությունՙ — ասում է Լիպարիտ Սիմոնյանը:
Մեղադրյալ, դիրքի ավագ Ս-ի հայրը՝ Հովհաննես Գրիգորյանը պատմում է, որ սպանության գիշերը որդին զանգել, ասել է իրեն, որ դիվերսիա է եղել: ՙՄիանգամից նստեցի մեքենա, գնացի դիրք, բայց պարզվեց, որ դիվերսիա չի եղել: Ոստիկանները ասեցին, որ սպանություն է կատարվել: Բայց տղաս ասաց, որ չի հավատում, որ Ա-ն սպանած լինի զինվորներին: Բայց թե ինչ է կատարվել, իմ տղան չգիտի: Ես նրան շատ եմ հարցրել՚:
Ս-ն հորը պատմել է, որ իր որդին, գալով կողքի դիրքից, տեսել է, որ երեք ընկած ծառայակիցներից մեկը՝ Լևոնը, վիրավոր է: ՙԶորամասի քեքենան ուշանում էր, և տղաս կանչել է կողքի գյուղից իր ընկերոջը, որը մեքենա ուներ: Որդիս իր շորերը հանել է, Լևոնի վիրավոր տեղերը փաթաթել է, նրան նստացրել է մեքենան և ուղարկել է, բայց հիվանդանոցի ճանապարհին էդ երեխեն մահացել է՚, — ասում է Հովիկ Գրիգորյանը: Լևոնը մահից առաջ հասցրել է հարցնել Ս-ին՝ էս ինչ կատարվեց, ես չեմ հասկանում, և ուշագնաց է եղել:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: