Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով անկախ մամուլը և քննադատական խոսքը սահմանափակելու, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների դեմ հարձակումների ու սպառնալիքների արդյունավետ հետաքննությունը ձախողելու համար։
Կազմակերպությունն իր 2021-2022 թվականները ամփոփող տարեկան զեկույցում նշում է, որ գլխավոր դատախազությունը և պետական քննչական մարմինները չկարողացան
արդյունավետ հետաքննություն ծավալել՝ 2020 թվականի հակամարտությունից հետո ՀԿ-ների և -լրատվամիջոցների դեմ, այդ թվում՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և «Բաց հասարակության հիմնադրամների» գրասենյակների վրա հարձակումներն ու թալանը բացահայտելու և սպառնալիքները վերացնելու նպատակով։
«Ազատ կամարտահայտման իրավունքը կամ խոսքի ազատությունը շարունակվեց
անհիմն կերպով սահմանափակվել։ Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական մի քանի փոփոխություններ, որոնք սահմանափակում են անկախ մամուլն ու այլ քննադատական խոսքը։ [2021թ.] մարտին Ազգային ժողովը բարձրացրեց վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը՝ հասցնելով 6 միլիոն դրամի (մոտ 12 հազար ԱՄՆ դոլար)։ Օգոստոսին՝ օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթ քրեականացրեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը՝ վիրավորանքի կրկնության դեպքում հնարավոր դարձնելով մինչև երեք ամիս ազատազրկումը։ Այդ նոր օրենքի շրջանակում սեպտեմբերին ոստիկանությունը քրեականգործ հարուցեց Ֆեյսբուքի մի օգտատիրոջ նկատմամբ՝ վարչապետին պատկերող լուսանկարի մեկնաբանությունների դաշտում նրան վիրավորանք հասցնելու համար», — ասված է Amnesty International-ի զեկույցում։
Զեկույնցը նաև անդրադարձել է եզի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ԱԱԾ քրեական հետապնդմանը, այն կոչելով «անհիմն»:
«Հայաստանում գործող «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ նկատմամբ հետաքննությունը սկսվել էր 2020 թվականի հոկտեմբերին՝ իր կողմից առցանց տրված հարցազրույցից հետո, որում խոսելով Հայաստանում բնակվող էթնիկ եզդիների առջև ծառացած
խնդիրների մասին, քննադատաբար էր վերաբերվել Հայաստանի՝ ՀՀ-ում ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիների նկատմամբ վերաբերմունքին։ Նրա դատավարությունը սկսվել էր օգոստոս ամսին և շարունակվել մինչև տարեվերջ։ Եթե նրան մեղավոր ճանաչեն, ապա նրան սպառնում է երեքից վեց տարվա
ազատազրկում»,- գրված է զեկույցում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: