«Իմ որդուն սպանել են»․ ինչ է պատմել 44-օրյա պատերազմի մասնակիցը վիրավորվելուց հետո

2842

44-օրյա պատերազմի մասնակից, սպա Հարություն Սուքիասյանի հայրը՝ Արմեն Սուքիասյանը, պնդում է, որ որդին ոչ թե զոհվել է, այլ՝ սպանվել։

Հարություն Սուքիասյանը ծառայում էր հրթիռահրեթանային զորամասում։ Հոկտեմբերի երկրորդ կեսին ծառայությունն իրականացրել է հայ-ադրբեջանական սահմանին՝ Գեղարքունիքի մարզում։ Նա վիրավորվել է «Սկադի» խոցման հետևանքով։ Հոր խոսքով՝ երկու «Սկադ» է խոցվել։ «Դեպքը տեղի է ունեցել հոկետմբերի 13-ի լույս 14-ի գիշերը՝ խոցվել է առաջին «Սկադը», իսկ երկորդը խոցվել է առավոտյան»,-ասաց Արմեն Սուքիասյանը։

«Ես չեմ համարում, որ իմ որդին պատերազմին զոհվել է, ես համարում եմ, որ սպանվել են։ Ես մտածում եմ, որ ծրագրված սպանել են՝ նա, ով պատերազմը տարել է պարտության, մենք ունենք գերագույն գլխավոր հրամանատար, որը  պատասխանատուն է (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին)։ Մեղավոր է, որովհետև պատերազմը հրահրեց»,-ասաց զոհված զինծառայողի հայրը՝ նշելով, որ որդու մահվան առնչությամբ հարուցված քրգործի քննությունը թերի է իրականացվում։

«Դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Արցախի և Ադրբեջանի սահմանից մոտ 30 կմ ներս՝ դեպի Հայաստանի տարածք։ Առաջին «Սկադի» խոցումից տեղում երկու հոգի զոհվել են, վիրավորվել է հինգ զինծառայող, որից մեկն իմ տղան է։ Հարուցված քրգործի մեջ միայն երկրորդ խոցված «Սկադի» մասին է խոսք գնում։ Քրգործում նշված չէ, թե իմ որդին ինչից է զոհվել։ Ասում են՝ ԱԹՍ-ն է խփել, բայց կան տեսանկարահանումներ, որ այդ ԱԹՍ-ները 40 րոպե տևողությամբ տեսանկարահանումներ են արել, այսինքն 40 րոպե հետևել է։ Այստեղ մեղավորության իր բաժինն ունի Հակաօդային պաշտպանության հրամանատարը-վարչությունը, տեղեկություն չի տվել Հրթիռահրետանային վարչության պետին, իրենք իրար հետ չեն աշխատել»,-ասաց Արմեն Սուքիասյանը, ում մտահոգում է այն հանգամանքը, որի իր կողմից մատնանշած բացթողնումները քրգործի շրջանակներում քննության չեն առնվում։

Հայրը նշում է, որ մեղադրանքերը հնչեցնում է որդու և նրա ծառայակիցների կողմից իրեն փոխանցված տեղեկությունների հիման վրա։ Հարություն Սուքիասյանը 17 օր պայքարել է առողջանալու համար, սակայն, ստացված այրվածքները խորն են եղել։ Հարությունյանը, թեև ծանր վնասվածքներին հորը որոշ մանրամասներ է փոխանցել։

«Տղաս 17 օր հիվանդանոցում է եղել, 3 օր՝ անգիտակից։ Դրանից հետո գիտակցության եկավ, մի երկու օր շատ թեթև շփվեցինք, այդքան չէր կարողանում խոսել՝ այրավածքները շատ էին։ Դեպքից մի թեթև խոսել ենք։ Իմ ասածները հիմնաված են այդ խոսելու վրա, դրա համար մտածում եմ դիտավորյալ է։ Տղաս ասաց՝ սա հենց այնպես չեղավ։  Ծառայակիցներն ասում են՝ հասել են տեղ, իրենց ասել են՝ կանգնեք, քողարկեք մեքենաները, հանգստացեք, սպասեք հետագա հրամանին։ Դրանից 15-20 րոպե հետո պայթեցվել են մեքենաները։ Դեպքը տեղի է ունեցել Սոթքում»,-պատմեց Արմեն Սուքիասյանը և նշեց․  «Տարել մի ամբողջ սերունդ են կոտորել»։

Արմեն Սուքիասյանը հույսը չի կորցնում, որ մի օր արդարության է հասնելու։

Հարություն Սուքիասյանը 15 տարեկանում որոշել է ընտրել զինվորականի ուղին։ սովորել է ոՄոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, այնուհետ, Սանկտ Պետերբուրգի հրթիռահրեթանային ակադեմիայում։ Հայաստան վերադառնալուց  2 ամիս անց սկսվել է պատերազմը։  «Մենք չպարտվեցինք, մեզ դավաճանեցին․․․Չխաբեցի՛ք, պարզապես հավատացինք»,- հոր փոխանցմամբ սա որդու վերջին խոսքերն են եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան