Բարեգործական հիմնադրամ` ի հիշատակ զոհված որդու

43

44-օրյա պատերազմում զոհված որդու` Կարո Հովագիմյանի հիշատակին, ծնողները հիմնեցին բարեգործական հիմնադրամ եւ սկսեցին օգնել ու բուժել երեխաներին: Հիմնադրամն այժմ մեկ տարեկան է:

Ընդամենը մեկ տարվա ընթացքում «Կարո Հովագիմյան » բարեգործական հիմնադրամի շնորհիվ 36 երեխա ստացել է դեղորայքային աջակցություն,  2110-ը ստացել է սոցիալական իսկ 62 երեխա` կրթամշակութային աջակցություն,եւս 786 երեխա ստացել է ամանորյա նվեր: Հիմնադրամի միջոցներով Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցում հիմնվել է Ռեսուրս սենյակ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ԿԱՊԿՈՒ) համար:

Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ Կարոյի հայրը` Սարգիսը նշեց. «Այսօր Կարո Հովագիմյանի ծննդյան տարեդարձն է, այսօր նաեւ Կարոյի անունով ստեղծված բարեգործական հիմնադրամի առաջին ամյակն է: Հավերժացնելով 44-օրյա պատերազմում մեր զոհված որդու հիշատակը, քարակերտ հուշարձան կանգնեցնելու փոխարեն, որպես ապրող եւ ապրեցնող հուշարձան իմ ընտանիքը` համախոհ ընկերների հետ միասին հիմնեց Կարո Հովագիմյան բարեգործական հիմնադրամը: Եվ որպես վերածննդի խորհրդանիշ, հիմնադրման օր հայտարարվեց մեկ տարի առաջ ճիշտ այս օրը` սեպտեմբերի 9-ին, Կարոյի ծննդյան օրը»:

Բարեգործական հիմնադրամի 1 ամյակին նվիրված միջոցառմանը ներկայացվեց ծավալած գործունեությունն ու իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ իրականացվեց  բարեգործական ցուցահանդես — վաճառք, որտեղ ցուցադրվեցին շահառու փոքրիկների  ձեռքի աշխատանքները: Դրանց վաճառքից  գոյացած հասույթը ուղղվելու է շահառու երեխաների երազանքերի իրականացմանը:

Սերժանտ Կարո Հովագիմյանը ծնվել էր Սիրիայում: Երկուս ու կես տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել էր Հայաստան: 44- օրյա պատերազմի ընթացքում ծառայել էր որպես բուժակ նախ Ջրականում, ապա Հադրութում: Նրա մահվան օրը հստակ մինչ օրս հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե ինչ վնասվածքներից է նա մահացել: 2020թ-ի դեկտեմբերին հայտնաբերվել ու ծնողներին են հանձնվել նրա ոսկորները:

«Մեզ շատ է տանջում այն միտքը, որ կարող էինք քաղաքացիություն չվերցնել ու մեր տղան չէր ծառայի: Երկար մազերով, ծամոն ծամելով հիմա քաղաքում ման կգար: բայց մենք այդպես չէինք ապրելու, մենք այդպես չէինք մտածում: Մերը ուրիշ ձեւ էր: Մտածում էինք` եթե այս երկրի բարիքներից օգտվում ենք, սա մեր երկիրն է, նաեւ ունենք պարտ վճարելու այս երկրին: Ու շատ թանկ վճարեցինք», — ավելի վաղ մեզ պատմել էր  Կարոի հայրը:

Կարոյի գումարտակի հրամանատարը Իշխան Վահանյանն էր, ով այժմ կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով եւ 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի եւ 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաեւ ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել եւ գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետեւանքներ:

Անի Գևորգյան