Մարտիրոս Սարյանը Հադրութի Նոր Թաղել գյուղում ապրող ընտանիքի հինգ զավակներից մեկն էր: 44-օրյա պատերազմից եւ դրանից ամիսներ շարունակ լուր չունենալուց հետո, ծնողներին հայտնի է դարձել, որ նա զոհվել է պատերազմի հենց առաջին օրը:
«Մարտիրոսը երկրորդ որդիս էր: Ծառայում էր Հադրութում: Արդեն մեկ տարի ինը ամիս ծառայել էր, շուտով պետք է տուն վերադառնար: Պատերազմի առաջին օրվանից անհասանելի էր: Ոչ մի տեղեկություն չէինք կարողանում գտնել նրա մասին: Մեկն ասում էր, թե վիրավոր վիճակում Ստեփանակերտի հոսպիտալում է, մյուսն ասում էր, թե դիրքերում է, էն մյուսն ասում էր, թե նրան տարել են Երեւան: Ամեն տեղ փնտրել ենք: Փաստորեն ինքը առաջին օրն է զոհվել», — պատմում է զոհված զինծառայողի մայրը` էլմիրա Աբաղյանը:
Նրա խոսքով, պատերազմի մեկնարկից սկսած ինքը ամեն ձեւ փորձել է տեղեկություն ստանալ Մարտիրոսի մասին, ամենուր փնտրել է նրան, անգամ երբ իրենց գյուղը արդեն դատարկվել է, ինքը չի ցանկացել հեռանալ, քանի որ ցանկացել է մոտ մնալ ծառայող որդուն.
«Հոկտեմբերի 5-ի երեկոյան գյուղի 70 տոկոսն արդեն դուրս էր եկել, երկու փոքր որդիներս հետս էին: Իսկ ամուսինս ու մեծ տղաս Մարտիրոսին էին փնտրում: Ամսի հինգին հաղորդվեց, որ թշնամին մտել է Հադրութ: Գյուղում արդեն երեխա չկար, միայն իմ երեխաներն էին: Ամուսինս ու մեծ տղաս մնացին գյուղին, ես փոքրերին հանեցի գյուղից: Հոկտեմբերի 20, թե 21-ին զանգեցի մեծ տղայիս, ասեց` մամ արդեն գյուղը չկա, գյուղը դատարկված է»:
Նախ Գորիս, ապա Երեւան տեղափոխվելուց հետո զինվորի մայրը շարունակել է փնտրել որդուն, սակայն ամիսներ շարունակ որեւէ լուր հնարավոր չի եղել ստանալ:
«2021-ի ապրիլի 14-ն էր, արդեն յոթ ամիս էր, ինչ տղաս անհետ կորածների ցուցակներում էր գրանցված, զանգեցի նախարարություն, հարցրեցի` տեղեկություն չկա ՞, ասեցին` ոչ: Ժամը հինգի կողմերը նախարարությունից զանգեցին, ասեցին` ձեր տղայի դիակը կա»,- հիշում է էլմիրա Աբաղյանը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Մարտիրոսը սեպտեմբերի 27- ին ժամը 12:30-ին գլխի հատվածում հրազենային վնասվածք է ստացել ու տեղում մահացել է. «Ինքը դիտակետի վրա էր: Հատուկ սարքով տարածքի դիտարկում էր իրականացնում: Ինքը իր դիրքում էր, երբ այդ դեպքը եղել է»,- ասում է մայրը:
Մարտիրոս Սարյանը հուղարկավորված է Եռաբլուրում, նրա հարազատներն այժմ ապրում են Կոտայքի Քանաքեռավան համայնքում:
Մայրն ասում է, որ Հին Թաղերում մնացին իր եւ մյուս ընտանիքների տունը, ամբողջ ունեցվածքն ու կյանքը, սակայն որդու կորուստը իր կյանքի ամենամեծ կորուստն է:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: