44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Հովսեփյանի գերեզմանը ծնողները ստիպված են եղել քանդել և նորից վերահուղարկավորել: Հայրենիքը կյանքի գնով պաշտպանած Էրիկին 2020 թվականի հոկտեմբերի 5-ին հուղարկավորել են ծննդավայր Թաղավարդում: Գյուղը Մարտունու շրջանում է: Հուղարկավորությունից մեկ ամիս անց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Էրիկի ծննդավայրի կեսն անցել է թշնամուն: Ադրբեջանական կողմին անցած մասում է մնացել նաև գյուղի գերեզմանատունը: Ծնողները ռուսական կողմի հետ անցել են Թաղավարդի այդ հատված ու հանել իրենց որդու դին:
«Դեկտեմբերի 19-ն էր, գյուղում արդեն ադրբեջանցիներ կային: Նրանց թույլտվությամբ և ռուսական կողմի ուեցկցությամբ գնացինք: Հիմա հուղարկավորված է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը»,- ասաց մայրը՝ Անուշ Ալեքսանյանը:
Նրա փոխանցմամբ այդ օրը Թաղավարդի գերեզմանատից ևս հինգ դի է հանվել:
Մայրը պատմեց, որ Էրիկին հոկտեմբերին Ստեփանակերտում հնարավոր չի եղել հուղարկավորել, քանի որ թշնամին մայրաքաղաքը ինտենսիվ հրետանակոծել է: Դժվարությամբ տղայի դին այդ օրերին հասցրել են Թաղավարդ:
«Այդ օրը Ստեփանակերտն ահավոր հրետանակոծում էին, հնարավոր չէր քաղաքում հուղարկավորել: Հոկտեմբերի 4-ի գիշերը մի կերպ հասցրել ենք Թաղավարդ, ոչ մեկ չէր բերում, մեքենայի հետ մի կերպ ենք խոսել, քանի որ ռմբակոծում էին»,- ասաց Անուշ Ալեքսանյանը:
Էրիկն ընտանիքի ավագ որդին էր, ունի մեկ քույր և եղբայր: Ընտանիքը ծնունդով Թաղավարդից է, բայց ապրում են Ստեփանակերտում: Բանակ էր զորակոչվել 2019 թվականին, ծառայում էր Մարտակերտում: Պատերազմի օրերին եղել է Մարտակերտից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող դիրքերում: Զոհվել է հոկտեմբերի 2-ին՝ հրամանատարի հետ մշտադիտարկման գնալիս, ԱԹՍ-ի հարվածից:
«Հրամանատարի վարորդն է եղել Էրիկը: Հրամանատարն ասել է՝ դու մի արի, դու մատղաշ միս ես, ես կգնամ կգամ: Ասել էր՝ չէ կամանդիր, ես քեզ մենակ չեմ թողնի: Կամանդիրի հետ գնացել է, կարող էր չգնալ ու փրկվեր, բայց չարեց: Հոկտեմբերի 2-ին է եղել»,-ասաց մայրը:
Այդ օրը մայրը որդու հետ վերջին անգամ է խոսել՝ զոհվելուց մեկ ժամ անց: Էրիկի դին դժվարությամբ են գտել՝ Երևանից, բոլոր հիվանդանոցներում փնտրելուց հետո:
«Մեր ընկերներից մեկին խնդրեցին փնտրի: Զանգեց ասաց, որ Երևանի մորգում է, շփոթմունքով ուղարկել էին Երևան: Ասում էին, թե իբր չեն ճանաչել, իմիջայլոց վերաբերմունք է եղել»,-հիշեց մայրը:
Էրիկի մայրը՝ տիկին Անուշը, ուսուցչուհի է: Պատերազմի օրը նա և իր աշակերտները ևս հայտնվել են հակառակորդի թիրախում:
«Այդ օրը իմ դասարանի աշակերտներին էքսկուրսիա էի տանում Տաթև: Շուշիում էինք, երբ պատերազմը սկսվեց: Երկու ժամ հրետանակոծության տակ մնացինք աշակերտների հետ՝ Շուշիի մատույցներում անտառներ կային, հետո նոր իջանք քաղաք: Երեք ժամ կապ չկար, կապ հաստատեցինք հրամանատարների հետ՝ ասացին, լավ է, մինչև Էրիկը զանգեց ու ասեց, որ ամեն ինչ լավ է»,- նշեց մայրը:
Էրիկ Հովսեփյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալների:
«Էրիկը ընկավ հերոսի մահով , դարձավ հավերժության ճամփորդ: Նրա սխրանքն անմահ է, անունը՝մեր շուրթերին: Փառք ու պատիվ 44-օրյա պատերազմի սուրբ նահատակներին»,- եզրափակեց մայրը:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: