Ապրիլի 13-ին վարչական դատարանը Կարեն Զարիկյանի նախագահությամբ նախադեպային վճիռ է կայացրել, որը կարող է փոխել բազմաթիվ ցմահների ճակատագիրը: Ըստ այդմ, ապօրինի են համարվել դատախազության որոշումները՝ ցմահների պահման ռեժիմը կրկնակի անգամ կասեցնելու վերաբերյալ:
Երբ վճիռն օրինական ուժի մեջ մտնի, գլխավոր դատախազությունն ամենայն հավանականությամբ ստիպված է լինելու հրաժարվել ցմահների կյանքը բարդացնելու ընդունված գործելաոճից:
Ինչպես հայնտի է, դատախազությունը չպատճառաբանված դաժանություն է դրսևորում 20 և ավելի տարիներ կալանավայրում անցկացրածների նկատմամբ, և պարբերաբար կասեցնում է Արդարադատության նախարարության տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները, նրանց պահման ռեժիմը մեղմացնելու վերաբերյալ: Եւ սա այն դեպքում, երբ 2019 թվականի հուլիսից ուժի մեջ մտած քրեակատարողական նոր օրենսգրքով ցմահ դատապարտյալը դրական վարքագիծ ունենալու դեպքում 15 տարին կրելուց հետո կարող է տեղափոխվել կիսափակ ուղղիչ հիմնարկ, իսկ 18 տարի ազատազրկումից հետո նա կարող է անցնել արդեն կիսաբաց ռեժիմի:
Օրենքի դրույթների մեջ տեղավորվելու նպատակով դատախազները գնում են ամենաանմարդկային քայլերի: Անգամ չեղյալ են համարում ցմահներին խրախուսելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի որոշումները:
Նման որոշում ընդունել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իրականացնող դատախազ Գարեգին Իսախանյանը, որի մասին կալանավայրերում ասում են, թե նա «ընկել է ցմահների հետրից»:
2019 թվականին ցմահ դատապարտյալ, կալանավայրում 28 տարի անցկացրած Արթուր Կոստանյանը մասնակցել էր «Նուբարաշենում» կազմակերպած շտանգայի մրցույթի և հաղթել էր, արժանանալով բերդի ադմինիստրացիայի խրախուսանքի:
Դատախազ Իսախանյանը, պատճառաբանելով, որ նման մրցում չի եղել, կասեցրել է Արթուր Կոստանյանին խրախուսելու վերաբերյալ որոշումը: «Ախր, մարդու ծիծաղ է գալիս: Ոնց չի եղել, եթե ես անձամբ դրան մասնակցել եմ, անձամբ բռնել եմ էդ շտանգան, բարձրացրել եմ», — գանգատվել է Կոստանյանն իր փաստաբանին:
ՔԿԾ կենտրոնական ապարատում գործող տեղաբաշխման հանձնաժողովը 2020 թվականին փոխել է Արթուր Կոստանյանի պահման ռեժիմը, նրան կիսափակ հաստատությունից տեղափոխելով «Վարդաշեն» ՔԿՀ կիսաբաց տիպի հիմնարկ:
11 ամիս նա անցկացրել է, ինչպես ինքն է ասում, «համարյա ազատության մեջ»: Աշխատել է, սովորել է: Բայց 11 ամիս անց տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը կասեցրել են և Կոստանյանին հետ են տարել «Նուբարաշեն» ՔԿՀ: Մի երկու ամսից հանձնաժողովը կրկին պնդել է իր որոշումը, և Կոստանյանին տարել են կիսաբաց ռեժիմ, այս անգամ արդեն «Արմավիր» ՔԿՀ: Բայց այս որոշումը ևս կասեցվել է, և նրան նորից «փակել» են: Դատապարտյալը դիմել է դատարան, սակայն այս անգամ հանձնաժողովն ինքն է չեղարկել նախկինում կայացրած որոշումները, տեղի տալով դատախազության համառության առաջ:
«28 տարվա ընթացքում ոչ մի խախտում չունեմ: Մի անգամ, շատ վաղուց, որ Տռոս Արամն էր բերդի պետը, Արամ Հովհաննիսյանը, ինձ ստից տարան կարցեր, որ գոնե մի խախտում գրանցեն: Ինձ որ հետ տարան նորից բերդ, ոնց որ թազա դատավճիռ լիներ, բայց ո՞ր մի հանցանքիս համար»: Այս հարցը Արթուր Կոստանյանը իր հարազատի միջոցով փոխանցել է Forrights.am-ին, խնդրելով հանրայնացնել: Նա եզրակացնում է՝ կամ դատախազությունը չի ուզում, որ ցմահները գնան առաջ իրենց կյանքում, կամ կապերի մեջ են մտնում տուժողների հետ:
«Դատախազի կողմից վերանայման միջնորդագիր ներկայացնելուց հետո հանձնաժողովի կողմից իր որոշումն անփոփոխ թողնելու դեպքում նորից հանձնաժողովի որոշման կասեցման և վերանայման միջնորդագիր ներկայացնելու որոշում կայացնելու դատախազի հնարավորությունը կխախտի իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքը: Դատապարտյալի մոտ առաջանում է լեգիտիմ ակնկալիք առ այն, որ նա պետք է տեղափոխվի կիսաբաց ուղղիչ հիմնարկ: Որևէ իրավական նորմից դատապարտյալի համար չի կարող կանխատեսելի լինել, որ դրանից հետո դատախազը նորից կարող է չհամաձայնվել հանձնաժողովի որոշման հետ, և գործընթացը նորից կարող է հայտնվել շրջապտույտի մեջ: Հատկանշական է, որ տեղաբաշխման հանձնաժողովը հատուկ մասնագիտական մարմին է, որին վերապահված է ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելու լիազորությունը, իսկ դատախազը միայն հսկող գործառույթ է իրականացնում և խնդիր հայտնաբերելու դեպքում միջնորդում է հանձնաժողովին վերանայել իր որոշումը, սակայն վերջնական որոշումը հանձնաժողովինն է», — գրված է վարչական դատարանի 13.04.2022 վճռի մեջ:
Պարզ ասած, դատարանը գտել է, որ դատախազությունը իրավունք չունի երկրորդ անգամ կասեցնել տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը, քանի որ սա բերում է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի խախտման:
Այս որոշումը վարչական դատարանը նախագահությամբ Կարեն Զարիկյանի ընդունել է քննելով ցմահ դատտապարտյալ Իգոր Օհանյանի հայցն ընդդեմ դատախազության կասեցման որոշումների:
2020 թվականի մարտին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը որոշել էր Իգոր Օհանյանին, որը կալանավայրում անցկացրել է 27 տարի, կիսափակ ուղղիչ հիմնարկից տեղափոխել կիսաբաց ուղղիչ հիմնարկ, «Կոշ» ՔԿՀ:
Օհանյանն առաջին կալանավորներից էր, ում ռեժիմը մեղմացվել է: «Իսախանյանը Կոշ գնալուց հետո պահանջեց ամուսնուս գործերը: Մի ամիս հետո վերադարձրեց ադմինիստրացիային, ու բոլորը զարմացան, որ նա սխալ, փաստորեն չի գտել: Բայց
9 ամիս Կոշում մնալուց հետո, դրական վարքագիծ ունենալով, 2021 թվի փետրվարի 23-ին նրան նորից փակեցին, ապա 9 ամսից էլի փոխեցին ռեժիմը, ու էլի փակեցին:
Ոչ մի խախտում, լրիվ դրական էր բնութագրվել, ինչքան բարի բաներ կա, ամեն ինչի մասնակցել էր՝ սպորտսյին միջոցառումների, եկեղեցական։ Նրան ասում էին՝ Իգոր ջան, եթե բոլոր կալանավորները քեզ նման լինեին, մենք պրոբլեմ չէինք ունանա:
Հետո միանգամից նույն Իսախանյանի կողմից ուղարկվեց կասեցումը, ու տարան էլի Նուբարաշեն: Բացատրությունը ՝ որ Իգորը ունի դրական վարքագիծ, բայց չունի դրական դինամիկա: Բայց դա աբսուրդ ա», — ասում է Իգոր Օհանյանի կինը:
Դատախազը Իգոր Օհանյանին ասել է՝ ո՞ւմ համար ես մասնակցել, իրա համար է մասնակցել, ո՞ւմ համար ես աշխատել, քեզ համար, «այդտեղ դրական բան չկա»: «Ու մեկը չկա հարց տա, պարոն Իսախանյան, իսկ ո՞ւմ համար պետք է այդ ամենը աներ, եթե ոչ իր: 30 էջ հիմնավորում է գրել, որի վրա անգամ ժամանակ կորցնել կարդալ չարժի, այնպիսի աբսուրդ բաներ են գրած», — ասում է Օհանյանի կինը:
Իգոր Օհանյանի դատական հայցին դատախազությունը առարկել է. «Օրենքով դատախազը սահմանափակված չէ վերանայման միջնորդագիր ներկայացնելուց հետո հանձնաժողովի կողմից իր որոշումն անփոփոխ թողնելու դեպքում նորից հանձնաժողովի որոշման կասեցման և վերանայման միջնորդագիր ներկայացնելու որոշում կայացնել»: Սակայն դատարանը բավարարել է հայցը:
«Փաստորեն, Իգոր Օհանյանի գործով դատավարությունը ռազմավարական նշանակութուն կունենա, եթե որոշոմը մտնի օրինական ուժի մեջ: Սպասում ենք դրան, որից հետո կդիմենք տեղաբաշխման հանձնաժողովին, որ նոր հանգամանքի ուժով վերանայի Արթուր Կոստանյանի և Իգոր Օհանյանի վերաբերյալ որոշումները», — ասում է ցմահների շահերը ներկայացնող փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
Չպարզաբանված մնաց, թե ինչո՞ւ է տեղաբաշխման հանձնաժողովը կասեցրել իր իսկ ընդունած և վերընդունած որոշումները, դուք սրա հետ կապված չե՞ք դիմել արդարադատության նախարարություն: Մեր այս հարցին Ռևազյանը պատասխանեց. «Այո, արդարադատության նախարարություն ես բողոք էի ներկայացրել, վիճարկել էի, իրենք պատասխանեցին, որ իրավասու չեն ազդել տեղաբաշխման հանձնաժողովի որոշումների վրա: Այս հարցում նախարարությունը ոչ մի դեր չունի»:
Նույնը պատասխանեց արդարադատության փոխնախարար Արթի Սարգսյանը. «ԱՆ չունի ազդեցություն տեղաբաշխման հանձնաժողովի որոշումների վրա»:
Կարող ենք ենթադրել, որ տեղաբաշխման հանձնաժողովը ուղղակի նահանջել է,առանց նույնիսկ սպասելու դատարանի վճռին, գլուխը դատախազությունից ազատելու ձև գտնելով:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: