«Հայրիկի ծննդյան օրը պատերազմը սկսվեց, իմ ծննդյան օրը էրեխուս լուրը հայտնեցին, 40 օր հետո հրադադարը կնքվեց»: 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Եղոյանի մոր` Հասմիկի խոսքերն են:
Եղոյանների ընտանիքը բնակվում է Կոտայքի մարզում` Քանաքեռավանում, զբաղվում է այգեգործությամբ: Արսենը ընտանիքի երեք երեխաներից մեկն էր: Բանակից հետո նա ցանկանում էր այդ գործում օգնել հորը:
Հարազատները պատմում են, որ տղայի ծառայությունը հանգիստ էր անցնում, նա որեւէ բանից չէր դժգոհում, ծառայում էր Կապանում: Սակայն 2020-ի սեպտեմբերի 4-ին տեղափոխվել էր Ջրական` զորավարժությունների: Նա ծնողներին վստահեցրել էր, որ հոկտեմբերի 2-ին կվերադառնա զորամաս եւ կանցնի իր սովորական ծառայությանը:
Այն մասին, որ պատերազմ է սկսել, ծնողները իմացել են ուշ` հարեւաններից: Այդ օրը Արսենի հոր` Մերուժան Եղոյանի ծննդյան օրն էր: Որդին զանգահարել էր հորը, ջերմ եւ ուրախ շնորհավորել էր, մի քիչ զրուցել, սակայն պատերազմի մասին որեւէ բան չէր ասել: Նրանից վերջին զանգը հնչել է սեպտեմբերի 30-ին: Հոկտեմբերի 2- ին` մոր ծննդյան օրը հայտնի է դարձել Արսենի զոհվելու մասին լուրը:
Մերուժան Եղոյանը սեփական հետաքննությունն է արել` պարզելու համար, թե ինչպես եւ ինչու է զոհվել որդին:
«Փնտրեցի ընկերներին, ովքեր ողջ են մնացել, հրամանատարությունից մարդիկ եկան: Տղաները մինչ այդ ունեցել են յոթ հաշվարկ, որից վեցը խփվել է, մնացել է մեկը: Մեկով իրենք հետ են քաշվել, լիցքավորել են, նորից եկել են դիրք, կրակել են, ու ամբողջ օրը այդպես: Այդ հաշվարկի վրա եղել են ինը հոգի, որից յոթը զոհվել են: Ես նույնիսկ տեսագրությունը ունեմ այդ պահի… », — ասում է զոհված զինծառայողի հայրը:
Արսեն Եղոյանի հայրն ասում է, որ որդու մահվան հանգամանքներում շատ մութ բաներ կան.
«Մատակարարումը ընդհանրապես չի աշխատել: Սնարյադներ պետք է տանեին տղաներին, բայց չեն տարել: 2 կմ այն կողմ ձորակում դատարկել են, տղաները մեքենան դիրքից հանել են, մեկը մեկին օգնելով ինչքան կարողացել են ձեռքով այդ հարյուր կգ-անոց սնարյադը զապռակվա են արել, եկել են դիրք ու կրակել են: Իրենց հետ եղել է միայն դասակի հրամանատարը, ով նրանց հետ զոհվել է: Ոչ մարտկոցի հրամանատարն է եղել… ճիշտ է` տեսել եմ: Կապանի զորամասում խաչքար դրեցին, գնացինք այդ արարողությանը: Այնտեղ Մարտական ծառայության մեդալով պարգեւատրեցին: Որ ճիշտն ասեմ` ես հպարտ չեմ, ես չէի ուզում հերոս տղա ունենալ, ես կուզենայի, որ նա կողքիս լիներ: Ինքը ինձ այստեղ էր պետք» :
Նրա խոսքով, ինքն ու ընտանիքը մինչ օրս չեն կարողանում հաշտվել տեղի ունեցածի հետ: «Փորձում ես ուժ գտնել, ուզում ես նորից ապրես, բայց չես կարողանում: Ամեն վայրկյան սպասում ես, որ գալու է…»,- ասում է զոհված զինվորի հայրը:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: