Հայաստանի Զինված ուժերի պայմանագրային զինծառայողների շրջանում դժգոհություններ են հասունացել ցածր վարձատրության պատճառով: Հայ-ադրբեջանական շփման գծում իրենց կյանքը վտանգելով փոքրացած Հայաստանի սահմանները կյանքի գնով պահողները  մոտ 200 հազար դրամ աշխատավարձ են ստանում:

Հայաստանում խորացող աղքատության և տարեսկզբից սկսած ու կանգ չառնող գնաճի ֆոնին Հայաստանի իշխանությունները տեսանելի քայլեր չեն ձեռնարկում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելու համար: Զինծառայողների սոցալական պայմանները ոչ, բայց իշխանություններն իրենց կյանքը բարեկեցիկ դարձնելու հարցում ջանք չեն խնայում: Այս իշխանությունը նախարարներին, նրանց տեղակալներին, քարտուղարուհիներին, պատգամավորներին, նրանց օգնականներին բարձր պարգևավճարներ բաշխելու ռեկորդներ է սահմանել: Շքեղ կյանքով ապրելու քայլերը ոչ սկսվում են յոթանիշ պարգևավճարներով, ոչ էլ ավարտվում՝ ԱԺ նախագահի համար 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ BMW գնելով: Այս ֆոֆին, սակայն, պայմանագրային զինծառայողները տուն ցամաք հաց մեծ դժվարությամբ են տանում: Շատերն էլ դիմումներ են գրում ու դուրս գալիս ծառայությունից:

forrights.am-ի խմբագրություն ահազանգած պայմանագրային զինծառայող Խաչիկ Բարսեղյանը նշում է՝ պայմանագրային զինծառայողն այսօր չի ստանում այնքան աշխատավարձ, որով հնաարվոր կլինի նվազագույն կենսական պայմաններ ապահովել ընտանիքի համար:

«Մենք ամռանն աշխատում ենք օձերի, կարիճների մեջ, հողի ու քլունգի հետ կռիվ ենք տալիս և ստանում ենք ավելի քիչ, քան օրինակ պարեկը կամ ավտոբուսի վարորդը: Մեր կառավարությունը պետք է այս ամենի մասին իմանա»,- ասում է 13 տարվա պայմանագրային զինծառայողը:

 Վայոց Ձորի մարզի Խնձորուտ գյուղում բնակվող Խաչիկը  ոչ միայն իր այլ նաև ջոկի խնդիրներն է ներկայացնում: Ասում է` սահմանին կանգնած մտածում են, վարկերի, պարտքերի ու տուն գոնե հաց տանելու մասին:

«Կառավարությունում չգիտե՞ն, որ պայմանագրային զինծառայողները սոցիալապես վատ պայմաններում են ապրում՝ պարտքերի ու վարկերի տակ խորտակված  ենք: Չենք կարողանում մեր տունը պահել: Չենք ասում տան համար ինչ-որ բան առնենք կամ վերանորոգում անենք, զուտ սոցիալական խնդիրները չենք կարողանում լուծել: Ուզում ենք, որ մեր կառավարությունը մեր խնդիրներին ուշադրություն դարձնի:

Ես իմ պարտականութնությունները ռեժիմով կատարել եմ: Շնորհակալ եմ իմ հրամանատարական կազմին, որ իմ և իմ ջոկի աշխատանքը գնահատել են: Սա է միակ պատճառը, որ մինչև հիմա մնացել եմ պայմանագրային ծառայող, թե չէ շուտ դուրս կգայի: Այսօր մենք՝ որպես սահմանպ պահող և սահմանապահ գյուղի բնակիչ շատ վատ ենք ապրում: Գոնե մեզ 350-400 հազար աշխատավարձ տան, ավտոբուսի վարորդի չափ էլ գոնե սահման պահողին փող չտան կամ պարեկի»,- ասում է նա և հույս հայտնում, որ կառավարությունը այս խնդրին լուծում կտա:

«Մեր կառավարությունը չպետք է թույլ տար, որ ես լինելով պայմանագրային զինծառայող նման հարց բարձրաձայնեի: Շարքային պայմանագրայինն այսօր ստանում է 185 հազար դրամ աշխատավարձ և ոչ մի տիպի պարգևավճար չի ստանում: Սահման պահողին պարգևավճար տալու բյուջե չկա՞, թե միայն նախարարությունները, կառավարությունը և պատգամավորները պետք է ստանան: Սահման պահողը համեստ է, խելոք է, խրամատ  է սարքում, ուրեմն ինքը պետք է չստանա՞: Այսօր պայմանագրայինը քիչ գործ չի անում, սահման է պահում, խրամատ է փորում, ցրտին, մառախուղին հակառակորդի հետ անմիջական շփման գծում ստանում է 185 հազար դրամ: Ես էլ պոստի պատասխանատում եմ ստանում եմ 240 հազար դրամ: Նայում ենք կառավարության անդամների, պատգամավորների հայտարարագրերը ցույց են տալիս, թե ինչքան փող, ավտոներ տներ ունեն, իսկ մենք մեր հարազատներին ցույց ենք տալիս, թե բանկերում ինչքան վարկեր ու գրավադրված ոսկիներ ունենք»,- ասում է նա:

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest