39-ամյա Հասմիկ Պողոսյանը որդուն՝ Նարեկ Բադալյանին վերջին անգամ տեսել է 2020-ի փետրվարի 7-ին, Գյումրու զորամասում երդման արարողության ժամանակ: Այստեղ մի քանի ամիս ծառայությունից հետո արդեն Արցախում որդուն տեսնելու միակ միջոցը մոր համար տեսազանգն է եղել: Իսկ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմի 42 օրերի ընթացքում նրանք հեռախոսով խոսել են վայրկյաններ:
Պատերազմի 42-րդ օրը՝ նոյեմբերի 7-ին Շուշիի թեժ մարտերում, երբ արդեն հայտնի էր, որ մեծաքանակ թշնամին առաջ է շարժվում և փրկվելու հնարավորություն չկա, գերի չընկնելու համար Նարեկը ընտրել է հերոսին հայտնի չհանձնվելու ձևը՝ ձեռքի հրազենով կրակել է իր վրա:
«Նոյեմբերի 7-ին ժամը 4-ի կողմերը զանգում է հորեղբոր տղային, ասում՝ հետ գալու հույս չկա, չսպասեք ինձ, մեր վերջն արդեն եկել ա՝ դեմից թուրքն ա, հետևից էլ թուրքն ա: Ասել ա՝ ես ձեզ սիրում եմ, դուք իմ սրտում եք, մի սպասեք ինձ: Ու ինքն իր ձեռքով կնքել ա իր անմահությունը, որպեսզի գերի չընկնի: Զանգն անջատելուց ընդամենը հինգ րոպե հետո հորեղբոր տղան զանգել է Նարեկին, բայց Նարեկն էլ չի պատասխանել», — պատմում է մայրը:
Բադալյաններն ապրում են Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում: Երևանից 30 կմ հեռավորության վրա գտնվող այս փոքրիկ գյուղի ամենավերջում է Բադալյանների տունը: Ընտանիքը զբաղվում է հողագործությամբ, և մինչև բանակ գնալը Նարեկն այդ հարցում ծնողների օգնականն է եղել: Մայրն ասում է՝ մտադիր էր գնալ բանակ, գալ ու ամեն ինչ սկսել զրոյից: «Ասում էր՝ կգնամ բանակ, կգամ ամեն ինչ կսկսեմ սկզբից: Ուզում էր իրավաբան դառնա», -դողում է մոր ձայնը:
Տան մի մասը վերանորոգված է, մյուս հատվածում քարե պատեր են. հնարավորությունները չեն ներում շինարարության համար: Վերջերս վերանորոգված փոքրիկ հյուրասենյակի մի անկյունը Նարեկինն է՝ պատին նրա երեք լուսանկար է փակցված՝ զինվորական համազգեստով, իսկ ամենավերևում սև փայտի վրա փորագրված է՝ «հավերժ փառք, հերոս»: Ներքևում՝ եռագույնով ծածկված սեղանին Աստվածաշունչն է, Քրիստոսի ու աստվածամոր լուսանկարները, խաչեր և Նարեկի «Արիության մեդալը»:
Նարեկի համար անկյուն Բադալյաններն ստեղծել են նաև գյուղի գերեզմանատանը: «Չուզեցինք տանեն Եռաբլուր, իմ տղեն ուզեցի՝ իմ մոտ լինի, որ երբ ուզենամ, գնամ իրա մոտ», -ասում է տիկին Հասմիկը:
42 օրերի ընթացքում Նարեկ Բադալյանը եղել է պատերազմի մի քանի ճակատներում, 7 օր Հադրութում ընկերների հետ շրջափակման մեջ են գտնվել: «Հոկտեմբերի 7-ին ծնունդն էր, զանգեցինք շնորհավորեցինք, հետո արդեն պարզեցինք, որ իր ծնունդի օրը մի շաբաթ շրջափակման մեջ ա եղել Հադրութում: Մի կերպ կարողացել են դուրս գալ շրջափակումից», -ասում է Հասմիկ Պողոսյանը:
Որդու մասին պատմելիս մայրը հիշում է Նարեկի զինակիցների պատմությունները՝ «Դուխը տեղն էր, հրամանները ճշգրիտ կատարում էր, չի վախեցել, երեք հատ տանկ ա խոցել»:
Սակայն այս պատմությունները երիտասարդ մոր համար էական չեն, նրա համար լավագույնը կլիներ, որ որդին իր կողքին լիներ. «Ես միշտ իրան ասում էի, ասում էի՝ Նարեկ ջան, հանկարծ հերոսություններ չանես, դու մտածի, որ ստեղ մամա, պապա, քուր, ախպեր ունես, մենք քեզ սպասում ենք»:
Հասմիկ Համբարձումյան
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութի հեղինակ Ռուզաննա Քոչարյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: