«Ամեն օր մեր վերքերը բացվում են». զոհված բժշկի հայր

128

Բժշկական ծառայության լեյտենանտ Դավիթ Հակոբյանը մի քանի օր առաջ` սեպտեմբերի 2-ին պետք է ավարտեր զինվորական պարտադիր ծառայությունը եւ վերադառնար տուն: Նա զոհվել է 2020-ի հոկտեմբերի 24 լույս 25-ի գիշերը` վիրավոր զինվորներին տեղափոխելիս:

Հակոբյանը բանակ էր զորակոչվել Արագածոտնի մարզի Ուջան գյուղից: Բարձրագույն բժշկական կարթությունն ավարտելուց հետո նա ծառայութան էր անցել Մարտունի 2-ում:

«Սեպտեմբերի 5-ին նրա ծննդյան օրն էր… Բայց ծննդյան օր ասելը ինձ համար մի այն բան է դառել: Նրան հիշելու, նրա հիշատակի օրն է: Մահվան օրը նշում ենք, բայց ծննդյան օրվա անունը ինչ դնենք…»,- ասում է Դավիթի հայրը` Նորայր Հակոբյանը: Նրա խոսքով, ինքը ի վիճակի չէ նկարագրել պատերազմից անցած երկու տարիները, քանի որ դրանք ցանկացած որդեկորույս ծնողի համար անտանելի են եղել.

«Մեր վերքերը չեն սպիանում, քանի որ ամեն օր մեր վերքերը բացում են: Դավաճանությունները եւ տարված պարտության պատերազմը…Արծրուն Հովհաննիսյանն է ելույթ ունենում: Արդեն մեր հազարավոր տղաներ էին զոհվել, ինքն ասում էր` բարի գալուստ դժողքի ձոր: Ու հիմա նրան ու մյուսներին եթեր են տալիս…զինվորները, էրեխեքը կոտորվում էի ԱԹՍ-ների տակ, ու արդեն Զաբրայիլը տվել են, Ֆիզուլին տվել են, չաստերն են գրավվել, պահեստները նոր-նոր զինամթերքով կորցրել ենք: Հադրութը գրավել են, ասում էր` գնացել եմ Հադրութ: Մենք հեռվից ամեն ինչ նայում էինք ու հավատում էինք այդ մարդկանց…Ու այսքանից հետո տարածքների, զորամաասների հրամանատարներին հերուսի կոչում են տվել, գեներալների կոչում են տվել»:

Պատերազմի ժամանակ Դավիթի ընտանիքն եղել է ԱՄՆ-ում, նաեւ դա է եղել պատճառը, որ նա չի ցանկացել հարազատներին պատերազմի մասին ճշմարտությունը պատմել:   Երբ զանգում էր, ասում էր` ամեն ինչ լավ է: Իսկ երբ հայրն ասել է, որ ցանկանում է Հայաստան վերադառնալ ու առաջնագիծ մեկնել, Դավիթը նրան հավաստիացրել է, թե ուր որ է պատերազմը կանգ է առնելու:

«Մեզ ոչինչ չէր պատմում, բայց քրոջը պատմել է, որ տղաները այնքան ձեռք ու ոտք են հավաքել, սարքել են դիակ, դրել են Շտապ օգնության մեքենան: ԱՄբողջ օրը վիրավորների ու զոհերի մեջ են եղել…Էրեխեքն այնքան տառապանք են քաշել, այդ մեկ ամսում հողոտ, արնոտ, սոված, ծարավ…Տղաս վիրավորներին է դրել մեքենան, Վարորդի անունը Սիմոն է:

Ինքն է պատմում, որ ահավոր մարտեր են եղել, բոլոր հնարավոր զենքերով ռմբակոծել են: Այնքան վիրավոր է եղել, որ 4- 5 մեքենայով չեն կարողացել բոլորին տեղավորեն: Դավիթենց մեքենան վիրավորներին են դրել, Դավիթը հետեւից է նստել, որ ծանր վիճակում գտնվող զինվորին ներարկում անի: Այդ ժամանակ վարորդը դուռը բացել է, որ մեքենան նստի, բայց ԱԹՍ-ի ձայն է լսել, իրեն մի կողմ է գցել: Դավիթը վիրավորների հետ մնացել է մեքենայի մեջ: Մեքենան պայթել է: Դեպքը եղել է Մարտունի- Ֆիզուլիի ճանապարհին»,- պատմում է Նորայր Հակոբյանը:

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում։