44-օրյա պատերազմի ընթացքում փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի հրամանի հետևանքով 17 զինվոր է զոհվել, իսկ մեկը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել։ Զոհերից մեկն էլ Հրաչ Մահտեսյանն է։ Նա Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից էր, դեռ չէր լրացել ժամկետային ծառայության 10 ամիսը, երբ Մեղրիից տեղափոխվել է Արցախ ու մասնակցել մարտական գործողություններին։
Նշենք, որ ըստ Դատախազության, փոխգնդապետ Վերանյանը 2020-ի հոկտեմբերի 9-ին ստացել է հրաման` զորմասի անձնակազմը Հորադիսի շրջանից տեղափոխել Տիլ գյուղ: Իշխանաձորում լսել են ԱԹՍ-ի ձայն, բայց փոխգնդապետը հրամայել է նստել ավտոմեքենան և շարունակել ճանապարհը: 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է Ուրալին:
«Հրաման են ստացել, որ պետք է տեղափոխվեն այլ վայր՝ նստել են Ուրալը։ Հենց հասել են Իշխանաձորի հատվածը այնտեղ ոստիկանական կետ է եղել, տեղեկացրել են, որ օդը «մաքուր» չէ։ Ասել են, որ մենքենաներից իջնեն, լսել են ոստիկաններին ու իջել են, բացազատվել են ու պաշտպանվել են ԱԹՍ-ից։ Իրոք իրենց ԱԹՍ է հետևել։ Եկել է իրենց զորամասի փոխգնդապետը՝ մարտական գծով, Անդրանիկ Վերանյանը ու հետաքրքրվել է, թե ինչո՞ւ են իջել։ Վաշտի հրամատար Նիկողոսյան Տարոնը զեկուցել է, որ ԱԹՍ կա, իսկ ինքն ասել է՝ չէ, լցվեք շարժվեք, ԱԹՍ-ն ձեր խնդիրը չէ, ՀՕՊ-ի խնդիրն է։ Զորքը ստիպված նստել են մեքենան ու շարժվել են։ Ընդամենը 300 մետր էլ չեն գնացել ու ԱԹՍ-ն խփել է»,-ասաց Հրաչ Մահտեսյանի մայրը՝ Ալմաստ Հարությունյանը։
Նրա փոխանցմամբ միայն մեկ զինծառայող է ԱԹՍ-ի հարվածից ողջ մնացել։ «17 հոգի զոհվել են։ Փոխգնդապետը եկել տեսել է, որ երեխան ողջ-ողջ վառվում է ու թողել փախել է, նույնիսկ վիրավորներին օգնություն ցույց չի տվել։ Վիրավորներին օգնություն է ցույց տվել Իշխանասարի գյուղապետը, ինքն է վիրավորներին տեղափոխել Գորիս, որից հետո տեղափոխել են Երևան»,-ասաց նա։
Ալմաստ Հարությունյանը հենց այդ օրն է վերջին անգամ խոսել որդու հետ։ «Հոկտեմբերի 9 -ին ժամը 2-ին զանգեց։ Մենք երկար չէինք էլ խոսում։ Հեռախոսը միշտ անջատած էր, պայմանավորվել էինք, որ պարբերաբար միացներ, որ SMS գար, որ բաժանորդը հասանելի է, ես իմանամ՝ դու կաս։ Այդ օրը խոսեցինք մեկ ժամ։ Ինքը վերջում ասաց․
«Մեր ջան, լսի ինչ եմ ասում, դու Անդո ունես, ուրիշները դա էլ չունեն, Անդային լավ կպահես։ Անդոն եղբայրն է։ Հարցրեցի՝ Հրաչ ի՞նչ ես ուզում ասել, ասաց՝ ոչ մի բան, ես գիտեմ, որ դու ուժեղ ես։ Սա է եղել»,-ասաց մայրը։
Նշենք, որ այս գործով ընթանում է դատական նիստ։ Առաջիկայում կանդրադառնանք դատական նիստի ընթացքին։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: