«ՊՆ-ն պարտավոր է հրապարակել զոհերի անունները»

49

Ադրբեջանական ռազմական ագրեսիայից մեկ շաբաթ անց Հայաստանի կառավարությունն ու Պաշտպանության նախարարությունը չեն հրապարակում պատերազմում զոհվածների անունները։ Չի ներկայացվում որևէ հիմնավորում, թե ինչո՞ւ է հանրությունից գաղտնի պահվում նրանց անունները։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ուղղությամբ տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցել 95  զոհվածի մարմին։

Իշխանությունների կողմից զոհերի անունները չհրապարակելը քննադատվում է զինծառայողների իրավունքերով զբաղվող իրավապաշտպանների կողմից՝ որկավելով անհարգալից և անտարբեր վերաբերմունք։ Պաշտպանության նախարարությունը չնայած քննադատություններին, որևէ հիմնավորում չի ներկայացնում, թե ինչու է նրանց անունները գաղնի պահում։

Զինվորների ծնողներից շատերը իրենց որդիների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չունեն։ Իրավապաշտպան Ժաննա Աալեքսանյանին ահազանգած անհետ կորած զինվորներից մեկի ծնողը հայտնել է, որ  30 զինծառայողների ծնողներ  7 օրից ավելի է՝  Գորիսի զորամասի  մոտ են անցկացնում՝ իրենց որդիներից մի լուր ստանալու ակնկալիքով։

«Զորամասի պատերի տակ անցկացնող ծնողները տեղեկություններ են ուզում իրենց որդիների գտնվելու վայրի մասին, սակայն նրանց պատասխան տվող չկա։ Հայրն ասում էր, որ լավագույն պատսախանը, որ տալիս են՝ չգիտեմն է։ «Թաց աչքերով 7 օր է այս տարածքում ենք, զորամասից ասում են չգիտենք, անհայտա, բա ո՞վ պետք է իմանա», -հարցնում էր հայրը։ Հայրն ասում էր, թող ասեն մահացել են, թողնենք գնանք մեր սուգն անենք։ Ծնողները պնդում են, որ չեն հեռանալու քանի դեռ պատասխան չեն ստացել»,-գրել է իրավապաշտպանը։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը կարծում է, որ գերատեսչություններն անուններ չեն հրապարակում լիարժեք տեղեկություններ չունենալու պատճառով։ Սակայն, ըստ նրա, Պաշտպանության նախարարությունը պետք է հրապարակի այն տեղեկությունները, որոնք այս պահի դրությամբ ճշգրիտ են։

«Ես կարծում եմ, որ գերների և անհետ կորածների խնդիր կա։ Սա նշանակում է, որ անհետկորածների և հաստատված գերիների թիվը շատ մեծ է։ Սպասում են՝ պարզբանվի այս ամենը, նոր հայտարարեն։ Պատկերացնո՞ւմ եք՝  ծնողների հետ ինչ կլինի լսնե, որ իրանց տղան զոհվել է, բայց  պարզվի, որ դիակը չեն գտել, գուցե կենդանի է։ Այս խնդիրները կան, բայց սա հարց չի լուծում, պետք է ամեն ինչ հրապարակեն, ծնողները պետք է ամեն ինչ իմանան, բոլորը պետք է իրողությունն իմանան։

Պաշտպանության նախարարությունը պարտավոր է հրապարակել, սա պետական, ռազմական գաղտնիք չէ, իրենք պետք է հրապարակեն։ Ասեն՝ այս 150 հոգու ճակատագիրը 100 տոկոս գիտենք, սա է, գոնե այդպես պարզություն լինի։ Ինչպես բոլոր հարցերում, սա իրենց վատ կազմակերպվածությունն է։ ՔՊ-ականների մոտ ամեն ինչ շատ հեշտ է։ Մինչև գլուխները պատին չեն տալիս, հետևություններ չեն անում։ Քանի դեռ պատը 10 սմ-ի վրա է հետևություններ չեն անում։

Թող ասեն ժողովրդին, որ պատերազմ է և դա ճիշտ է։ Սա կստեղծի հնարավորություն ցույց տալու, որ մենք ագրեսիայի ենք ենթարկվում։ Դիրք պահող տղաներով այսպիսի հարձակումները չեն պահվում։ Սա միջադեպ չէ, սա պատերազմ է»,-ասաց քաղաքագետը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը որևէ տրամաբանական բացատրություն չի տեսնում իշխանությունների այս վարքագծում։

«Եթե պատերազմի ընթացքում մի մասինը հրապարակվում էր, տրամաբանությունը չեմ հասկանում չհրապարակելու, ինչով է այս իրավիճակը տարբերվում նախորդից։ Իշխանությունը պետք է շատ հստակ բացատրություն պետք է ունենա, թե ինչո՞ւ չեն հրապարակում։ Իշխանությունը թող չասի, թե ես այդ անուններն ինչ եմ անում, ես ունեմ ինֆորմացիա ստանալու իրավունք, պետք է տրամադրի կամ ասի, թե ինչո՞ւ չի տրամադրում։ Իրենց գործողությունների մեջ տրամաբանություն չկա»,-ասաց իրավապաշտպանը։

Նարեկ Կիրակոսյան