Որդու զոհվելուց գրեթե երկու տարի անց անգամ Գայանե Մանուչարյանը ամեն մեքենայի ձայնից, ամեն դռան ճռռոցից կարծում է, թե որդին է՝ Հարությունը:

«Ինչքան էլ որ հանգստանում եմ, սփոփվում եմ,  բայց դե մեկ ա ինքը չկա, էտ քարով ոնց սփոփվես: Անում եմ ուղակի իմ հանգստության համար, ամբողջ օրը տունը մենակ եմ, որ չեմ կարողանում շուտ-շուտ գնամ Եռաբլուր, ստիպված այստեղի հուշարձանի մոտն եմ խունկը ծխում, տունը ամեն շաբաթ մոմ եմ վառում, նստում եմ ինքս իմ հետ խոսում եմ, նայում եմ կողքերս, տեսնում եմ ամբողջը իր արած դրածնա,  մի ավտոյի ձայն եմ առնում, տանից դուրս եմ գալիս, գիտեմ , թե ինքնա, թե պիտի գա… ճիշտ ա իմ քրոջ երեխեքն էլ են կողքս , բայց ես իրանց էլ եմ ասում ինչքան էլ դուք իմ կողքը լինեք, ինչ էլ անեք ոչ մեկդ իմ երեխու քաղցրությունը չեք տա: Բայց ինչ անեմ…»,- ասում է Գայանեն:

Մանուչարյանները ՀՀ էին տեղափոխվել Սումգայիթի դեպքերից հետո: Այստեղ ընտանիքը նոր կյանք էր սկսել: ​​Զոհված զինվորականի մայրը հիշում է բոլոր դժվարությունները, որոնցով անցել է որդուն մեծացնելիս.

«Հիշում եմ տղայիս ոնց եմ սոցիալապես ապահով պահել մեծացրել, ոնց եմ փախել Սումգայիթից, բերել հասցրել Հայաստան, հետո իրա պապան մահացավ, էտ տարի դպրոց պետք ա գնար, չգիտեի,թե ինչ անեի: Այն ժամանակ էլ դոմիկում էինք ապրում, այստեղ դպրոց գնաց։ Ես եկրորդ անգամ ամուսնացա, երկրորդ դասարանից էտ տղամարդը էկավ ոնց- որ ինձ տեր կանգնեց, մինչեւ նրա մեծանալը: Երեխեն դեռ գյուղում սովորում էր, երբ ինքը մահացավ: Իմ տղան Վազգեն Սարգսյան ռազմական ակադեմիա իր ուժերով գնաց, սովորեց:  Ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել: Ես  ուզում էի իմ փախստականի անձնագրով տղայիս ուղարկեի եվրոպական երկրներ, բայց հետո իմացա, որ ինքը գնացել ա առանց ինձ հարցնելու քաղաքացիություն ա ստացել: Ինքը ինձ ասեց. «Մամ ջան էլ ինչ տղա, որ չգնա բանակում ծառայի»:

Պատերազմի ընաթցքում Հարությունը որպես հետախույզ նախ եղել է Մատաղիսում, հետո Ջաբրայիլում, վերջում էլ՝ Հադրութում: Հենց էդտեղ էլ նա զոհվել է։​​

«Էդ օրը 300 հոգու շրջափակումից հանել են, մենակ ինքն ա զոհվել, բայց չգիտեմ՝ ոնց ա եղել, ինձ ոչ մեկ մանրամասներ չի պատմում դեպքից… հիմա իրա ընկերները գնում են գալիս են, զանգահարում են, նույնիսկ երբ բան է լինում զանգում են ասում են` ինչով կարող ենք օգնել: Էս վերջերս իր ընկերներից մեկը իր կնոջ ու երեխաների հետ եկավ, նույնիսկ Զաբրայիլում ծառայության ժամանակվանից, երբ ինքը այնտեղ հրամանտար է եղել, իր զինվորներն են զանգում: Կապի մեջ են»,- պատմում է տիկին Գայանեն:

Հարություն Մանուչարյանի մայրը ռաջիկայում պատրաստվում է վերահրատարակել որդու մասին իր պատրաստած գիրքը, նաեւ շարունակել աշխատանքները նրա հուշաքարի վրա:

Հուշաքարը աղբյուրի տեսք ունի, այն տեղադրված է Մանուչարյանների տան կողքին` գյուղի ճանապարհի մոտ: Տիկին Գայանեն ճամփորդներին որդու աղբյուրից ջուր է առաջարկում:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest