Պայմանագրային զինծառայող Բարիս Կարախանյանը սեպտեմբերի 13-ի կեսգիշերն անց սկսված պատերազմում զոհվածներից մեկն է։ Նա պաշտպանել է Ջերմուկը։
Պատերազմի մասին մայրն ու ընտանիքի մյուս անդամները լրատվամիջոցներից են տեղեկացել և առավոտյան 6-ից սկսած փորձել են Բարիսի հետ հեռախոսով զրուցել։ «Անհասանելի էր, 7:30-08:00-ի հատվածում զանգեց։ Ասաց նույն բանն է սկսվել ինչ մեր մոտ (Արցախում), չէր սիրում պարզ խոսել, ասաց, որ շատ զոհեր կան։ Ասում էր՝ ես լավ եմ, տեղս լավ է, ես օրը մեկ անգամ կզանգեմ»,-հիշեց մայրը՝ Արմինե Հուսունցը։
Սեպտեմբերի 14-ին մայր ու որդի ևս մեկ հեռախուսազրույց են ունեցել, ինչպես հետո պետք է պարզվեր՝ դա նրանց վերջին խոսակցությունն է։ «Սիրտը կախ էր, ասաց՝ քույրերիս լավ կպահես։ Այդ օրը մի բան զգում էի, Արցախում էի, ասեցի՝ ես գնում եմ Երևան։ Ամբողջ ճանապարհին հա զանգում էի, մի անգամ միայն ընկերներից մեկի համարը պատասխանեց, խնդրեցի, որ Բարիսը մի անգամ զանգի, ձայնը լսեմ։ Հարցրեցի՝ բան է եղել, ասեցին՝ չէ, բայց իմ հետ խոսելուց 10 րոպե հետո էրեխես վիրավորվում ու զոհվում է։ Ինքն ամենափոքրն էր ու ամենասիրվածը, չէին ասում, ո՞նց մորն ասեին բալեդ էլ չկա արդեն»,-ասաց մայրը։
Այս հեռախոսազանգից հետո մայրն ամենուր որդուն է փնտրել։ Ցավալի լուրը մեծ դժվարությամբ Արմինե Հուսունցին քրոջ որդին է հայտնել, որը նույն օրը հաստատել է նաև Հրազդանի զինկոմը։
«Ուշ ժամի քրոջս տղեն զանգեց, հարցրեց մոք, Բարիսից խաբար ունե՞ս, ասեցի չէ, դու էլ ես զինծառայող մեկին գտի, թող խաբար անի, ասաց՝ էլ խաբար անելու բան չկա, մեր Բարիսը էլ չկա․․․Ո՞նչ չկա, ինքն ինձ ասել էր՝ ինձ բան չի լինելու, ասում էր՝ ինչո՞ւ է ինձ բան լինելու, մամ ջան, հանգիստ եղի»,- տիկին Արմինեն նշում է, որ սիրtը զգացել է, որ իր որդուն մի բան պատել է, բայց չի ցանկացել հավատալ։ Բարիսի լռությունն ավելի է անհանգստացրել մորը, քանի որ բնավորության համաձայն իմանալով, որ մայրը երկար ճանապարհ է գալիս, անպայման պետք է զանգեր և հարցներ՝ հասե՞լ է տուն, ինչն այս անգամ չի արել։
Բարիսը 23 տարեկան էր։ Ժամկետային զինծառայության ընթացքում մասնակցել է 44-օրյա պատերազմին, մարտերին մասնակցել է Օմարում և ծառայության ավարտից 15 օր անց որոշել է անցնել պայմանագրային ծառայության։ Օմարի զորամասը տեղափոխվել է Սյունիք։ Բարիսն ընտանիքի հետ որոշել է տեղափոխվել Հայաստան, որ ծառայությունը շարունակի զինակից ընկերների հետ։
«Մեկ ամիս դիրքերում է եղել, մեկ ամիս տանը։ Շատ դժվար էր բարձրանալ-իջնելը, պահր էր լինում չէին կարողանում իջնել, ավել էր մնում այնտեղ, բայց ինքը սիրով էր գնում»,-ասում է մայրը և նշում՝ որդին վերջին անգամ սեպտեմբերի 6-ին բարձրացավ դիրքեր, մինչ այդ գնացել էր Արցախ ու տեսակցել քույրերին։
Մայրը որդուն վերջին անգամ անմահացած է տեսել՝ անձամբ գնալով նույնականացման գործընթացին մասնակցելու համար։ «Ասեցի գնամ գոնե մի անգամ տեսնեմ որդուս։ Այդ պահին միայն իմ էրեխուն էի ուզում տեսնեի։ Գլխի դիմացի հատվածը չկար, սրտի հատվածում ուներ վիրավորում, ձախ ոտքի մասը չկար, մի աչքը բաց ժպտում էր էրեխես»։
Արմինե Հուսունցն այժմ մեկ ցանկություն ունի՝ գտնել զոհված որդու կորած հեռախոսը, որտեղ Բարիսի բոլոր հիշողություններն են։
«Եթե Բարիսին բերելուց որևէ մեկը՝ կլինի շտապօգնությունը, կլինի մորգը, վերցրել է հեռախոսը, ես բան չեմ ուզում ավել, այդ հեռախոսը բերեն ինձ տան, իմ էրեխու ամբողջ հիշողություններն այդ հեռախոսի մեջ է։ Տղերքի մոտ չկա, իր ընկած տարածքում չկա։ Իր իրերի մեջ պակաս բան չկա, միայն հեռախոսն է։ Ով գտել է կամ վերցրել է, իմ տղայի կյանքն այդ հեռախոսի մեջ է՝ նկարները, վիդոները, խոսելը, դա մոր համար մի կյանք է, որ կարողանա ապրել, տվեք ինձ։ Մի ասեք, թե ոնց եք գտել, ես դրա կարիքը չեմ զգում։ Պետք է՝ նույն հեռախոսից ես ձեզ կնվիրեմ, բայց թող այդ հեռախոսը հանձնեն ինձ, սա մոր խդրանք է»։
Կարախանյանները Արցախի Մեծ Շեն գյուղից են։ Զինվորականի մեծ ընտանիք։ Բարիսի հայրն Արցախյան պատերազմի մասնակից է եղել։ 2006 թվականին ադրբեջանական դիվերսանտներն են սպանել, երբ հորեղբոր որդու հետ Թարթառի ափերին որսորդություն է իրականացրել։ Մայրն ասում է՝ հոր մահից հետո Բարիսն է ստանձնել նրա պարտականությունները, հետևել, որ կրտսեր եղբայրերը հայրենասեր մեծանան։ Ընտանիքի երկրորդ տղան՝ Ալեքսեյը ևս պայմանագրային զինծառայող է, բանակում ծառայելու հերթում նաև կրտսերն է՝ Արսենը։ Ընտանիքում չեն էլ քննարկել տարբերակը, որ Արսենը որպես զոհվածի եղբայր չմեկնի ծառայության, թեև զինկոմից առաջարկել են։ Մայրն ասում է․ «տղան պետք է ծառայի»,-միայն աղոթում է, որ բոլորը անփորձանք ծառայեն և բարեհաջող վերադառնան։
Բարիսն ընտանիքին զինվորական կյանքից տեղեկություններ չի պատմել։ Մայրը չգիտեի՝ արդյո՞ք զենքով ապահոված եղել են, թե՝ ոչ։ Արմինե Հուսունցը ստեղծված իրավիճակի մեղավոր Նիկոլ Փաշինյանին է համարում։
«Ես երկրի վարչապետին եմ համարում մեղավորը։․․․ասում էին առաջ մայրն է նասկի առել զինվորի համար, հիմա ի՞նչն է քո արածը կլուբնիկա ուտեցնել և մսաղացով աղալ, սա է քո արածը։ Ո՞ւմ արյունն էիր ուզում խմել, իմ էրեխեքի արյունը քո վրա է, դու էս արել այսքանը»,-ասաց նա։
Բարիս Կարախանյանին հուղարկավորել են Հրազդանի զինվորական պանթեոնում։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: