44 հոգուց չորս հոգին էին ողջ մնացել

202

60-ամյա Ռուդիկ Սարխոշեւը Կոտայքի մարզի Արզնի համայնքից էր: 44-օրյա պատերազմի հենց առաջին օրվանից նա կամավորագրվել էր, սակայն տարիքի պատճառով նրան չէին տանում Արցախ: Երեք օր անց, սակայն, նա մեկնում է Հադրութ, որտեղ էլ հոկտեմբերի 10-ին զոհվում է:

«Փեսայիս` աղջկաս ամուսնուն կանչել էին զինկոմ, որ տանեն Արցախ: Ամուսինս էլ ասեց` իմ անունն էլ գրի, ես էլ կգամ: 27-ին գնաց, չտարան, հետ եկավ: 28-ին գնաց, չտարան, հետ եկավ: 29 էլ չտարան: Հետո այնքան համառեց, որ տարան: Ասում էին` գնա տուն, քեզ չի կարելի, մեծ ես, թոռներ ունես: Բայց ինքը ասում էր` ես կգնամ, եթե ես չգնամ, մյուսը չգնա, բա ջահելները գնում են, բա մենք չգնա ՞ նք: Ես իրան ասում էի, որ մնա, որ գնալը իր համար վտանգավոր ա, ասում էր` ես ջահելներից էլ լավ կկռվեմ: Ու իրոք լավ է կռվել»,- պատմում է զոհվածի կինը` Ռայա Սարխոշեւան:

Նա հիշում է որ վերջին անգամ ամուսնուց զանգ է ստացել հոկտեմբերի 8—ին: Այդ օրը  Ռուդիկը ասել է, որ իջնում է դիրքերից ու կարճ ժամանակով տուն է վերադառնալու: Տիկին Ռայայի խոսքով, այդ զանգից հետո ինքը շատ էր հանգստացել եւ արդեն վստահ էր, որ ամուսնուն այլեւս որեւէ վտանգ չի սպառնում. «Ես շատ ուրախացա, տանը պատրաստություն տեսա, անհամբեր սպասում էի, որ հասնի, բայց չկար ու չկար: Զանգ էլ չկար նրանից: Երկու օր ոչ մի լուր: Գնացի գյուղապետի մոտ, ասեցի` ամուսնուցս խաբար չկա, չե՞ ք կարող զանգել, գնալ, մի բան իմանալ, ասեց` այնտեղ այնքան խառն է,  ոչ ոք ոչ ոքի չի ճանաչում, հիմա չենք կարող գնալ, որեւէ բան իմանալ, սպասի, կարող է զանգի… ամսի տասին գյուղապետն եկավ մեր տուն, ասեց` ամուսինդ զոհվել է… 44 հոգուց չորս հոգին են ողջ մնացել, ոնց որ թե տրաքացրել են: Ամուսնուս կեսը չկար, տրաքացրել էին: Կամանդիրը, ով մեր տուն եկավ, պատմեց, որ ինքը շատ լավ է կռվել, ջահելներ են եղել, ովքեր փախել են, բայց ինքը մինչեւ վերջ պայքարել է, կռվել է ու շատ լավ է կռվել»:

Զոհված կամավորի որդու` Ռոբերտի խոսքով, հայրն ու նրա ծառայակիցները զոհվել է ԱԹՍ հարվածի հետեւանքով, երբ կիսաբեռնատար մեքենաներով դիրքերից իջնելիս են եղել: «Թշնամին իմացել է, որ այդ մեքենաների մեջ մարդիկ կան ու հենց նրանց տեղափոխող մեքենաներն է տրաքացրել»,- ասում է Ռոբերտը:

Նշենք, որ 44-օրյա պատերազմին հիմնական ասորական բնակչություն ունեցող Արզնի գյուղը տվել է չորս զոհ: Զոհվածներից երկուսը ժամկետային զինծառայողներ են, մեկը կամավոր, մեկը` պայմանագրային զինծառայող:

Անի Գևորգյան