Ցմահ դատապարտյալ Արամ Առաքելյանին դանդաղ սպանում են

117

Ցմահ դատապարտյալ Արամ Առաքելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Մի քանի օր առաջ նա ուշագնաց է եղել ՙՙԱրմավիր՚՚ քրեակատարողական հիմնարկում: Սակայն, ըստ Արամ Առաքելյանի մոր՝ Ռոզա Առաքելյանի վկայության, որդուն շտապ օգնություն չեն ցուցաբերել: Նա մի քանի ժամ մնացել է ՔՊՀ-ում, անօգնական վիճակում:

«Երեկոյան ժամը վեց անց կես վերջապես տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց: բ այց այնտեղ բժիշկ չի եղել, միայն հերթապահ բժիշկ է եղել: 4 օր կաթիլային են տվել, 5-րդ օրը որ նորից պետք է կաթիլային տային, ասել են՝ պետք է տանեք Երևան, գլուխը ստուգելու: Իհարկե, ոչ մի Երևան էլ չեն տարել, այլ նորից հետ են տարել, քցել են գաղութ՚՚, — պատմում  է կինը:

Ռոզա Առաքելյանն ասում է, որ Արամին վերջերս արդեն երկրորդ անգամ են տանում Վաղարշապատի հիվանդանոց, նոպաներ ունենալու ժամանակ ու ոչ մի բուժում չարած, հետ են բերում ՙՙԱրմավիր՚՚:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից, փչացած հեռախոսի սկզբունքով պատասխանում են, որ դա սուտ է, որ Առաքելյանը ստանում է անհրաժեշտ բուժօգնությունը, իսկ թե ինչ բուժօգնություն, կպատասխանն միայն դատապարտյալի գրավոր համաձայնությունն ունենալու և գրավոր հարցում ուղարկելու պայմանով:

Հիշեցնենք՝ ցմահ դատապարտյալ Արամ Առաքելյանը, որը 30 տարի կալանավայրերում է,  փետրվարի 20-ի գիշերը կաթվածահար է եղել: Նրան գլխուղեղի վիրահատության են ենթարկել: Բժիշկներն ախտորոշել են գլխուղեղի սուր իշեմիկ կաթված՝ հիվանդություն, որն ընդգծված է կառավարության կողմից հաստատված կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում:

Արամ Աքառելյանի վիճակը օրեցօր վատանում է, սակայն նրան չեն ցանկանում ազատել:

Մայյիսին նրա փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը դիմել էր «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, իր պաշտպանյալին հետազոտելու և պատժի հետագա կրումից ազատելու խնդրանքով: Նրան պատասխանել էին, որ Արամի Առաքելյանի առողջական վիճակը կքքնարկվի միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի առաջիկա նիստում, իսկ մինչ այդ նա պետք է ենթարկվի բուժզզնության:

Անցել է մեկ ամիս, բայց ոչ բուժզննություն է կազմակերպվել, ոչ էլ հանձնաժողովն է քննել ցմահ դատապարտյալի հարցը:

«Տղաս ինսուլտ  տարած է, դեմքի մի կողմը քարացել է, ճնշումը անընդհատ տատանվում է: Մի քանի օր առաջ նա խնդրել է, որ իրեն դուրս  հանեն կամեռից, մաքուր օդ շնչելու: Դուրս է եկել,  միջանցքում ընկել է: Կալանավորներն են բժիշկ կանչել: Մի կերպ, ուշքի են բերել, տարել են կամեր, հաջորդ օրը՝ էլի ցավերով: Ոչ մի բան չի փոխվել վիճակի մեջ: Իր պրիստուպների ժամանակ որ բժշկի ենք դիմում, ասում են՝ ի՞նչ ա եղել, ո՞ր: Իրենք լրիվ հերքում են, որ տղաս վատ է: Մյուս որդիս Ռուսաստանից եկել է, գնացել է Արամին տեսնելու, ասել է, որ շատ վատ վիճակ է իր մոտ: Ես դիմում եմ ՙՙԱրմավիրի՚՚ բժիշկ Գժոյանին, ինձ վրա գոռում է, թե մի խոչընդոտի իմ աշխատանքը: Պոակ-ից էլ ասում են՝  բան էլ չի եղել, աչքերի դեմը մի քիչ սևացել է, նստել է հելել է: Ասել են՝ Արամ, ո՞նց ես, ասել ա՝ շատ լավ եմ՚՚:

Արամ Առաքելյանի վաղաժամկետ ազատման հարցով դատական նիստրը նույնպես ձգձգվում են: Հունիսի 15-ին նշանակված նիստին Արամը պետք է անպայման ներկայանար: Հարազատներին ասել էր՝ որ մեռնեմ էլ, գնալու եմ դատիս: Բայց նիստը չի կայացել այն պատճառով, որ ՔԿՀ-ն չի կարողացել ապահովել դատապարտյալի տեղափոխումը դատարան: Հաջորդ նիստը նշանակել են մեկ ամիս անց: Այս ամիսները գնում են Արամի հաշվված օրերից:

Ռոզա Առաքելյանը որդու կյանքը փրկելու նպատակով դիմել է Արդարադատության նախարարութուն, ՄԻՊ գրասենյակ, «Քրեակատարողական բժշկության կենտրոն՚՚ ՊՈԱԿ: ՙՙՊՈԱԿ ը ոչինչ չի անում, միայն մեզ հակաճառելու համար է ստեղծված՚՚, — վրդովվում  է կինը:

Արամ Առաքելյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանին հարցրեցինք, թե ինչ է մտադիր անել: Նա Forrights.am-ին պատասխանեց. «ՙԱրամը անընդհատ խնդիր ունի: Մեզ ՊՈԱԿ-ից պատասխանել են, որ դիմել են առողջապահության նախարարություն, որ այնտեղից պատասխան ստանան ու քննարկեն: Հարցը ընթացքի մեջ է, ուղղակի երկարում է, դա է խնդիրը՚՚:

Սյուզան Սիմոնյան