Ասորի ժամկետային զինծառայող Իվան` Իոխան Ավդոշոեւ զոհվել է 2020թ-ի հոկտեմբերի 24-ին` Ասկերանում: Հորեղբոր հետ հեռախոսազրույցում նա մի քանի օր առաջ ասել էր, որ եթե անգամ մի օր չզանգի, ուրեմն ինքն այլեւս չկա:
Զոհված զինվորի տատը` Զոյան պատմում է, որ Իվանը սիրված երեխա է եղել, երջանիկ ու հետաքրքիր մանկություն ու պատանեկություն է ապրել: Տարիներ առաջ ծնողների հետ հարազատ բնակավայրից` Կոտայքի մարզի Արզնի գյուղից տեղափոխվել է ՌԴ, սակայն 18 տարեկանը լրանալուն պես վերադարձել է` ծառայելու հայկական բանակում:
44- օրյա պատերազմի մեկնարկին նա ծառայելիս է եղել Մարտունիում, ամեն օր հեռախոսով խոսել է հարազատների հետ, վստահեցրել է, որ պատերազմական գործողություններին չի մասնակցում: Միայն օրեր անց հորեղբերն ասել է, որ թեժ մարտերի մեջ է: Իվանի հորեղբայրը` Խաչատուր Ավդոշոեւը պատմում է, որ նա հոկտեմբերի 14-ին Մարունիից տեղափոխվել է Ասկերան ու զոհվել տասը օր անց. «Գռանատամյոտը որ ընկել է իրանց վրա, եղել են չորս հոգի… Ինքը եղել է հետախույզ: Գնացել է հանձնարարություն է կատարել, եկել է, որ հանգստանա: Հրամանատարն եկել է, ասել է, որ տասներկու հոգի մարդ է պետք, որ սարը բարձրանա ու պահի: Բոլորը հասկացել են, որ գնալու են մեռնելու, չի լինի մարդ, որ ողջ կմնա: Մի նորմալ կոմանդիր էլ չի եղել, որ հետները գնա: Չորս հոգի են համաձայնել գնալ: Չորս հոգով են պահել սարը: Որ գռանատան ընկել է նրանց վրա, Իոխոի մեջքից ասկոլկա է մտնում: Ինքը ցավից ընկնում է, չի կարողանում բարձրանալ: Մի հոգի էլ է վիրավոր լինում… առաջինը եղել է ինքը, մեջտեղը` մյուս վիրավորը ու իրանց կոմադիրը: Իջնելուց արդեն երկրորդ արկն է ընկել, այս մեկը արդեն Իխոյի կողքն է ընկել: Պայթյունի ալիքը Իխոյին է տարել, մյուս երկուսը ողջ են մնացել: Մեկի ոտքն է թռնում, մյուսի ձեռքն է թռնում, բայց ողջ են մնում: Իսկ Իխոն այդ ալիքը իր վրա է վերցնում… հետո իրանք պատմեցին, ասում են` եթե Իխոն չլիներ, մենք երեքս էլ վարի էինք գնալու»:
Իվանի զոհվելու լուրն իմանալով Խաչատուրը չի կարողացել ճշմարտությունը հայտնել դեռեւս ՌԴ-ում գտնվող նրա ծնողներին: Իրականությունը նրանց հայտնի է դարձել Հայաստան վերադառնալուց հետո:
Այդ ընթացքում հորեղբայրը զբաղվել է եղբորորդու դիակի որոնման եւ ճանաչման գործով:
«Գնացի Աբովյանի մոռգ: Դռան կողքը մեշոկ կար: Ասեցին` էս ա ձեր էրեխեն: Մեշոկը բացեցի, սաղ հող էր, մազերը նման էին, բայց դեմքը նայեցի` ինքը չէր: Ժամանակին ես ու կինս նրան նվեր էինք առել, ձեռքի զինվորական ժամացույց էր: Ասեցի` տեսնեմ, եթե ժամացույցը ձեռքին է, ուրեմն ինքն է: Ձեռքս մտցրի, թեւը գտա, հանեցի, տեսնեմ ժամացույցը վրան է… հետո կռիվ եղավ, որովհետեւ էրեխուն գցել էին դռան կողքը: Դրանից շատ էի ջղայինացել: Երբ դուրս եկա, դուրսը լիքը ժողովուրդ էր: Մեկն ասեց` ինչ ես ուզում, փառք քո մեռելին, էրեխուն դու տեսնում ես: Մտածեցի, փառքը որն է: Հետո հասկացա, ինչու էին ասում: Մարդ կա թեւ է թաղել, մարդ կա… »,- պատմում է զոհված զինծառայողի հորեղբայրը:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: