–Քանի՞ տարեկան էր Հարությունը։
–Ամառը կլինի 34։
Հարություն Մանուչարյանի կյանքը կանգ առավ 32 տարեկանում պատերազմի դաշտում, բայց նա ներկա է տան ամեն անկյունում, մոր ամեն խոսքում։


Ծնվեց Սումգայիթի ջարդերի ժամանակ

Ադրբեջանի Շարուքար գյուղում էինք ապրում, որ Սումգայիթի դեպքերն սկսվեցին։ Հենց էդ խառը շրջանում էլ Հարությունս ծնվեց՝ հունիսի 13-ին։ Ովքեր իրանց տները թողել, գնացել էին, սկսեցին դրանք վառել։ Գյուղում սահման էին սարքել, տղամարդիկ ամեն շաբաթ գնում էին, էդտեղ կանգնում, կանանցով էլ հավաքվում էինք մեկի տանը, ապահովության համար եռման ջուր էինք պահում, որ եթե հանկարծ մտնեին, գոնե տենց պաշտպանվեինք։ Բայց վիճակը գնալով վատացավ, մենք էլ դուրս եկանք, էրեխես 8 ամսեկան էր։
Մի մեքենայի մեջ երեք ընտանիքի վեշ լցրեցինք, Հարությունիս փաթաթեցի կարպետի մեջ, դրեցի վեշերի վրա։ Վախենում էի, որ կարող ա տեսնեն, մտածեն զենք ա։ Մեր վարորդը թուրք էր, մինչև սահման բերեց։ Հետո որ հասանք Ծովագյուղ, էրեխուս հանեցի, տեսնեմ՝ շնչում ա, թե չէ։ Էդպես եկանք Աշտարակ։

Հարությունս
Հարությունս դպրոց պիտի գնար, որ իրա պապան մահացավ։ Ինքը երազում էր, որ իր տղան զինվորական դառնա, կամ ոստիկան։ Որ ես մենակ մնացի, էրեխես ինձ օգնում էր, ամեն ինչ անում էր։ Մենք դոմիկում էինք ապրում։ Ճիշտ ա՝ ուրիշի կոշիկներով, ուրիշի շորերով եմ պահել, բայց ինքը չի նեղվել դրանից․ ընկերներից չեմ առանձնացրել իրան։ Հարությունս լավ սովորում էր, նկարում էր, խաչեր էր սարքում։ Ես ուզում էի, որ Թերլեմեզյան գնար, բայց չգիտեմ՝ ինչ էր իրա մեջ տպավորվել, եկավ ասեց՝ գնում եմ Վազգեն Սարգսյան։
Դարձավ զինվորական
Սովորեց, ավարտեց, էնտեղ թերթի խմնագիր էր։ Հետո Ջաբրայիլում 5 տարի ծառայեց, կապիտանի կոչումով եկավ։ Ահագին փորձությունների միջով ա անցել․ Թալիշի էն բնակարանը, որ ծերերի ականջները կտրել էին, ինքն ա մտել։ Թալիշի բնակչությանը իրենց ջոկատով են օգնել, դուրս հանել։
Հետո էստեղ 2 ամիս մնաց, մայոր տվեցին։ Ինքը 2-րդ խմբի հետախույզների հրամանատար էր։ 4 տարի էր մնացել, որ պայմանագիրը վերջանար։ Մոսկվա գնաց վերապատրաստման, հետո Իտալիա։ 2020–ին նորից ուղարկեցին Մոսկվա։
Հարությունս Ղարաբաղում ամեն մկան ծակն էլ գիտեր, մի տեղով մտներ, մյուս տեղով դուրս գար։ Հետախույզ էր։ Ինքը նույնիսկ ընկերների հետ գնացել ա Բաքու, անգամ հարսանիքի ա մանսակցել, առանց փորձանքի հետ եկել։ Ապրիլյան պատերազմին էլ ա մասնակցել։

Ու գնաց․․․էդ գնալն էր, որ գնաց
Կիրակի առավոտ շուտ զանգել էին իրան, կանչել՝ «արի, վռազ գործ կա»։ Ու գնաց, էդ գնալն էր, որ գնաց։ Ընթացքում զանգում էր, բայց բան չէր պատմում։ Վերջին անգամ խոսեցի հոկտեմբերի 9–ին, զգացի, որ մի բան էն չի։
–Մամ ջան, լավ կնայես քեզ։
–Կարոտել եմ, ե՞րբ ես գալիս, զգույշ եղի։
–Մամ, դու ինձ նոր ե՞ս ճանաչում, քանի տարի ա՝ էս գործի մեջ եմ։ Արխային, հեսա հաղթանակած տուն ենք գալու։
Ամսի 10-ի գիշերը չարաբաստիկ խաբարը եկավ։ Պատերազմի ընթացքում տարբեր տեղեր ա եղել․սկզբից Մատաղիս, հետո Ջաբրայիլ, վերջում էլ՝ Հադրութ, հենց էդտեղ էլ զոհվել ա։ Էդ օրը 300 հոգու շրջափակումից հանել են, մենակ ինքն ա զոհվել, բայց չգիտեմ՝ ոնց ա եղել, ինձ ոչ մեկ մանրամասներ չի պատմում դեպքից։ Մեկը ասում ա՝ «մուխայով» են խփել, մյուսն ասում ա՝ հեռադիտակով հելել ա, որ նայի, խփել են։ Բայց արդեն հավատում եմ, որ ինքն էլ ա դավաճանների ձեռքով գնացել։
Շատ պատվոգրեր, գովասանագրեր ու մեդալներ ունի։ Հետմահու էլ «2–դ աստիճանի Մարտական խաչ» մեդալն ա ստացել։

Կյանքս կիսատ մնաց
Ես իրա դեմքը տեսել եմ, բայց չէի հավատում, տարուց ավել ուշքի չէի գալիս։
Երբ ասում էի՝ «ամուսնացի», ասում էր՝ «շատ նպատակներ ունեմ հլը», ուզում էր էս տունը մեծացնի։ Ոսկեղենը առել էի սաղ, պատրաստել իրա հարսանիքի համար, բայց երազանքներս կիսատ թողեց․ կյանքս կիսատ մնաց։



Հեղինակ՝ԱՆի Թորոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest