Գրեթե 25 տարի առաջ 5 ծառայակցի սպանության մեղադրանքով ցմահ դատապարտված 45-ամյա Արթուր Մկրտչյանի գործում այսօր էլ բազմաթիվ մութ կետեր կան, հարցականներ, որոնց պատասխանները ոչ դատախազը, ոչ քննիչները չեն տվել:

Թեև նա ընդունել է մեղքը և զղջացել է, նրա դատավճիռը հանուն Հայաստանի Հանրապետության ընդունված ամենախնդրահարույց դատական ակտերից մեկն է:

2020 թվականի հարցազրույցներից մեկում Արթուր Մկրտչյանն ասել էր, որ երբեք չի կարողացել արտահայտել այն ցավն ու տառապանքը, որը 24 տարի ամեն օր ստիպում են կրել, ՙՙայլ ուղղակի ատամները սեղմած առաջ է գնացել, ու ամենակարևոր գերխնդիրն է եղել թույլ չտալ, որ «Մարդուն սպանեն իմ մեջ»:

Այսօր էլ մի ամբողջ կյանք բանտում անցկացրած Արթուրը փորձում է ՙՙառաջ գնալ՚՚, պայքարում է վաղաժամկետ ազատման համար:

Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 22-ի որոշմամբ մերժել էր Արթուր Մկրտչյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու ՙՙԱրմավիր՚՚ ՔԿՀ միջնորդությոնը: Նրա պաշտպան Մոնիկա Մարգարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի որոշման դեմ:

ՀՀ քրեական օրենսգրքի 76 հոդվածով ազատազրկման ձևով պատիժ կրող անձը պատժի նվազագույն ժամկետը կրելուց հետո դատարանի կողմից կարող է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցների կամ կարգապահական գումարտակի հրամանատարի միջնորդագրի քննարկման արդյունքում հանգում է հետևության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ՝

ՙՙ1) պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, և

2) դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է՚՚:

Պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում պատժի կրման ընթացքում խրախուսանքի, կարգապահական տույժի առկայությունը, կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատել-չաշխատելը, ինչպես նաև դատապարտյալի տարիքը, հանցագործության բնույթը և վտանգավորությունը,  ռեցիդիվի առկայությունը, պատճառված վնասի հատուցման պատրաստակամությունը և այլն:

Մինչդեռ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը, ըստ Մկրտչյանի փաստաբան Մոնիկա Մարգարյանի, չպատճառաբանված որոշում է ընդունել: ՙՙ«Դատարանը, բերված փաստերը արձանագրելով, դրանցին բխող հետևությունները սխալ է արել, դրանք չեն համապատասխանում գործով ձեռք բերված փաստերին։

Այսպես՝ Ա․Մկրտչայնը հանցանքը կատարելու պահին եղել է 19 տարեկան, այժմ 45 տարեկան է, ռեցիդիվ առկա չէ, կատարածի համար զղջում է, պատճառված վնասը 50 տոկոսով հատուցել է, մնացածն էլ պարտավորվել է հատուցել: Նա չի ընդունում քրեական ենթամշակույթը, տույժերը, որոնք ստացել է, մարվել են: Ընդ որում, վերջին կարգապահական տույժը ստացել է 9 տարի առաջ:  <<Նուբարաշեն>> ՔԿՀ-ում մասնակցել է շախմատի և շաշկու մրցաշարին, խոհարարության դասընթացներ է ավարտել, ցանկացել է ներգրավվել կրթական ծրագրերում, սակայն դիմումը մերժվել է, որովհետև ցանկացողները շատ են եղել:

2021 թվականին նա այլ դատապարտյալների հետ ստեղծել  է սպորտային ինքնագործ միավորում, մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների,  իրավական հարցերով դասընթացների, կինոիտումների, մշակույթային ինքնագործ միավորման մեջ է ընդհգրկվել, արհեստագործական աշխատանքներում, թզբեհներ է պատրաստել ու հանձնել ՙՙաջակցությւոն դատապարտյալներին՚՚ հիմնադրամին, օգտվել է գրադարանից, չունի արատավոր հակումներ և այլն՚՚, — ասում է փաստաբանը:

Դատարանը իր եզրակացություններն արել է պրոբացիոն ծառայության հակասական տվյալների հիման վրա: Ըստ պրոբացիայի զղեկույցի, Մկրտչյանը դրսևորել է դրական վարքագիծ, սակայն դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է։

ՙՙ«Եթե դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականության աստիճանը որոշելիս առաջնորդվենք միայն կատարած արարքի ծանրության աստիճանով, ապա առանձնապես ծանր արարք կատարելու համար դատապարտված անձի վաղաժամկետ ազատվելու ինստիտուտը գոյություն չի ունենա և կկրի ձևական և դեկլարատիվ բնույթ, ինչն այթույլատրելի է՚՚, — գրում է փաստաբանն իր բողոքում , անդրադառնալով պրոբացիոն ծառայության հակասական զեկույցին:

Նա գտնում է, որ դատարանը պետք է օբյեկտիվ գնահատման ենթարկի առկա բոլոր տեղեկությունները, փաստերը և դրանք գնահատի իրենց համակցության մեջ և ոչ թե ընտրողական մոտեցում ցուցաբերի՝ ընտրելով այն սուղ փաստերը, որոնք կարող են վատ լույսի ներքո ի վնաս դատապարտյալի մեկնաբանվել:

Ա․Մկրտչյանը երիտասարդ տարիքում է հանցանք կատարել, նրա առողջական վիճակը, նրա ներկայիս վերաբերմունքը կատարած հանցանքին, քրեական ենթամշակույթին,  ռեցիդիվի բացակայությունը, կրթական, սպորտային ծրագրերին ընդգրկվել և մասնակցելը, կոմիսիայի պայմանագիր կնքելը, կայուն կապը արտաքին աշխարհի հետ, գրադարանից օգտվելը, վատ հակումներ և կախվածություններ չունենալը, պատճառված վնասի կեսից ավելին հատուցելը։

Ընդ որում, այս բոլոր տեղեկությունները, փաստերը գնահատելով մինչև 2013 թ-ը ստացած կարգապահական տույժերի և տուժողների դիրքորոշումների հետ համակցության մեջ՝ պետք է փաստել, որ պատժի կրման ընթացքում Ա․Մկրտչյանի կարգապահությունը և ուղղման գործընթացի ծրագրի կատարման արդյունքները բարձր են և  վերոհիշյալ տվյալների և այլ հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ նա կանգնած է ուղղման ճանապարհին, այսինքն Ա․Մկրտչյանի կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելու հավանականության աստիճանը բավարար է թե՛ հասարակական անվտանգության և թե՛ հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, իսկ պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել համապատասխան վերահսկողության ներքո պաշտպանյալիս ազատության մեջ գտնվելու պայմաններում:

Արթուր Մկրտչյանի պաշտպանը տեղեկացրեց նաև, որ դատարանում անթուլատրելի վարքագիծ է դրսևորել դատախազ Արայիկ Բրուտյանը: Երբ քննարկվել է Արթուր Մկրտչյանի՝ սպորտային միջոցառումներին մասնակցելու հանգամանքը, նա կոպիտ, մասնագիտական էթիկայի հետ անհամատեղելի հարց է ուղղել դատապարտյալին. ՙՙ«Ի՞նչ ա, ամեն մահացած զինծառայողի դիմաց մի  հատ միջոցառմա՞ն ես մասնակցել՚՚:

Արթուր Մկրտչյանը ի պատասխան ամոթանք է տվել դատախազին, ասելով. «Ոչ մի բանը չարժե զինվորի կյանքը։ Դուք պետք է նման բան չասեիք, ես ձեր փոխարեն ամաչում եմ՚՚:

Արթուր Մկրտչյանը կալանավորվել է 19 տարեկանում: Այսօր  նա 47 տարեկան է:

Ի դեպ, տուժողների իրավահաջորդները դեմ չեն պաշտպանյալիս վաղաժամկետ ազատմանը և պարտք ու պահանջ չունեն Ա․Մկրտչյանի նկատմամբ:

Սյուզան Սիմոնյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest