ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով անցնող ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի առողջական վիճակը օրերս կտրուկ վատացել է: Նա կորցրել է լսողությունը ձախ ականջի շրջանում, մարմնի ձախ կողմն անշարժացել է:
Այս մասին Forrights.am-ին հայտնեց Տեր-Սահակյանի փաստաբան Էդգար Ղարիբյանը: Այսօր նա այցելել է իր պաշտպանյալին: «Ծանր վիճակ է նրա մոտ: Ձախ կողմը լրիվ քարացած է, քայլելիս ձախ ոտքը քարշ է տալիս մի կերպ, ձախ ականջի լսողությունը ամբողջությամբ կորել է: Ասել են, որ շատ արագ պետք է ԿՏ հետազոտություն իրականացվի: Որևէ միջամտությւոն մինչև այս պահը չի եղել: Այսօր դիմումը գրեցինք, որ առավոտյան տանեն հետազոտման», — ասաց Էդգար Ղարիբյանը:
Արմեն Տեր-Սահակյանը անազատության մեջ է 1998թ.-ից, արդեն մոտ 25 տարի: Նրա առողջությունը կտրուկ վատացել է մի քանի օր առաջ, այն բանից հետո, երբ ՀՀ դատախազության պատիժների եւ հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գ. Իսախանյանը կասեցրել է արդարադատության նախարարության տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը և իրեն ՙՙՎարդաշեն՚՚ ՔԿՀ կիսաբաց հիմնարկից կրկին տեղափոխեցին «Նուբարաշենի» խուց:
Արմեն Տեր-Սահակյանի պահման ռեժիմը փոփոխվում է արդեն հինգերրորդ անգամ: Ինչով է պայմանավորված նման դաժանությունը ցմահ դատապարտյալի նկատմամբ, Տեր-Սահակյանի որդին՝ Աբգար Տեր-Սահակյանը չգիտի: Կասեցման որոշման որևէ հիմնավորում դատախազությունը չի ներկայացրել:
«Մեկ ամիս առաջ դատախազությունը առաջարկել էր վերանայել հորս կիսաբաց ռեժիմ տեղափոխելու որոշումը, բայց հանձնաժողովը մերժել էրչ դատախազին: Կիսաբացում անցկացրած այդ մեկ ամսում հայրիկը նույնիսկ խրախուսանքի էր արժանացել, և այս որոշումը մեզ համար անակնկալ էր: Ոնց որ Իսախանյանը պրինցիպի ընկած լինի արդարադատուիթյան նախարարության հետ: Սա խոշտանգում է հորս նկատմամբ: Ամեն անգամ նա ծանր ապրումներ է ունենում հերթական անգամ բացել-փակելուց: Էս անգամ էլ այնպիսի ցնցում տարավ, որ կորցրեց լսողությունը», — ասում է Աբգար Տեր-Սահակյանը:
Արմեն Տեր-Սահակյանը ասել է հարազատներին, որ եթե կասեցման որոշումը չվերացնեն, նա կրկին հացադուլ է հայտարարելու:
Իսկ նրա որդին առաջարկում է ընդհանրապես վերացնել ցմահների պահման ռեժիմը մեղմացնելու վերաբերյալ օրենքը:
«Եթե այսպես են անելու, եթե դատախազությունը որպես կառույց ավելի հզոր է, քան արդարադատության նախարարությունը, քան քրեակատարողական վարչությունը, տեղաբաշխման հանձնաժողովը, ու ինչ էլ լինի, առանց որևէ բացատրության թույլ չի տալու, որ ցմահները շնչեն, թող ավելի լավ է փոխեն այս օրենքը: Մենք կիմանանք, որ չկա նման բան, ու մարդիկ իրենց կամերներում հանգիստ կնստեն, ոչ թե րոպեն մեկ նրանց հույս տան ու էլի կոտրեն հույսը» — ասում է Աբգար Տեր-Սահակյանը:
Մենք դիմեցինք գլխավոր դատախազություն, խնդրելով պարզաբանել, թե ինչու է կրկին որոշվել Արմեն Տեր-Սահակյանին հետ տանել կիսափակ հաստատություն: Պատասխան դեռ չենք ստացել, իսկ արդարադատության նախարարությունից մեզ պատասխանեցին.
«Դատախազությունն իրավունք ունի կասեցնել Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը: Ըստ այդմ՝ եթե իրացնում են իրենց այդ լիազորությունը, կասեցվում է ռեժիմի փոփոխության որոշումը: Այդ դեպքում հանձնաժողովը պետք է վերանայի իր որոշումը: Ընդ որում, դա կարող է անել բազմիցս: Որևէ սահմանափակում օրենքը չի նախատեսում»:
Ապրիլի 13-ին վարչական դատարանը Կարեն Զարիկյանի նախագահությամբ նախադեպային վճիռ է կայացրել, որը կարող է փոխել բազմաթիվ ցմահների ճակատագիրը: Ըստ այդմ, ապօրինի են համարվել դատախազության որոշումները՝ ցմահների պահման ռեժիմը կրկնակի անգամ կասեցնելու վերաբերյալ:
Երբ վճիռն օրինական ուժի մեջ մտնի, գլխավոր դատախազությունն ամենայն հավանականությամբ ստիպված է լինելու հրաժարվել ցմահների կյանքը բարդացնելու ընդունված գործելաոճից:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: