30 տարի կալանավայրում անցկացրած դատապարտյալի բուժումը ձգձգում են նրա կյանքի հաշվին

469

Ցմահ դատապարտյալ Արամ Առաքելյանը 20 տարեկանից ուղղիչ հաստատություններում է, 1993 թվականից: Դեկտեմբերին կդառնա 50 տարեկան:

Նստել է «Նուբարաշենում», «Գորիսում», «Կոշում», հիմա «Արմավիրում» է:

Կալանավայրերում Արամ Առաքելյանը կորցրել է առողջությունը: Այնքան վատառողջ է, որ անգամ չի կարողացել ներկայանալ իրեն պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով դատական նիստերին:

Երկու նիստ արդեն բաց է թողել: Երրորդը հունիսի 15-ին է նշանակված, բայց հույս չունի, որ գոնե այդ նիստին կկարողանա ներկայանալ:

Փետրվարի 20-ի գիշերը Արամ Առաքելյանը կաթվածահար է եղել: Բժիշկներն ախտորոշել են գլխուղեղի սուր իշեմիկ կաթված: «Աստղիկ» ԲԿ-ում Արամ Առաքելյանին գլխուղեղի վիրահատության են ենթարկել, որը հաջող է անցել, սակայն կաթվածն անհետևանք չի անցել: Դեմքի մի հատվածը քարացել է, նա խոսքի դժվարություն ունի:

ՀՀ կառավարության 2006 թվականին ընդունված և 2019 թվականին էլ  փոփոխված N 825-Ն որոշմամբ «ուղեղի արյան շրջանառության հեմոռագիկ, իշեմիկ, կամ խառը սուր խանգարումները» ընդգծված են  կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում, սակայն Առաքելյանին չեն ցանկանում ազատել:

Այժմ նա և նրա փաստաբանները փաստաթղթային անվերջանալի պտույտների մեջ են: Դիմումը դիմումի վրա են ուղարկում ու մեծ ուշացումներով պատասխաններ են ստանում պատկան մարմիններից, որոնք չեն արագացնում գործընթացը, այլ ավելի են ձգում: Բանտերում ողջ գիտակցական կյանքը՝ մոտ 30 տարի անցկացրած դատապարտյալին պատժի կրումից ազատելու հարցը անհարկի ձգձգվում է, ինչ-որ միջանկյալ օղակներում ու այդպես էլ օրինական լուծում չի ստանում: 

Արամ Առաքելյանի մայրը՝ Ռոզա Առաքելյանը, Forrights.am-ի խնդրանքով պատմում է. «Բժիշկը, որը որ օպերացիա է արել որդուս, նրա էպիկրիզը նայելով ասեց մեզ, որ Արամի հիվանդությունը անհամատեղելի է կալանքի հետ: Մենք դիմեցինք

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ: Փաստաբաններն էին դիմել, երկուսին էլ պատասխան էր եկել որ առաջիկա նիստերում ինչ-որ բժշկական կոմիսիա պետք է հավաքվի ու որոշում կայացնի, բայց մինչև օրս ոչ մի որոշում չի կայացվում»:

Մարտի 14-ին «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը Արամ Առաքելյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանին պատասխանել է, որ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը առաջիկա նիստում կքննարկի, թե արդյոք Արամ Առաքելյանի հիվանդությունը համապատասխանում է պատիժը, կամ  կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին: 

Անցել է արդեն երկու ամիս, բայց նիստը դեռ չի կայացել: Պարզվում է, որպեսզի դատապարտյալի հարցը քննվի այդ «բարձր» հանձնաժողովում, նրան պետք է ենթարկեն բուժզզնման, իսկ դա այնքան էլ հեշտ չէ կազմակերպել:

Արամի  մայրը ասում է, որ ցանկացել է անձնական ֆինանսներով որդուն  մասնավոր կարգով բուժզննության ենթարկել, սակայն քրեակատարողական ծառայությունը թույլ չի տվել: 

Մայիսի 3-ին «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից  վերջապես ստացվել է պատասխան, որ ցմահ դատապարտյալ Արամ Առաքելյանին թույլատրվել է տեղափոխել «Աստղիկ» ԲԿ՝ «հետազոտությունների խորհրդատվության համար, որը կկատարվի սահմանված կարգով»: Բայց հիմա էլ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գլխավոր բժիշկ Գջոյանն է խոչընդոտում զննության գործին:

«Նա խաբել է որդուս, ասել է, որ պահպանության ծառայությունը պետք է «կանվոյնիկ» նշանակի Արամին «Աստղիկ» տանելու համար, բայց չի նշանակել, իսկ դրանից կես ժամ հետո որդիս ռեժիմի գծով աշխատակցից իմացել է, որ իրենց հետ խնդիր չկա, ու հենց հիմնարկի գլխ բժիշկը գրի, որ էս ինչ դատապարտյալին պետք է տեղափոխեն էս ինչ հիվանդանոց, իրենք կտեղափոխեն»: 

Այսպես, ցմահ դատապարտյալները Կաֆկայի «Դղյակը» վեպի պերսոնաժի նման գնում-գնում են ու այդպես էլ չեն հասնում այն ամենագլխավոր, այն չինովնիկին, որը վերջապես կլուծի իրենց հարցը և չի վատնի իրենց ժամանակը, որն առանց այդ էլ քիչ է:

Սյուզան Սիմոնյան