-Զգույշ մնա, քո հետ մի բան լինի, մամադ կգժվի։
-Տատ, ինչի ես փախնող տղա ե՞մ։
Խաչիկ Հարությունյանի վերջին խոսակցությունն էր հոկտեմբերի 20-ին։ «Հետո պայթյուններ եղան, գոռաց՝ տագնապ, ու ասեց՝ կզանգեմ։ Իգիթ տղա էր, իգիթի պես էլ զոհվեց»։
Խաչիկը
(Հայրը) Խաչիկը երկրորդ դասարանից ֆուտբոլ ա պարապել, Փյունիկում ա խաղացել, հետո տեղափոխել են Արարատ։ Անվճար ընդունվել ա Ֆիզկուլտի ինստիտուտ, գերազանց ավարտելուց հետո գնացել ա Վազգեն Սարգսյան։ Էդտեղից դիմում ա գրել կամավոր, որ գնա Մատաղիս։ 3 տարի ծառայում էր Մատաղիսում, որ պատերազմն սկսվեց։
Սեպտեմբերի 27-ին
Էրեխեն պատերազմի հենց առաջին օրն եղել ա Մատաղիսում, դիրքի պատասխանատուն էր, ավագ լեյտենանտ։ Իրա հերթապահության օրն ա եղել, որ առաջին սնարյադը» ընկել ա առավոտվա 7-ին, ինքը զենքերը բաժանել ա զորքին, տեղավորել ա, հետո ավտոն «խոդ» ա տվել ու գնացել պատերազմի դաշտ։ Մարտկոցի հրամանատարն ասում ա՝ մինչև կնոջն ու էրեխեքին տարածքից հանել ա, հետ ա եկել, Խաչիկն արդեն ասել ա՝ «սնարյադ չունեմ, «սնարյադ» հասցրեք»։ Բայց դա էլ չէին կարողանում հասցնել, կես ժամվա մեջ 190 «սնարյադ» մենակ ա կրակել։
Մի շաբաթ Մատաղիսում են կռիվ տվել։ Որ ցույց էին տալիս Մատաղիսի ձորը, լրիվ իմ էրեխեն ա եղել։ Սկզբից տեղափոխել են Խոջալու, հետո էլ Մարտունի երկրորդ։ Տեղափոխելն էլ սարքած ա եղել։ Հրամանատարական կազմը լրիվ լեննականցի են եղել, իրանք էլ ուղարկել են, թե չէ տենց հրաման չի եղել։ Հրետանու պետն ասում ա, որ Պաշտպանության բանակից ա հրաման եղել, բայց «պոլկում» աշխատողն ասում ա՝ տենց հրաման չի եկել։
Զոհվեց
Մարտունի երկրորդի Կարմիր շուկայի արանքում են իրանք կռիվ տվել։ Էդ նենց տեղ ա եղել, որ 99 %-ը հետ չի եկել։ Իմ տղեն էլ հենց էդտեղ զոհվեց հոկտեմբերի 25-ին։ Գլխի հետևի կողմից ա հարվածն եղել, մնացածը նորմալ էր, մենակ ոտքերին «ասկոլկեքի» տեղեր կան։ Հաշվարկները լրիվ ինքն ա արել, ասում են՝ մինչև մնացածը ուզում էին հաշվարկ անեին, Խաչիկը կրակում էր․ արդեն հաշվարկել, պրծել էր։
Ասում են՝ դեպքը տեղի ա ունեցել թեժ մարտերի ժամանակ։ Իմ տղեն հրետանավոր ա եղել, ինքը մարտկոցի ավագ սպա էր։ Մի տղա էինք գտել, պատմում էր, որ մի «բայրաքթարից» պրծել են, մյուսը՝ խփել ա։ Հենց նույն օրն էլ իմացել ենք, որ հարցում ենք էդ տղային՝ ո՞նց եղավ իրան շուտ գտան, ասեց, որ շտապօգնությունը, վերևում կանգնած, նայում էր։ Ու ինձ շատ հետաքրքիր ա ՝ ինչի էր «սկոռին» կանգնած սպասում։
Վերջում ամենաուժեղ կռիվը հենց Կարմիր շուկայի հատվածում ա եղել։ Հիմա ռուսն ա իրանց անցկացնում էդ հատվածով դեպի Շուշի, ուզում էին էդ գիծը վերցնեին, որ խանգարող չլիներ։
Մենք՝ Խաչիկից հետո
(Տատիկ) Իրա մեջ կար բարություն, մարդկություն, քաջություն ու արիություն։ Շատ վատ վիճակի մեջ ենք հիմա։ Մայրն էլ, հայրն էլ, ես էլ, բոլորս էլ չենք կարողանում մի կտոր հաց ուտել առանց իրա նկարին նայելու։
Գեներալ Սիլիկովի ազգից ա մայրը, դրա համար էլ նրա արյունը կար Խաչիկի երակներում, տենց էլ հերոսաբար կռվեց ու հերոսաբար զոհվեց, իսկ պետությունը չի գնահատում։ Ինչո՞ւ չեն եկել մինչ օրը որդեկորույս մորը ցավակցել։
(Հայրը) Մարտական ծառայության մեդալն են ուղարկել։ Էս պետությունը տենց էլ չգնահատեց իմ էրեխուն, ափսոս էր իմ էրեխեն, որ էս պետության համար գնաց։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: