Գերությունից վերադարձած զինվորին հոգեբանական խնդիրներով տարել են դիրքեր. մայրն ահազանգում է

38

Ադրբեջանական գերությունից վերադարձած Արթուր Բաբայանին հոգեբանական և ֆիզիկական խնդիրներով տարել են դիրքեր: Այս մասին forrights.am-ի հետ զրույցում փոխանցում են զինծառայողի մայրը՝ նշելով, որ որդին գերությունից հետո շարունակում է ապրել սթրեսներով:

forrights.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ շարքային Բաբայանը Բաքվից վերադառնալուց հետո շուրջ 10 օր ռազմական ոստիկանությունում մնալուց հետո տեղափոխվել է Ճամբարակի զորմաս՝ ծառայությունը շարունակելու: Ծնողներն ահազանգել են, որ որդու առողջական վիճակն անհամատեղելի ծառայության հետ:

Արթուր Բաբայանի խնդրին «Մեդա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ անդրադարձել է նաև Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Գերությունից վերադարձած զինվորին առանց հոգեբանական կենտրոն տանելու փոխարեն, քանի որ Բաքվում խոշտանգումների է ենթարկվել տարել կանգնեցրել են սահմանին: Հիմա իրենք ի՞նչն են բարեփոխում, երբ հիվանդ զինվորին տանում կանգնացնում են սահմանին: Նա ինչպե՞ս է պաշտպանում սահմանը»,- ասել է նա:  

Արթուր Բաբայանը փետրվարի 7-ին գերությունից վերադառնալուց հետո վերականգնողական բուժում չի անցել: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնել են նաև պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ զինծառայողը նման անհրաժեշտություն չունի: Մինչդեռ Արթուրի ծնողները հակառակն են պնդում:

«Իրենք երեխուս հոգեբանությունն ուսումնասիրե՞լ են, իրենք հետաքրքրվու՞մ են, թե երեխայիս հետ ինչ է կատարվում: Հոգեբանական խնդիրներ շատ ունի, որ արձակուրդ էր եկել հարևանները չէին ճանաչում, հարցնում էին՝ քո Արթու՞րն է: Դեմքով նորմալ է, բայց այնպիսի շարժումներ է անում…գնալով նիհարում է, ես ջերյան էրեխա եմ ուղարկել, բայց հիմա ինչ են ինձ տալիս, ես չգիտեմ, թե ինչ անեմ: Զանգում եմ նախարարություն հեռախոսին չեն պատասխանում: Մի նորմալ սպա կա, ինքն է մեկ-մեկ ժամանակ հատկացնում էրեխու հետ հոգեբանորեն խոսում է:  

Որ եկել էր արձակուրդ էրեխեքն ախպոր համար փուչիկներ էին առել, դրանցից մեկը պայթեց, տեսնեիք, թե ոնց վեր թռավ, մենք ասեցինք ինչ-որ մի բան եղավ: Այդ բոլոր ձայներն իր վրա ազդում են: Ուզում եմ պաշտպանության նախարարություն ինձ լսի, որ լսի՞ կարող է երեխաս մի արդյունքի գա կամ զորացներն տուն գա: Երեխաս չի կարող այս վիճակով ծառայել»,- ասում է մայրն ու շեշտում, որ տղայի ոտքերն ահավոր այտուցված են, ինչպես նաև մարմնի սուր ցավեր ունի, որոնք Բաքվում անցկացրած օերերի հետևանքներն են: 

ՊՆ-ից մեր հարցին՝ արդյո՞ք Արթուր Բաբայանի առողջական վիճակը համատեղելի է ծառայության հետ փոխանցել են, որ զորամասում տղան գտնվում է բուժծառայության հսկողության ներքո: Սրան զուգահեռ Արթուրի մայրն ահազանգում է, որ տղան որոշ ժամանակ առաջ երկկողմանի թոքաբորբով է հիվանդացել և միայն իր խնդրանքերից հետո են տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:

«Ես եմ զանգով խնդրել, որ տղայիս զորամասից հանել են տարել են Կարմիրի (Ճամբարակի) հիվանդանոց, ահավոր կրկնակի թոքաբորբ տանելուց է եղել, տարել են ռենդգեն են արել, որ տեսնեն թոքերի հետ խնդիրներ կա, թե՝ չէ: Ահավոր հազում է: Հազը, որ բժիշկը տեսնի կասի՝ այս երեխայի հետ ի՞նչ է կատարվում: Քիչ է մնում թոքերը բերանից դուրս գա»,- ասում է մայրը:

Նարեկ Կիրակոսյան