Չորս ամիս առաջ Նախիջևանի դիրքերից անհետացած պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի կնոջը՝ Լիանա Մելիքսեթյանին, Պաշտպանության նախարարությունում տարակուսելի պատասխան են տվել, երբ վերջինս երեկ հետաքրքրվել է, թե ինչ փուլում են ամուսնու որոնողական աշխատանքերը: Լիանան երկու անչափահաս երեխաների հետ Եղեգնաձորից հասել էր Երևան, որ հանդիպեր նախարար Սուրեն Պապիկյանի հետ, բայց նրան ընդունել է ՊՆ-ից մի պաշտոնյա ու ինչպես Լիանան է փոխանցում ասել.
«Պողոսյան ազգանունով մեկը, պաշտոնը չգիտեմ, ինձ ասաց՝ այս չորս ամիսների ընթացքում, հնարավոր է ամուսինդ մի տեղ պախկվել է, չենք կարողանում գտնել: Ես էլ ասեցի՝ որտե՞ղ է պախկվել, արեք գտեք, տվեք ինձ: Ինձ համար շատ վիրավորական պատասխան էր: Չէի պատկերացնում, որ ՊՆ-ից նման պատասխան կստանայի: Ինձ ասում են՝ գնա Քննչական կոմիտեն, այնտեղից ասում են գնա ՊՆ: Մեկը գցում են մյուսի վրա: Մեզ գժի տեղ են դրել»:
Վահե Մանուկյանի անհետանալու մասին Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել: Վահե Մանուկյանը 2021 թվականի նոյեմբերի 12-ից անհետ կորած է, այս մասին, սակայն, հանրությանը հայտնի դարձավ միայն 2022 թվականի հունվարի 26-ից, երբ տեղեկությունը հրապարակեց forrights.am: Արդեն չորս ամիս անց պայմանագրային զինծառայողից նորություն չկա: Ավելի վաղ գրել էինք, որ Վահե Մանուկյանը անհետ կորել է միջդիրքային ճանապարհին: Այս տեղելությունը մեզ նրա կինն էր փոխանցել:
«Դիրքերում ընկերներից մեկը Վահեին խնդրում է գնալ մյուս պոստից իր վեշը բերել, քանի որ ոտքից վիրավոր է լինում, իրենք պատերազմի մասնակիցներ են: Ամուսինս չի մերժում, գնում է: Ընկերոջ վեշը վերցնում է, հետը երկու հատ էլ շուն է լինում, հետ վերադառնալու ամբողջ ճանապարհին հեռախոսով իմ հետ է խոսում: Խոսակցությանա ընթացքում տղայիս է ուզում, տղաս էլ դրսում է լինում, մինչև կանչում եմ, հետ եմ գալիս, նորից եմ զանգում, արդեն անհասանելի է լինում: Իմ մտքով չի անցնում, որ ինքը կորել է: Ինձ, երեկոյան Վայքի ռազմական ոստիկանությունն է գալիս, տեղեկացնում: Ճանապարհին կորում է, սա ոնց հասկանանք: Ընկերներն էլ մինչև ժամը վեցը-յոթը չեն իմացել, որ ամուսինս չկա: Շատ ուշ են սկսել փնտրել»,- ավելի վաղ ասել էր Լիանա Մելիքսեթյանը:
Կինն այժմ ամուսնու անհետանալու երկու վարկած է շրջանառում: «Ես ասում եմ՝ կամ ամուսնուս սպանել են, կամ գերի է ընկել»,-ասում է նա, իսկ ահա պետական մարմինները վարկածներից որևէ մեկը չեն հերքում կամ հաստատում:
Օրերս Մանուկյաների ընտանիքին առաջարկել են գնալ և ԴՆԹ նմուշ հանձնել, որպեսզի ըստ անհրաժեշտության նույնականացում իրականացնեն Վահե Մանուկյանի հավանական դիակի հետ:
Վահեի գտնվելու վայրի անորոշության ֆոնին ընտանիքը վիճակը նաև սոցիալական խնդիրներն են ծանրացնում: Ամուսնու անհետ կորելուց հետո երեք անչափահաս երեխաների հոգսն ամբողջությամբ մնացել է Լիանայի ուսերին: Լիանա Մելիքսեթյանն ասում է՝ տուն և աշխատանք չունի, երեխաներին պահում է 35 հազար դրամ նպաստով: Դիմել է Վարչապետի աշխատակազմ, պաշտպանության նախարարություն, բայց «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը» կարգախոսով իշխանությունները, որոնք աչքի են ընկնում ճոխ պարգևավճարներ բաժանելով, մերժել են, ասել են՝ բյուջեում նման դեպքերի համար փող չկա:
Վարչապետին ուղղված դիմումը վերահասցեագրվել էր ՊՆ, որտեղից էլ պատասխանել են․
«Դուք ընդգրկված չեք ՀՀ ՊՆ համակարգի բնակարանային մակերեսի կարիքավորների հաշվառման հերթացուցակում։ ՀՀ կառավարության 2018 թվականաի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ բնակարան ձեռք բերելու համար պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեն ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) կամ զինվորական ծառայության ժամանակ վնասվածքներից, խեղումներից և առաջացած հիվանդություններից հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքները, որոնց ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից տրվել է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի կամ հաշմանդամ դարձած զինծառայողի կարգավիճակը հավաստող տեղեկանք»։
Այսօրվանից Լիանա Մելիքսեթյանին ու նրա երեք անչափահաս երեխաներն անօթևան են՝ վարձակալած բնակարանի սեփականատերը նրանց դուրս է հրավիրել, Լիանան ասում է՝ պատճառը վարձը չվճարելն է: Նա պետությունից խնդրում է՝ իրեն և երեխաներին մի կարգավիճակ տալ, սոցալապես աջակցել, մինչև ամուսնու գտնվելու վայրը հստակեցվի:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: