2020 թվականի 44-օրյա պատերազմից մեկ ու կես տարի անց անհայտ է հազարավոր զինծառայղների զոհվելու հանգամանքերը: Այս անորոշության ֆոնին զինվորների ծնողներն են փորձում տեղեկություններ հավաքել, թե իրենց որդիներն ինչ հանգամանքերում են զոհվել: forrights.am-ը մարտի 3-ին անդրադարձել էր Առնոլդ Հովսեփյանի զոհվելու հանգամանքներին: Նրա հայրը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ որդին մարտերին մասնակցել է Ջեբրայիլի Անանուն կոչվող բարձրունքում, հրամանատարը լքել է նրան ու ծառայակիցներին, հայտնվել են շրջափակման մեջ և զոհվել:

Մեր հրապարակումից հետո forrights.am-ի հետ կապ է հաստատել 44-օրյա պատերազմ զոհված Կարեն Անոտնյանի հայրը՝ Բենիկ Անտոնյանը և նշել, որ որդին ևս եղել Անանուն բարձրունքում:

«Անանուն բարձրունքում եղել են 9 հոգի՝  լեյտենանդը,  երկու սերժանտ՝ դեմբել և վեց զինծառայող, որից մեկն իմ որդին: Լեյտենանդը երկու սերժանտներին վերցրել ու փակել է՝ առանց երեխեքի մոտ ռացիա թողնելու: Գնալուց էլ ծաղրելով ասել է՝ տղեք, պատկերացնու՞մ եք ես գնամ, ձեր հետ մի բան լինի ու էլ չտեսնեմ ձեզ ու իջել է»,- ասում է Բենիկ Անտոնյանը և նշում, որ հրաման է եղել այդ հատվածից նահանջել, բայց քանի որ տղաների մոտ կապի միջոց չի եղել, չեն լսել ու մնացել են բարձրունքում, ապա հայտնվել շրջափակման մեջ ու զոհվել:

Անանուն բարձրունքում կռված տղաների ծնողները նշում են, որ հոկտեմբերի երեքի լուսաբացին թուրքական հատուկ ջոկատայիններին հաջողվել է ներթափանցել բարձրունք և ունենալով ուժային առավելություն՝ մահացու հրազենային վիրավորում հասցրել հայ զինվորներին: Այս տեղեկությունները զինծառայողների ծնողներին փոխանցել է Անանուն բարձրունքում ողջ մնացած տղաներից մեկը, որը գերեվարվել, ապա հայրենադարձվել է Հայաստան:

Բենիկ Անտոնյանը նշում է՝ գերությունից վերադարձած զինծառայողը կաշկանդված է: Նրան վախեցնում են լեյտենանդի հետ ենթադրյալ փախուստի դիմած սերժանտները:

«Լեյտենանդի հետ փախած սերժանտները գերությունից վերադարձած տղային գնացել հիվանդանոցում վախեցրել էին, ասել էին՝ տղերքը մահացել են, խի ես լեյտենանդի վրա գրում: Մեզ մոտ անպատասխան է մնում հարցը, որ իրենք գնում էին, խի էին ռացիան տանում: Եթե երեխաների մոտ ռացիա լիներ՝ նահանջ կտային»,-ասում է հայրը:

Բենիկ Անտոնյանին և Անանուն բարձրունքում զոհված մյուս տղաների ծնողներին վերջերս վրդովվեցրել էր այն հանգամանքը, որ նշյալ լեյտենանդի մասին Պաշտպանության նախարարության «Զինուժ» հեռուստածրագիրը ռեպորտաժ էր պատրաստել՝ նրան ներկայացնելով որպես հերոս ու հեռարձակել Առաջին ալիքով:

«Այսօր այդ լեյտենանդն աշխատում է, այսօր այդ լեյտենանդին «Զինուժը» նկարում է,  ուզում են հերոս դարձնեն: Իրականում մեր էրեխեքն են հերոս, իրենց զենքերը պրծել է, չեն փախել, գնացել թուրքերի զենքերն են վերցրել, որ էլի կռիվ անեն: Այս ամենը մեզ գերությունից վերադարձած զինվորն է պատմել, որն իրենց հետ է եղել: Մենք գնացինք Հ1-ով, Պն-ով խառնեցինք իրար նոր այդ ռեպորտաժը հանեցին»,- ասում է նա:

Կարեն Անտոնյանը Չարենցավանից էր՝ ժամկետային զինծառայող: Հայրն ասում է, որ կես տարի ծառայել է Գյումրիում, ապա կրտսեր սերժանտի կոչում ստացել ու տեղափոխվել Արցախ: Պատերազմից մի քանի օր առաջ՝ սերժանտի կոչման է արժանացել, սակայն, նոր կոչումը չի հասցրել ստանալ՝ պատերազմ է սկսվել:

«Սեպտեմբերի 24-ին իջել է դիրքերից, բայց 25-ին էլ հանել են դիրքեր ու պատերազմը սկսվել է: Տղես այդպես էլ սերժանտի կոչումը չստացավ, բայց թղթերը որ մեզ տվեցին՝ նշված էր սերժանտ»,- ասաց հայրը:

Պատերազմը սկսվելուց հետո ընտանիքը Կարենի հետ առաջին և վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 29-ին: Դրանից հետո կապ չի եղել, Կարենը զոհվել է հոկտեմբերի 3-ին: ԴՆԹ-ով նրա  մահը հաստատվել է 2021 թվականի  մարտի 8-ին:

Հ.Գ. թեմայի վերաբերյալ առաջիկայում կներկայացնենք նաև Անանուն բարձրունքում զոհված զինծառայողների հարազատների և ողջ մնացած զինծառայողների տեսակետները:

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest